Լրահոս

27.10.2015 14:22


Սնկից թունավորվածներից մեկը 10 ամսական է

Սնկից թունավորվածներից մեկը 10 ամսական է

Մուրացան համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացել, որ հոկտեմբերի 23-26-ը սնկային թունավորումով 6 երեխա է հոսպիտալացվել:

ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառ է հանդիսացել տուժածների կողմից դաշտից հավաքված սնկերի օգտագործումը: Դեպքերն արձանագրվել են Արագածոտնի և Արարատի մարզերում: Բժշկական կենտրոնում տուժած երեխաներին (նրանցից ամենափոքրը 10 ամսական դեռ չկա, իսկ ամենամեծը 15 տարեկան է) ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն։ Բժիշկների գնահատմամբ հիվանդների վիճակը բավարար է. երեքը դուրս է գրվել, մյուսների բուժումը շարունակվում է:

Ընդամենը մի քանի օր առաջ Արագածոտնի մարզում սնկային թունավորման 2 դեպք էր արձանագրվել։ Նման դեպքերից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է`

• երեխաներին և հղի կանանց խորհուրդ չի տրվում սննդում օգտագործել սունկ,

• չհավաքել, չգնել և սննդում չօգտագործել չստուգված սնկեր,

• սունկը գնել միայն շուկայից և խանութից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում,

• թունավորման ախտանշաններն ի հայտ գալուն պես շտապ դիմել բժշկի:

Հիշեցնենք, որ սնկային թունավորման նախնական ախտանշաններն են` սրտխառնոց, փսխումներ, գլխապտույտ, գլխացավ, ցավեր որովային շրջանում, փորլուծություն:

ՀՀ առողջապահության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը