Կարծիք

25.10.2015 14:40


Էդվարդ Անտինյան. «Այս փուլում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չկա»

Էդվարդ Անտինյան. «Այս փուլում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չկա»

Սիրելի հայրենակիցներ,
Այս տարվա փետրվարյան հայտնի դեպքերից հետո այնպիսի խոր հիասթափություն եմ ապրել, որ դեռ չեմ կարողանում ինձ տրամադրել հրապարակային այս կամ այն հարցի վերաբերյալ տեսակետ հայտնելուն: Դա առաջին հերթին գալիս է նրանից, որ անկեղծորեն հավատացել եմ «Համաժողովրդական շարժման» հաղթանակին ու ազնվորեն լծվել այդ պայքարին: Եվ քանի որ չունեմ մեր գավառամիտների ճարպկությունը, չէի կարող, շարժումը դեռ չտապալված, անմիջապես սրան-նրան բրթբրթոտելով՝ հասնել ուժեղին ու նրա «կրոնն ընդունելու» պատրաստակամությունս հայտնել: Դրա համար հատուկ հատկանիշներ են հարկավոր: Ցավոք, թե բարեբախտաբար՝ ես դրանք չունեմ:
Իմ մի շարք հրապարակումներում ժամանակին ներկայացրել եմ, որ այս փուլում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չկա, ու այս գրառմամբ հաստատում եմ նախկինում հնչեցրած տեսակետս: Պարզաբանելու իմաստ չեմ տեսնում, քանի որ դրանով կներքաշվեմ բովադակային քննարկումների մեջ, իսկ հիասթափված քարոզչի կարծիքն ո՞ւմ է հետաքրքրում: Եթե աչքերիդ մեջ կրակ չկա, խոսքերիդ մեջ՝ վճռականություն, ավելի լավ է ոչ թե միանալ «Ոչ»-ի որևէ ճամբարի, այլ՝ անդամագրվել հիասթափված, բայցև ոչ մի պարագայում սկզբունքներին չդավաճանածների «վիրտուալ խմբին»: Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ընթացքում սա իմ առաջին ու վերջին հրապարակային խոսքն է: Այս գրառումը տեղ չի գտնի իմ ենթակայության տակ գործող լրատվական կայքերում, քանի որ փորձում ենք առավելագույնս անկողմնակալ լինել:
Վստահեցնում եմ, որ սա իմ անձնական կարծիքն է. համաձայնեցված չէ ո՛չ նախկին, ո՛չ ներկա և ո՛չ էլ հավանորեն ձևավորվելիք թիմերի հետ: Ուղղակի՝ ինձ չէի հարգի, եթե մեր երկրի համար այս բախտորոշ պահին թիվ մեկ օրակարգային հարցի վերաբերյալ տեսակետս չբարձրաձայնեի: Սա միայն ձեզ համար չէ, այլ՝ առաջին հերթին ի՛նձ համար:

Էդվարդ Անտինյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը