Մեկնաբանություն

29.09.2010 20:57


Իշխանամետներն էլ են լաց լինում

Իշխանամետներն էլ են լաց լինում

Վերջերս «Չորրորդ ինքնիշխանություն»  թերթում տեղեկատվություն էր հրապարակվել այն մասին, որ կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը լքել է Հայաստանը և մշտական բնակության մեկնել Կանադա։ Ըստ թերթի ունեցած տեղեկությունների,  Մարտիրոսյանի՝ ընտանյոք հանդերձ արտագաղթելու  պատճառն այն է եղել, որ էլիտար շենքում նրան չի հաջողվել բնակարան գնել։ Բանն այն է, որ կոմպոզիտորը կանխավճար էր տվել նորակառույցի համար և սպասել իր բնակարանամուտին, բայց քանի որ ճգնաժամը հարվածել է նաև անշարժ գույքի շուկային, ուստի շինաշխատանքները կանգ են առել ու Մարտիրոսյանը հայտնվել է խաբված վիճակում՝ չկարողանալով դառնալ էլիտար բնակարանի տեր ու հետ չստանալով նախապես վճարած գումարը։

Ասում են, հարցը լուծելու նպատակով Ա. Մարտիրոսյանը դիմել է անգամ նախագահ  Սերժ Սարգսյանին, ում նախաձեռնած շոու միջոցառումներին բազմիցս է մասնակցել ջազմենը, սակայն այդպես էլ ոչ մի դրական արդյունքի չի հասել։ Ի վերջո, տեսնելով որ ոչինչ չի ստացվում ու Ս. Սարգսյանի հետ ունեցած կապերն էլ օգուտ չեն բերում՝ հավերժ իշխանամետ ու պալատական կոմպոզիտորի կարգավիճակ ունեցող Մարտիրոսյանը որոշում է մեկնել Կանադա։

Ցավալի է, իհարկե, որ տաղանդավոր այդ երաժիշտը լքեց Հայաստանը։ Հիշեցնենք, որ Մարտիրոսյանն էր հեղինակը «Կարմիր, կապույտ, ծիրանագույն» երգի, որը համարյա հայկական երկրորդ հիմնի պես մի բան էր դարձել։ Իսկ հիմա այդ մարդը հեռացել է երկրից, և դա տխուր է։

Այս պատմության մեջ կա մի «նուրբ» հանգամանք, որի վրա կուզենայի հրավիրել բոլորի ուշադրությունը։ Երբ իմացա, որ Մարտիրոսյանը, «քցվելով» բնակարանի գնման գործում, յուրօրինակ բողոք է ներկայացրել ՀՀ-ում գործող բարքերի դեմ և որոշել է լքել Հայաստանը, փորձեցի հիշել, թե ինչով էր զբաղված մեր տաղանդավոր երաժիշտը մինչև այդ պահը։ Նա հավերժ իշխանամետ էր։ Սերժ Սարգսյանի պաշտպանության նախարար եղած ժամանակ Երևանի փողոցներում սուրում էր մի  մեքենայով, որի վրա ՊՆ-ի համարինշներ էին, ինչը, ենթադրաբար, այլ կարգավիճակ էր տալիս Մարտիրոսյանին ու նա, ի տարբերություն շարքային քաղաքացիների, ոստիկանության հետ խնդիրներ չէր ունենում։ Մինչև «քցվելը» Մարտիրոսյանը, բնականաբար, որևէ անգամ չէր փորձում իր բողոքի ձայնը բարձրացնել՝ ի պաշտպանություն Հյուսիսային պողոտայի, Կոզերնի կամ «պետության կարիքների» անվան տակ սեփական բնակարաններից վտարվածների ոտնահարված իրավունքների. կարևորը Պն-ական համարանիշներն էին ու իշխանության «գլամուրային» միջոցառումների մշտական մասնակիցը լինելու հնարավորությունը։

Մարտիրոսյանը, մինչև Կանադա մեկնելը, «բարձրաշխարհիկ» ջազմենի իմիջի մեջ էր, իշխանությունների սիրելին ու ոչինչ չէր տեսնում, կամ էլ չէր ուզում տեսնել։ Եվ ահա հայաստանյան խաղի կանոնների զոհը դարձավ նաև ինքը, չդիմացավ անարդարությանը և հեռացավ հայրենիքից։

Հետաքրքիր է, Ա. Մարտիրոսյանը հիմա հասկացե՞լ է, որ իր «քցված» լինելու մեջ ինքն էլ է մեղավոր այն պարզ պատճառով, որ մշտապես իշխանական կերակրատաշտից է սնվել ու ծպտուն չի հանել ո՛չ կեղծված ընտրությունների, ո՛չ սեփական տներից վտարված բնակիչների և ո՛չ էլ այլ անարդարությունների մասին։

Հասկացե՞լ է արդյոք Մարտիրոսյանը, որ երբ Սերժ Սարգսյանն իր և իր նմաններին ֆոն էր սարքում նախընտրական տեսահոլովակներում ու կամերային միջոցառումների ժամանակ՝ էդ օրերին դրվում էին նաև իր «քցվելու»  հիմքերը։

Հասկացե՞լ են արդյոք մյուս «գլամուրային» դեմքերը, որ իշխանություններին քծնելն ու նրանց կազմակերպած միջոցառումներում «զադնի պլանի» դեր խաղալը որևէ նշանակություն չունի ու մի օր իրենք էլ են դառնալու հայաստանյան խաղի կանոնների զոհը։

Անշու՛շտ, ցավալի է, որ հերթական հայ ընտանիքը լքեց երկիրը։ Կրկնակի ցավալի է, որ լքում է Արմեն Մարտիրոսյանի պես տաղանդավոր ու ճաշակ ունեցող երաժիշտը, բայց դա նաև օրինաչափ է։ Եթե ոմանց թվում էր (է), թե իրենք իշխանությունների հետ մոտիկ լինելով կամ պետական ռեսուրսների թալանի փշրանքներից օգտվելով  կարող են չնկատելու տալ մեր երկրում առկա անարդարությունները, ապա նրանք չարաչար սխալվում են։ Մի օր այդ ամենը կարող է չոքել նաև իրենց դուռը։     Կյանքը բումերանգ է։ Մարտիրոսյանի օրինակը ասվածի վառ ապացույցն է։

Մի հարց էլ. Մարտիրոսյանը զրկվեց բնակարան ունենալու հեռանկարից, վիրավորվեց մեր երկրից ու իշխանություններից և հեռացավ։ Բա ի՞նչ անեն այն մարդիկ, ովքեր չունեն Մարտիրոսյանի կապերն ու չեն կարող հայտնվել կանադաներում։ Չէ՞ որ նրանք էլ են «քցվել»։ Մեկը բնակարանից է զրկվել, մյուսը՝ փոքր բիզնեսից, իսկ էն մյուսը՝ աշխատանքից։

Ելքն, ըստ իս, մեկն է։ Պայքարել է պետք։ Պայքար այս համակարգի ու դրա պարագլուխների դեմ։ Այլապես արտագաղթը ահագնացող չափերի կհասնի ու «սև» հումորը՝ վերջին հայի օդակայանի լույսը հանգցնելու մասին իրականություն կդառնա։ «Նո պասառան»։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը