Կարծիք

24.10.2015 10:50


Հայրիկի նման մեծագույն հային նոր-նո՞ր են որոշում պատվել (տեսանյութ)

Հայրիկի նման մեծագույն հային նոր-նո՞ր են որոշում պատվել (տեսանյութ)

Մեր սերունդը տեսել ու լսել է Հայրիկին, նրա անեղծ երգը, որ երգ էլ չէր, այլ զրույց էր քեզ հետ: Մեղմ, խաղաղ, հոգեպարար զրույց է Հայրիկի երգը:
1980-ականներին Հայրիկի ստեղծած «Ակունք» ազգագրական խմբի ցանկացած ելույթ, որ տեղի էր ունենում Պոլիտեխնիկ ինստիտուտի դահլիճում, ազգային ոգու հրավառություն էր: Լեփ-լեցուն դահլիճը ասես «հիպնոսանում» էր՝ լսելով Հայրիկի ձայնը: Իսկապես, մթնոլորտը ցնցող էր. ներկաներն անգիր գիտեին բոլոր երգերը եւ խմբի հետ միասին երգում էին: Մի զարմանալի, աննկարագրելի աուրա էր, ազգային ինքնագիտակցության փառահեղ պահ էր. ամեն հայ ավելի ու ավելի էր պաշտում հային ու հայությանը:
Հեռուսատեսությամբ էլ երբ հնչում էին Հայրիկի ձայնը եւ «Ակունքի» կատարումները, բոլորս մեր տներում երջանկանում էինք, անասելի մի գորով էր տարածվում մեր տներում, նաեւ` հայրենապաշտության զգացումն էր սրվում:
Ի դեպ, կեցցե՛ Ռադիոհեռուստապետկոմի նախագահ Ստեփան Պողոսյանը, որ այն ժամանակների համար խիզախ քայլ կատարեց. ազգագրական-ֆիդայական երգեր եթեր տալու համար կարող էր խստորեն պատժվել, բայց համարձակորեն իր ծրագիրն էր իրագործում:
Այսօր մի տեղ կարդացի, որ Երեւանի քաղաքապետարանը Հայրիկի անունով փողոց է անվանակոչելու` մեծ հայի ծննդյան 110-ամյակի կապակցությամբ...
Տնաշեննե՛ր, ուրեմն մինչև հիմա զառաների ու մնացած խաժամուժի հարցերն էին կարևո՞ր, եսիմ՝ որ թոկից փախածներին պատվավոր քաղաքացու կոչումներ տալն էր կարևո՞ր...
Հայրիկի նման մեծագույն հային նոր-նո՞ր են որոշում պատվել...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը