Լրահոս

22.10.2015 16:23


Ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանն ազատ արձակվեց

Ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանն ազատ արձակվեց

«Civilnet.am»–ը հաղորդում է, որ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 22-ին բավարարեց ցմահ դատապարտյալ, ազատամարտիկ, նախկին հետախույզ Սողոմոն Քոչարյանին հիվանդության պատճառով պատժից ազատելու միջնորդությունը և որոշեց ազատ արձակել նրան:

Իրանի քաղաքացի ադրբեջանցու սպանության համար 20 տարի առաջ մահապատժի, իսկ 2003-ին՝ ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանն ունի պատժի կրմանը խոչընդողտող մի շարք հիվանդություններ: Դատապարտյալների հիվանդանոցի ներկայացուցիչը, այսօր ավելի վաղ դատարանին ներկայացնելով միջնորդությունը, ասել էր, որ նա, մասնավորապես, ունի սրտի իշեմիկ հիվանդություն և պատժի կրման հետ անհամատեղելի այլ հիվանդություններ:

Դատախազության ներկայացուցիչը միջնորդությունը հիմնավոր էր համարել:

Դատական նիստին Սողոմոն Քոչարյանի շահեերի ներկայացուցիչ փաստաբան Գրիշա Բալասանյանն ասել էր, որ դեռ օգոստոս ամսին պարզ էր, որ իր պաշտպանյալն ունի նման հիվանդություններ, և բյուրոկրատական համակարգի պատճառով էր, որ նրա ազատ արձակման գործընթացը ձգձվեց:

Նա ներկայացրել էր նաև վիճակագրություն, ըստ որի` 2012-2014 թթ. ընթացքում Հայաստանում կալանավայրերում մահացել է 85 դատապարտյալ, որոնցից 14-ն ունեցել է պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդություն:

Սողոմոն Քոչարյանն այս պահին Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է: Փաստաբան Բալասանյանի խոսքով` նա ի վիճակի չէ տեղաշարժվել և առհասարակ ինքնուրույն որևէ գործողություն անել:

Մանրամասները՝ «Civilnet.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը