Քաղաքական

21.10.2015 11:00


Արա Աբրահամյան. «Մամուլի հետևի կանգնողներն են ըմբոստացել» (տեսանյութ)

Արա Աբրահամյան. «Մամուլի հետևի կանգնողներն են ըմբոստացել» (տեսանյութ)

Քաղաքական դաշտ մտնելու մտադրության մասին հայտնած ռուսաստանաբնակ գործարար Արա Աբրահամյանը Մոսկվայում բացառիկ հարցազրույց է տվել «Ազատությանը»։

–Պարո՛ն Աբրահամյան, ինչո՞ւ որոշեցիք մտնել հայաստանյան քաղաքական դաշտ։

–Դա բավականին երկար պատմություն է. փորձեմ շատ կարճ ասել։ Այսօր ժամանակն է վերադառնալ Հայաստան, երբեք Հայաստանը իմ մտքից դուրս չի եկել։ Երբ որ ես այստեղ բավականին լավ կացության մեջ եմ, ոչ մի խնդիր չունեմ, բավականին մեծ հաջողությունների եմ հասել, ֆինանսական վիճակը լավ է, գիտեմ, որ Հայաստանում կան խնդիրներ. դա չի թողնում՝ իմ խիղճը հանգիստ լինի։

–Դուք իսկապե՞ս մտերիմ եք Ռուսաստանի ղեկավարության հետ։

Ես ոչ միայն Ռուսաստանի ղեկավարության հետ եմ մտերիմ, ես տարբեր երկրների ղեկավարների հետ աշխատում եմ։ Ես կուզենայի, որ դուք ինքներդ փորձեիք վերլուծել. ես երկու ընկերություն ունեմ՝ «Согласие» և «Свобода», «Свобода»-ն իրավաբանական ընկերություն է, աշխատում է միջազգային ասպարեզում, «Согласие»-ն ներդրումային ընկերություն է, որ աշխատում է և՛ արդյունաբերության մեջ, և՛ տարբեր ուղղություններով՝ շինարարություն, այնտեղ, որտեղ շահավետ է, նավթային արդյունաբերություն, քիմիա... Ես այսքան տարի աշխատել եմ, երբեք չի եղել մի դեպք, 93 թվականից մինչև էսօր՝ 22 տարի, որ մի խնդիր առաջացած լինի։

–Պարո՛ն Աբրահամյան, իսկ Դուք նաև Հայաստանի քաղաքացի եք։ Եթե Հայաստանի բնակչությունը դեկտեմբերին կողմ քվեարկի սահմանադրական բարեփոխումներին, Հայաստանում կստեղծվի կառավարման նոր համակարգ։ Այդ նոր համակարգում նախագահ, վարչապետ, Ազգային ժողովի խոսնակ՝ ո՞ր պաշտոնին եք Դուք հավակնում։

Ցավոք սրտի, նոր Սահմանադրությամբ ես ոչ մի պաշտոն չեմ կարող զբաղեցնել։ Ես մեկ անգամ ևս ուզում եմ ասել՝ ուզում եմ ստեղծել շարժում, կուսակցություն, որպեսզի հավաքեմ համախոհներ, թիմ։

–Չեմ կարող զուգահեռներ չանցկացնել Բիձինա Իվանիշվիլիի հետ։ Նա էլ որևէ պաշտոն չի զբաղեցնում։ Այդ ճանապարհո՞վ եք ուզում շարժվել։

–Ես չգիտեմ, չեմ ուզում համեմատվել, ինձ անընդհատ ուզում են համեմատել որևիցե մեկի հետ։ Ընդհանրապես չեմ ուզում համեմատվել։

–Այս մի քանի ամսվա ընթացքում չի՞ կարող ինչ-որ մի բան պատահել, որ Ձեզ հետ կանգնեցնի այդ մտադրությունից։

Որևիցե բան չի կարող պատահել, որևիցե ուժ չի կարող ստիպել։ Ես այնպիսի բան չեմ անում, որ վախենամ. պետք է վախենան այն մարդիկ, որոնք ավելորդ խոսում են։ Ինձ թվում է՝ կգա ժամանակը, ամեն մեկն իր պատասխանը կստանա։ Տեսեք՝ ինչ են ասում՝ ռուսերեն չգիտի, հայերեն չգիտի, ինքը ինչ ասում է՝ ճիշտ չէ...

–Իսկ ինչո՞ւ է ըմբոստացել մամուլը Ձեր դեմ։

Ես չգիտեմ. ինձ թվում է՝ մամուլի հետևի կանգնողներն են ըմբոստացել, որովհետև իրենք գիտեն, որ կարող են իրենց տեղը կորցնել։

Մանրամասները՝ «azatutyun.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը