Լրահոս

19.10.2015 21:07


Տեսախցիկներն արձանագրել են գեղեցկության սրահում կատարված գողության դրվագը (տեսանյութ, լուսանկարներ)

Տեսախցիկներն արձանագրել են գեղեցկության սրահում կատարված գողության դրվագը (տեսանյութ, լուսանկարներ)

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի կենտրոնում գործող գեղեցկության սրահներից մեկում «Այֆոն 5» բջջային հեռախոսի գողության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Դեպքը տեղի է ունեցել 2015 թվականի սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում: Առերևույթ հանցագործություն կատարած անձը գեղեցկության սրահի պահարանի վրայից հափշտակել է «Այֆոն 5» մոդելի բջջային հեռախոս՝ քաղաքացուն պատճառելով զգալի չափի գույքային վնաս:

Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանշներով:

Քրեական գործով ստացվել են սրահում տեղակայված տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ երևում է, թե ինչպես է մի երիտասարդ հեռախոսը գաղտնի վերցնում և հեռանում։

Դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ հետազոտումն ապահովելու նպատակով միջոցներ ձեռնարկվում՝ հայտնաբերելու տեսագրության մեջ պատկերված անձին։

Ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին


Այս խորագրի վերջին նյութերը