Աշխարհ

29.09.2010 13:55


Թրքական հասարակության մեջ էթնիկ ինքնության ճգնաժամը գնալով խորանում է

Թրքական հասարակության մեջ էթնիկ ինքնության ճգնաժամը գնալով խորանում է

Թրքական մամուլում հաղորդագրություններ են տարածվել, թե թուրք ազգայնականները, ի պատասխան Աղթամարում սեպտեմբերի 19-ին կազմակերպված պատարագի, առաջիկա ուրբաթ խմբակային նամազ անցկացնելու նպատակով հավաքվելու են Անիի Մայր տաճարում:

Անդրադառնալով այս թեմային, թրքագետ Ռուբեն Մելքոնյանն ասել է, թե թրքական հասարակությունում տիրող հակաքրիստոնեական, հակահայկական տրամադրություններն իրենց արտացոլումն են գտնում նաև ներքաղաքական օրակարգում.

-Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում անցկացված պատարագը թրքական ընդդիմությունը փորձում է օգտագործել իշխող կուսակցության դեմ,-նշել է թրքագետը' ավելացնելով, թե բացահայտ քննադատություն են հնչում և՛ իշխող կուսակցության, և՛ վարչապետ Էրդողանի հասցեին առ այն, թե նա չափից ավելի հանդուրժող է և փորձում է վերակենդանացնել քրիստոնեությունը։ Ռ. Մելքոնյանը, սակայն, հավելել է, թե ինքը հակված չէ այդ տեսակետին, քանի որ դա իշխող կուսակցության հերթական քաղաքական քայլն էր, որով նա փորձեց ինչ-որ շահաբաժին ստանալ։

-Եվ այն, որ ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին պատրաստվում է Անիում նամազ անցկացնել, մեծ խանդավառություն է առաջացրել հասարակության շրջանում։

Ռ. Մելքոնյանն այս ամենին ավելացրել է՝ թրքական տարբեր աղբյուրներ նշում են, թե այդ նույն Դևլեթ Բախչելին հայկական ծագում ունի, նրա պապերը կրոնափոխ հայեր են եղել, և հիմա, երբ նա մտադիր է նամազ անել, միգուցե այդ ցանկությունը նրա մեջ իր պապերի կանչով է առաջացել.

-Կարող ենք նրան մաղթել, որ իր աղոթքով դիմի, որպեսզի ի վերջո իր էթնիկ ինքնությունը հստակեցվի, և իր համար էլ իրականում պարզվի, թե ինքն իրականում ով է։ Սա աբսուրդ է, որ Թուրքիայում ազգայնական կուսակցության ղեկավարին մեղադրում են հայկական ծագում ունենալու համար։

Բանախոսի խոսքերով՝ այս ամենը ցույց է տալիս, որ թրքական հասարակության մեջ էթնիկ ինքնության ճգնաժամը գնալով խորանում է և չի շրջանցում ոչ մի ասպարեզ։

Սյուզի Մելքոնյան

Այս խորագրի վերջին նյութերը