Մեկնաբանություն

18.10.2015 11:39


Սերժ Սարգսյանը ներկայացրեց իր ծրագրերը Հովիկ Աբրահամյանի ու Տիգրան Սարգսյանի մասով

Սերժ Սարգսյանը ներկայացրեց իր ծրագրերը Հովիկ Աբրահամյանի ու Տիգրան Սարգսյանի մասով

Օֆշորային սկանդալի գլխավոր հերոս Տիգրան Սարգսյանին, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը դժվարությամբ հանեց վարչապետի պաշտոնից (ստիպված էր)։ Հանելուց հետո էլ հայտարարեց, որ շա՜տ գոհ էր նրա աշխատանքից։

Ճիշտ է, Տ. Սարգսյանի վարչապետության շրջանում ՀՀ–ն լքել էին հարյուր հազարավոր քաղաքացիներ, աղքատությունն աճել էր երկնիշ տոկոսով, ներդրումները կտրուկ կրճատվել էին, արտաքին պարտքն ավելացել էր մոտ երեք անգամ, փոքր ու միջին բիզնեսը հայտնվել էր մահամերձ վիճակում, և, ի վերջո, տնտեսությունը հետ էր շպրտվել, սակայն ՀՀԿ ղեկավարն այլ չափանիշներ ունի, և ըստ այդ չափանիշների էլ նա դրական էր գնահատում Տիգրանին ու մինչև վերջ փորձում պահել նրան։

Այն ժամանակ կար քաղաքական ուժերի «քառյակ», որի պահանջով և շուրջօրյա հանրահավաքների անկանխատեսելի հեռանկարից խուսափելու համար Տիգրան Սարգսյանին Սերժ Սարգսյանն ուղարկեց հրաժարականի։

Հիմա պատկերն այլ է։ Այն ուժերը, որոնք հասան Տիգրան Սարգսյանի հրաժարականին, այժմ կա՛մ անցել են Սերժ Սարգսյանի կողմը, կա՛մ ահագին թուլացել են։ Ահա այդ ամենից ելնելով էլ գործող նախագահը փորձում է «հետողորմյա» անել իր սիրելի Տիգրանին։

Սկզբի համար ՀՀԿ ղեկավարը, օգտվելով այն հանգամանքից, որ ռոտացիոն սկզբունքով եկել է Հայաստանի հերթը, Տիգրանին առաջարկել է ԵՏՄ գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնում։ Այդպիսով փորձ է արվում ինտեգրել «արևմտամետ» Տիգրանին ռուսական շրջանակների հետ, որպեսզի հետո նրան Հայաստան բերելը դյուրացվի և ներկայացվի որպես Կրեմլի «դաբրո» ունեցող տղա։

Դատելով Սարգսյանի քայլերից՝ կարող ենք ասել, որ սահմանադրական հանրաքվեի արդյունքները «խփելուց» հետո Հովիկ Աբրահամյանը հեռացվելու է վարչապետի պաշտոնից։ Ասել է թե՝ գործող վարչապետին առավելագույնս օգտագործելու են այս փուլում և «բարի» ճանապարհ մաղթեն՝ իր «օժիտով» հանդերձ։

Ըստ ամենայնի՝ Ս. Սարգսյանը նախատեսում է նոր Սահմանադրության շրջանակներում վարչապետ բերել Տիգրան Սարգսյանին։ Համենայնդեպս, այդպես կարելի է գնահատել նրա քայլը՝ «օֆշորագետին» ԵՏՄ գործադիր մարմնի ղեկավար առաջարկելը։

Նոր Սահմանադրությունը Տիգրանի պես «մեխի գլուխ» ու կամակատար վարչապետ էլ ենթադրում է։

Հարցն այն չէ, որ Հովիկ Աբրահամյանը լսող ու կատարող չէ, և Սարգսյանն ուզում է անհնազանդին փոխարինել հնազանդով։ Հարցն այն է, որ տնտեսական գերմենաշնորհային հարաբերություններ ձևավորելու և «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու գործիքը Տիգրան Սարգսյանն է, այլ ոչ թե Հովիկ Աբրահամյանը, ում նույնպես «կուլակաթափություն» և անփառունակ «վախճան» է սպասվում, եթե հանկարծ «սահմանադրական» հեղաշրջման պլանը կյանքի կոչվի։

Տիգրանին կրկին «առաջ բրդելով»՝ Սերժ Սարգսյանը նաև «փչացնում» է այն ուժերին, որոնք պահանջում էին Տիգրանի հրաժարականը, և որոնք հիմա լծված են նոր Սահմանադրությանն «այո» ասելու քարոզչասայլին։ Նրանց, փաստորեն, ստիպելու են լիզել թքածը։ Դե, իսկ հանրության երեսին թքելու են Տիգրանի խայտառակ կերպարը վեր ցցելով։

Կստացվի՞ Սերժի այս ծրագիրը, թե՞ ոչ, այլ խոսակցության թեմա է։

Մեկ բան հստակ է՝ եթե ՀՀ քաղաքացիները համաձայն չեն վերը ներկայացված ծրագրի հետ, ապա պետք է «ոչ» ասեն նոր Սահմանադրությանը և տեր կանգնեն այդ «ոչ»–ին։ Կկարողանա՞ն։

Փետրվարին կար այդ հնարավորությունը, սակայն ոմանք վախեցան, ոմանք ծախվեցին, ոմանք մի կողմ քաշվեցին, մի ահագին մաս էլ (այսօր «ո՛չ» պոռացողներից) «էն գլխից» հաճախորդություն էր անում։

Թե ինչ կստացվի հիմա, պարզ կդառնա դեկտեմբերի 6–ին։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը