Կարծիք

16.10.2015 15:57


Եթե չկա իշխանություններից անկախ ֆինանսավորման աղբյուր, չի կարող լինել ազատ մամուլ

Եթե չկա իշխանություններից անկախ ֆինանսավորման աղբյուր, չի կարող լինել ազատ մամուլ

Այսօր հայկական մամուլի օրն է, և այս առիթով արժե խոսել մեր մամուլի ընդհանուր վիճակի մասին: Միանշանակ, կարելի է պնդել, որ, ընդհանուր առմամբ, մամուլը մեր երկրում ազատ չէ: Սրանք լոկ խոսքեր չեն: Եկեք տրամաբանենք: Եթե դուք ուսումնասիրեք մամուլի ազատության աղյուսակը, ապա կտեսնենք, որ տարիներ ի վեր այդ աղյուսակում առաջատարներ են այնպիսի երկրներ, որտեղ կայացած են տնտեսությունն ու շուկայական հարաբերությունները, երկրներ, որտեղ առկա է մրցակցային տնտեսական համակարգ (Ֆինլանդիա, Դանիա, Նորվեգիա, Շվեդիա):

Մրցակցային պայմաններում բիզնեսն ինքն է աջակցում ԶԼՄ-ին: Մամուլը դառում է մի միջոց, որի շնորհիվ բիզնեսը շփվում է հասարակության հետ, և, դրա հետ մեկտեղ, զգոն է պահում իշխանություններին, որպեսզի այդ պետությունում, օրինակ, չձևավորվի «փայ մտնելու» երևույթը: Եվ սա օրինաչափ է: Պարզ է, որ եթե վերոնշյալ երկրներում մամուլը հիմնականում ղեկավարվեր մեկ կենտրոնից, այդ կենտրոնում նույնպես խոսք չէր գնա մամուլի ազատության մասին:

Եթե մենք ուզում ենք ունենալ իսկապես ազատ մամուլ, մենք պետք է դեմոնոպոլիզացիայի ենթարկենք մեր տնտեսական և քաղաքական դաշտը։ Երբ ես ասում եմ «ազատ մամուլ», ես ի նկատի չունեմ այնպիսի մամուլ, որն իրեն թույլ է տալիս հայհոյախառն արտահայտություններով հոդվածներ տպագրել։ Պետք չէ ազատությունը խառնել ամենաթողության հետ։

Իրապես ազատ մամուլը պետք է խոսի երկրում առկա իրական խնդիրների մասին։ Օրինակ՝ մեզ մոտ հիմնական խնդիրը մեկ ընտանիքի տնտեսական և քաղաքական մենաշնորհն է։ Բայց սրա մասին 2-3 ԶԼՄ են խոսում, ուրիշները սա, կարծես թե, չեն նկատում։ Եվ չեն նկատում, որովհետև իրենք սնվում են այն նույն աղբյուրից, որը և ձևավորել է այդ մոնոպոլ իրավիճակը։ Հետևաբար, եթե երկրում չկա իշխանություններից անկախ ֆինանսավորման աղբյուր, ուրեմն այդ երկրում չի կարող լինել ազատ մամուլ։ Սա մեր իրականությունն է, և այլ բնույթի խոսակցությունները մամուլի ազատության մասին ուղղակի աբսուրդ են։

Հ․Գ․ Երկրում դեռ կա հնարավորություն՝ ավելացնել ազատ ԶԼՄ-ի քանակը, բայց դրա համար պետք է պատրաստ լինել լուրջ ներդրումներ անել։ Վերջերս «Foreignaffairs»-ում հոդված էր հրապարակվել, ըստ որի՝ դարեր առաջ եվրոպացիների կողմից աշխարհի 84 տոկոսի գաղութացումը պայմանավորված էր մի շարք հանգամանքներով, որոնցից կարևորագույնը, ըստ հեղինակի, այն էր, որ Եվրոպայի արքայական ընտանիքները պատրաստ էին ահռելի գումարներ ներդնել գաղութացման գործընթացը կազմակերպելու համար։ Նույնն էլ մեր մոտ է․ իշխանությունը ահռելի փողեր է ծախսում լրատվական դաշտը գաղութացնելու համար։ Եթե կա ցանկություն՝ ազատականացնելու լրատվական դաշտը, պետք է լուրջ ներդրումներ կատարել նոր՝ հայտնի կենտրոնից անկախ ԶԼՄ ստեղծելու համար։ Այլ պարագայում ոչինչ մեզ մոտ չի փոխվի, և մենք կունենանք արտաքնապես ազատ մամուլ, որը ենթակա կլինի մեկ մարդու։

Սևակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը