Աշխարհ

16.10.2015 17:10


Գերմանիան օրենք է ընդունել, որը թույլ կտա փախստականներին արագ հայրենիք արտաքսել

Գերմանիան օրենք է ընդունել, որը թույլ կտա փախստականներին արագ հայրենիք արտաքսել

Գերմանական Բունդեսթագը օրենքների փաթեթ է ընդունել, որոնք զգալիորեն խստացնում են ներգաղթային օրենսդրությունը։ Այս մասին հայտնում է «Deutsche Welle»–ն։

Օրենքի փոփոխությանը կողմ է քվեարկել 475 պատգամավոր, դեմ՝ 68, ձեռնպահ՝ 57։

Համաձայն նոր օրենքի՝ Ալբանիան, Կոսովոն և Չեռնոգորիան դասվել են անվտանգ երկրների շարքը, ինչը հնարավորություն կտա արագացնել այդ երկների քաղաքացիներին իրենց հայրենիք ուղարկելու գործընթացն ապաստան խնդրելու հարցով դիմումից հետո։

Բացի այդ, ծրագրվում է Գերմանիայից արտաքսել այն ներգաղթյալներին, որոնք ապաստան են խնդրում տնտեսական նկատառումներով։

Նշվում է նաև, որ այն ներգաղթյալները, որոնց՝ Գերմանիայում մնալու ժամկետը սպառվել է, կվտարվեն երկրից առանց նախազգուշացման։

Նոր օրենքով՝ ներգաղթյալները միայն մեկ ամիս ավելի վճարում կստանան, իսկ որոշակի խմբերի տրվող դրամական նպաստները կկրճատվեն։

Այսօր՝ հոկտեմբերի 16–ին, օրինագիծը կներկայացվի Բունդեսթագի քննարկմանը, իսկ հատատման դեպքում արդեն նոյեմբերից ուժի մեջ կմտնի։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայի իշխանությունները մինչև տարեվերջ 1,5 մլն փախստականի ժամանման են սպասում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը