Աշխարհ

15.10.2015 20:55


ՌԴ տիեզերագնացները թռիչքից առաջ 160 ուտեստ են համտեսել

ՌԴ տիեզերագնացները թռիչքից առաջ 160 ուտեստ են համտեսել

2016թ. Միջազգային տիեզերակայան մեկնող Ռուսաստանի տիեզերագնացներ Օլեգ Սկրիպոչկան և Ալեքսեյ Օվչինինը համտեսել են 160 տարբեր ճաշատեսակներ:

«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այդ կերակրատեսակներից էլ կազմվելու է տիեզերագնացների սննդակարգն այն կես տարվա համար, որը նրանք անցկացնելու են տիեզերքում:

Ուտեստների համտեսումը տևել է 8 օր: Մեկ անգամվա ընթացքում տիեզերագնացները փորձել են միանգամից 20 ճաշատեսակ՝ գնահատելով դրանց համն ու որակը 9-բալանոց համակարգով:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ամենօրյա սննդի կալորիականությունը կազմում է 2 հազ կիլոկալորիա: Սնունդը տիեզերակայան է հասցվում «Прогресс» բեռնատար տիեզերանավերի օգնությամբ: Մեծ նշանակություն ունեն սննդի փաթեթավորումն ու ճիշտ ընդունումը:

Նշվում է, որ ճաշատեսակները հիմնականում սառեցված և ջրազրկված են: Նման կերպ պատրաստված ուտեստները, որոնք բաժանված են առանձին պլաստիկ տուփերով, ավելի երկար են պահպանվում և բավականին թեթև են:

Մասնագետները պատմել են, որ առաջ ապուրներն ու ըմպելիքները տիեզերակայան էին հասցվում ալյումինե տուփերով, մինչդեռ այժմ օգտագործվում են հերմետիկ պլաստիկ տոպրակներ, որոնք շատ ավելի քիչ տեղ են զբաղեցնում և թեթև են:

Տիեզերագնացների պատրաստման կենտրոնի մասնագետները նշել են, որ թռիչքից առաջ տիեզերագնացներին սովորեցնում են ճիշտ ձևով բացել սնունդը, քանի որ անկշռության պայմաններում դա ունի որոշակի առանձնահատկություն:

«Այսպես, օրինակ, բացելով բանկան՝ տիեզերագնացը պետք է փակի ծակված տեղն անձեռոցիկով, որպեսզի հեղուկի կաթիլները (օրինակ՝ սոուսը) չտարածվեն ամբողջ մոդուլով մեկ», - հայտնել են Տիեզերագնացների պատրաստման կենտրոնի մամուլի ծառայության ներկայացուցիչները:

Ճաշատեսակների վերականգնման համար օգտագործվում է տարբեր ջերմաստիճան ունեցող ջուրը: Օրինակ՝ մինչև 85 աստիճան տաքություն ունեցող ջուրն օգտագործում են ապուրների, տաք ուտեստների և տաք ըմպելիքների վերականգնման համար, իսկ աղցանների և խորտիկների համար օգտագործում են 25-42 աստիճան տաքությամբ ջուրը։

Նշվում է, որ ճաշացանկում ընդգրված են տարբեր տեսակի ապուրներ, կարտոֆիլե պյուրե, բազուկով աղցան, կարտոֆիլով տապակած սմբուկ, բանջարեղենով բրինձ, ընկույզով խնձոր, չրեղեն, ընկույզով կաթնաշոռ և այլն: Բոլոր կերակրատեսակները պատրաստված են էկոլոգիապես մաքուր մթերքներից, առանց կոնսերվանտների, համի և հոտի խթանիչների և ներկանյութերի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը