Քաղաքական

15.10.2015 12:20


ԱՄՆ-ի Կրոնական ազատությունների հանձնաժողովը հիշատակում է Բաքվում հայկական եկեղեցու խնդիրը

ԱՄՆ-ի Կրոնական ազատությունների հանձնաժողովը հիշատակում է Բաքվում հայկական եկեղեցու խնդիրը

Ադրբեջանի իշխանությունները պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն երկրում կրոնական ազատությունների հաստատման նպատակով։ Այս մասին, «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, ասված է Միացյալ Նահանգների Կրոնական ազատությունների հանձնաժողովի հրապարակած զեկույցում:

Զեկույցում ներկայացված են կրոնական ազատությունների ապահովման հետ լուրջ խնդիրներ ունեցող երկրները: Զեկույցի համաձայն՝ կրոնական ազատությունների հետ կապված՝ վատագույն վիճակում են Բիրման, Չինաստանը, Էրիթրեան, Իրանը, Հյուսիսային Կորեան, Սաուդյան Արաբիան, Սուդանը, Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը: Լուրջ խնդիրներ ունեցող երկրների շարքում են Ադրբեջանը, Ռուսաստանն ու Ղազախստանը:

Ներկայացնելով զեկույցը՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ընդգծել է կրոնական ազատությունների կարեւորությունը երկրի զարգացման համար.

«Ոչ մի երկիր չի կարող իր ներուժն իրագործել, եթե տվյալ երկրի քաղաքացիներին արգելվում է ազատ իրականացնել ազատ դավանանքի իրավունքը»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա 2013-ից ի վեր՝ այդ երկիրը պատկանում է կրոնական ազատությունների հետ լուրջ խնդիրներ ունեցող երկրների թվին, որտեղ խախտվում են ոչ միայն մահմեդականների, այլեւ այլ դավանանքների ներկայացուցիչների իրավունքները: Միացյալ Նահանգների Կրոնական ազատությունների հանձնաժողովի կողմից հրապարակված այս տարվա զեկույցում, որպես կրոնական ազատությունների խախտման օրինակ, նշված է նաեւ, որ Բաքվում գտնվող Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին, որն առգրավվել էր հայերից տարիներ առաջ, օգտագործվում է այսօր որպես Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պահոց:

Իր ելույթում Ջոն Քերրին քննադատության է ենթարկել կրոնական ազատությունները սահմանափակող իշխանություններին՝ նշելով, որ դրա արդյունքում ծայրահեղականություն է առաջանում.

«Եթե քաղաքացիները զրկված են իրենց դավանանքի իրավունքը խաղաղ իրագործելու հնարավորությունից, նրանք վտանգավոր այլընտրանքներ են գտնում»:

Մանրամասները՝ «Ամերիկայի ձայնում»։

Այս խորագրի վերջին նյութերը