Իննսունամյա մոլորություն կամ ինչպե՞ս եղավ, որ այսպես եղավ
Պատմության, մասնավորապես միջազգային հարաբերությունների պատմության ուսումնասիրությունն ինքնանպատակ չէ: Ուսումնասիրելով պատմությունը՝ մարդիկ փորձում են անցյալից դասեր քաղել, որպեսզի նույն սխալները չկրկնեն ապագայում: Այս առումով թվում է, որ մենք հետևողականորեն մերժում ենք պատմության դասերը և առաջնորդվում ենք ցանկալին իրականի տեղ դնելու մոլորությամբ: Եթե այդպես չլիներ, ապա մենք Ցյուրիխում չէինք ստորագրի հայ-թուրքական խայտառակ արձանագրությունները: Արձանագրություններ, որոնք բերեցին կարճաժամկետ թվացյալ թեթևության զգացողություն, սակայն մնացին անպտուղ ու ամուլ՝ ըստ այդմ դառնալով քաղաքական օնանիզմի կատարյալ նմուշներ:
Իննսուն տարի առաջ այս օրերին տարաբախտ Ալեքսանդրապոլ (Գյումրի) քաղաքում հայերի ու թուրքերի միջև բանակցություններ էին ընթանում, մեր կարճատև քաղաքական պատմության թերևս դժվարագույն բանակցությունները: Այդ բանակցությունները 1920թ. դեկտեմբերի 3-ին ավարտվեցին Ալեքսանդրապոլի ծանրագույն պայմանագրի ստորագրումով: Բանակցությունների ընթացքի, բուն պայմանագրի իրավական կարգավիճակին և բովանդակության համեմատական վերլուծությանը կանդրադառնամ հաջորդ հոդվածով, հիմա մի քանի խոսք պայմանագրի նախընթացի մասին:
Իհարկե, Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրումը մեկուսի երևույթ չէր: Այն հետևանք էր հատկապես 1920թ. Մայիսյան հայրենակործան ապստամբությունից հետո Հայաստանում առաջացած ռազմաքաղաքական իրավիճակի, օրեցօր սերտացող բոլշևիկաքեմալական համագործակցության, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների ու ժողովրդի միջև առաջացած հսկայական վիհի: Քանի որ Հայաստանում ներկա իրավիճակը շատ առումներով կրկնում է 1920թ. մայիս-նոյեմբեր իրավիճակը, ուստի օգտակար եմ համարում որոշ հարցերի քննությունը:
Ինձ, վստահ եմ նաև շատերին, մշտապես մի հարց է կեղեքել: Ինչպե՞ս եղավ, որ բանակի գրեթե բացակայության պայմաններում հայ ժողովուրդը 1918թ. մայիսին բաց դաշտում պարտության մատնեց կամ գոնե արժանի հակահարված տվեց Օսմանյան բանակին, իսկ ընդամենը երկուսուկես տարի հետո՝ 1920թ. սեպտեմբեր-նոյեմբերին, 1918թ. համեմատ ունենալով ավելի շատ զենք, զինամթերք ու զինվոր, նույն Օսմանյան բանակի մնացորդներից Կարսի ամրակուռ ամրոցում կատարյալ պարտություն կրեց: Երբ ուսումնասիրում ես ժամանակի փաստաթղթերը, մամուլն ու հուշագրությունները, ապա մի բան ակնհայտ է դառնում՝ պարտության արմատներն ավելի շատ հոգեբանական էին, քան ռազմաքաղաքական: Իհարկե պաշտպանության կազմակերպման հարցում ահավոր սխալներ են թույլ տրվել, իհարկե եղել են բազմաթիվ ոչ նպաստավոր հանգամանքներ, մինչևիսկ պատահականություններ: Իսկ ի՞նչ է, 1918թ. մայիսին դրանք չկային: Իհարկե կային: Սակայն 1918թ. մայիսին հայ մարդը և զինվորը վստահ էր, որ Օսմանյան բանակը Հարավային Կովկաս է գալիս ավարտին հասցնելու համար Հայոց ցեղասպանության անավարտ գործը: Ուստի դիմադրությունն ու պայքարը այլընտրանք չունեին, կռվելու պատրաստակամությունը համաժողովրդական էր: Ի դեպ, Ղարաբաղի առաջին պատերազմի հաղթանակի բուն պատճառը ևս նրա ազգային-ազատագրական բնույթը և համաժողովրդական էությունն էր: Իսկ երբ նայում ես 1920թ. սեպտեմբեր-նոյեմբերի իրավիճակին, ապա ակնհայտ է դառնում, որ հայ զինվորը պարզապես հրաժարվել է կռվելուց, իսկ հայ մարդն՝ ընդհանրապես դիմադրություն ցույց տալուց: Դրա ամենավառ վկայությունը թուրքերի կորուստների թիվն է: Ըստ քեմալականների Արևելյան ճակատի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրի հաշվետվության, երեք օրվա մարտերի ընթացքում (հոկտեմբերի 31 - նոյեմբերի 2, 1920թ.), ներառյալ նաև Կարսի գրավումը, թուրքերը տվել են ընդամենը 9 զոհ և 42 վիրավոր:[1] Սա բոլշևիկյան «ժամանակները փոխվել են», «սրանք ուրիշ թուրքեր են» կարգախոսների մարմնավորում էր իրական կյանքում: Իսկ «նոր և նորացված թուրքերի» հեռանալուց հետո, տեղական իշխանությունները 1921թ. մայիսին ստիպված էին միայն Շիրակի երեք գյուղերում (հին անվանումներով Ղալթաղչի, Աղբուլաղ և Բարափոլ) հողին հանձնել 4386 դիակ, որոնց 90%-ը կանայք և երեխաներ էին:[2] Սա ևս «նոր և նորացված» թուրքերի հետ եղբայրություն անելու քաղաքականության դրսևորումներից էր: Ցավոք, հիմա էլ նույն քարոզն է, նույն հին երգը: Պարզապես դրսից աջակցություն ստացող բոլշևիկներին հիմա փոխարինում են զանազան գրանտակեր կազմակերպություններ և, այպես կոչված, քաղաքագետներ:
Քանի որ բոլշևիկները վստահ չէին, թե միայն հայերին մոլորության մեջ գցելով և կոտրելով նրանց դիմադրական ոգին, հնարավոր կլինի «ոչնչացնել իմպերիալիստական Հայաստանը», ապա քարոզչությունը զուգակցում էին այլ քայլերի հետ: Սկսած 1919 մայիս-հունիսից, երբ Սեմյոն Բուդյոնին հանդիպեց Մուստաֆա Քեմալին, բոլշևիկները, տարված համաշխարհային հեղափոխության մարմաջով, հսկայական ռազմական և նյութական օգնություն էին ցուցաբերում քեմալականներին: Սակայն այդ հարաբերությունները հատկապես սերտացան, երբ 1920թ. օգոստոսի 24-ին կնքվեց քեմալաբոլշևիկյան համագործակցության գաղտնի համաձայնագիրը: Ի դեպ թուրքական կողմից համաձայնագիրը ստորագրողների թվում էր նաև պատերազմի հանցագործ, Օսմանյան կայսրության ռազմական նախկին նախարար Էնվեր փաշան: Փաստ, որը վկայում է հետևյալը. թեև Քեմալն ու Էնվերը տարիներ ի վեր ատում էին իրար, հայերի դեմ իրենց պայքարում բոլոր թուրքերը միակամ են: 1920թ. օգոստոսի 24-ի գաղտնի համաձայնագրից անմիջապես հետո բոշևիկները քեմալականներին հատկացրեցին 200,6կգ ոսկի[3] և հսկայական քանակությամբ զենք-զինամթերք: Ռազմական օգնության հատկացումների փաստերը համեմատաբար հայտնի փաստեր են, սակայն քչերը գիտեն, որ բոլշևիկները քեմալականներին օգնել են նաև ուղղակիորեն նրանց շարքերում «հայ իմպերիալիստների» դեմ կռվելով: 1920թ. օգոստոսի վերջին բոլշևիկյան առաջին զորախումբը՝ 7000 հոգի, ժամանեց Էրզրում: Քիչ ավելի ուշ քեմալականերին օգնության եկավ մեկ այլ զորախումբ՝ 10 000 հոգի:[4] Եթե առաջին զորախմբի պարտականությունն էր մասնակցել Հայաստանի դեմ ռազմական գործողություններին, ապա երկրորդ զորախմբի խնդիրն էր պահել Միջագետքի ճակատը, որպեսզի այնտեղ տեղակայված բրիտանական ուժերը չկարողանան թիկունքից հարվածել քեմալականներին և այդ ձևով օգնեն Հայաստանին:
Ահա այս վիճակում՝ լքված դաշնակից Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից, դավաճանված դաշնակից Ռուսաստանի կողմից, ներքնապես տկարացած և ռազմականապես ջախջախված, Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը 1920թ. նոյեմբերի 24-ին ժամանեց Ալեքսանդրապոլ (Գյումրի) սկսելու բանակցությունները իբր նոր, իրեն հեղափոխական հորջորջող Թուրքիայի հետ:
Արա Պապյան
Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար
[1] Harb Tarihi Vesikalari Dergisi (Ռազմական պատմության փաստաթղթերի հանդես) սեպ. 1964, փաստաթուղթ №1146.
[2] Hovannisian R. The Republic of Armenia. v. IV, Berkeley, 1996. p. 286.
[3] Посольство Российской Федерации в Турции, www.turkey.mid.ru/20-30gg.html
[4] Somakian M.J. Empires in Conflict: Armenia and the Great Powers, 1895-1920. London, 1995, p. 229.