Հարցազրույց

28.09.2010 21:12


Արամ Ապատյան.

Արամ Ապատյան.

Հարցազրույց «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամ
Արամ Ապատյանի հետ

-Ինչպե՞ս եք գնահատում «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթին նվիրված խորհրդարանական լսումները։

-Կցանկանայի առանձնացնել երկու դրույթ և առաջարկել դրանից բխող հետևություններ: Առաջինը պարոն Աբրահամյանի կողմից հնչեցվածն էր: Նա ասաց հետևյալը. «Մեր առջև խնդիր է դրված պահպանել ազգային ինքնությունը, լեզուն, ժառանգականությունը, խուսափել ձուլման և հեռացման հերթական ռիսկերից, մյուս կողմից, չսահմանափակել միջազգային համագործակցությունը, սերունդների դաստիարակման գործում փորձի փոխանակումը, լինել ճկուն, արագ արձագանքող և մրցունակ կրթության հարցերում»: Երկրորդ դրույթի հեղինակն է պրն. Աշոտյանը, որն ասաց, որ կրթության որակը պայմանավորված չէ նրանով, թե որ լեզվով է կատարվում ուսուցումը: Նա բերեց Ֆինլանդիայի օրինակը, որը ապահովում է Եվրոպայում լավագույն կրթության մակարդակը' միևնույն ժամանակ դասավանդումը ամբողջությամբ կազմակերպելով ֆիններենով: Մինչդեռ մի շարք երկրներ չեն կարողանում կրթության բարձր մակարդակի հասնել անգլերենով ուսուցման դեպքում: Հետևաբար, միջազգային համագործակցությունը չսահմանափակելու և միաժամանակ ապահովելու համար ազգային ինքնության և լեզվի պահպանումը, պարտավոր ենք տեղայնացնել, այդ թվում նաև թարգմանության միջոցով փոխադրել աշխարհի լավագույն կրթական ծրագրերն ու փորձը: Ի դեպ, այս գործընթացը դարեր շարունակ կատարվել է Հայաստանում, ինչի շնորհիվ պահպանվել և զարգացել են հայոց լեզուն և մշակույթը:

-Ի՞նչ եք կարծում' իշխանությունները մինչև վե՞րջ կգնան, ու օրենսդրական փոփոխությունները կընդունվե՞ն:

-Հուսամ, որ իշխանությունները կհանգեն վերոնշյալ եզրահանգմանը, կհրաժարվեն որևէ փոփոխությունից' փոխարենը ապահովելով անհրաժեշտ միջազգային ծրագրերի, այդ թվում նաև միջազգային բակալավրատի թարգմանությունն ու տեղայնացումը:

-Ի՞նչ կասեք Ձեր առաջիկա անելիքների մասին։

Մենք կշարունակենք գործել օտարալեզու դպրոցների բացման դեմ, և բոլորովին նշանակություն չունի, թե ինչ օրենսդրական շղարշի տակ կփորձեն այդ վտանգավոր նախաձեռնությունը նյութականացնել: Ավելին, մենք կաշխատենք հնարավորինս մասնակցել ու օգտակար լինել կրթության բարեփոխումների արդյունավետ ու բնականոն ընթացքին:

Հարցազրույցը վարեց Հեղինե Հարությունյանը

Այս խորագրի վերջին նյութերը