Քաղաքական

28.09.2010 15:20


Վ. Հովհաննիսյան. «Թե Աղդամն ո՞ւմ հայրենիքն է, ո՞ւմը չէ՝ մեր իշխանությունները չպետք է փաստահավաք խմբի առջև ջերմ ժպիտով իրենց տեսակետը բացահայտեն»

Վ. Հովհաննիսյան. «Թե Աղդամն ո՞ւմ հայրենիքն է, ո՞ւմը չէ՝ մեր իշխանությունները չպետք է փաստահավաք խմբի առջև ջերմ ժպիտով իրենց տեսակետը բացահայտեն»

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն անթույլատրելի է համարում, որ վերջերս ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ԼՂՀ մուտք գործեցին Ադրբեջանի՛ կողմից։

-Ինչո՞ւ, այս ի՞նչ նոր ավանդույթ է ձևավորվում։ Հասկանալի չէ՞, որ սրանից հետո Ադրբեջանն անընդհատ պահանջելու է, որ այդ ճանապարհով մտնեն։ Այսինքն, փոքր-փոքր զիջումները վերջում բավականին ծանր հետևանքների կարող են բերել, և ես գտնում եմ, որ դա քաղաքական լուրջ սխալ էր,-ՄԱԱ-ում լրագրողներին ասել է Վ. Հովհաննիսյանը։

ԵԱՀԿ ՄԽ փաստահավաք խմբի այցելության մեջ էլ նա վտանգներ է տեսնում։

-Վտանգը նրա մեջ է, որ մեր իշխանությունները նման փաստահավաք խմբերի գալուց առաջ հայտարարում են, թե մենք լավն ենք, մենք այդ տարածքները չենք վերաբնակեցրել։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ չեք վերաբնակեցրել։ Բա Բաքվի փախստականները որտե՞ղ ապրեն, բա էն մարդիկ, որոնց Ղարաբաղից քաշեցին-տարան Ադրբեջանի շինարարությունները՝ Սումգայիթ, Բաքու կամ ուրիշ քաղաքներ, և որոնց վռնդեցին այնտեղից՝ սպանելով ու ջարդելով, խլելով ամբողջ գույքը, ո՞ւր վերադառնան։ Ո՞րն է նրանց հայրենիքը։ Հենց ա՛յդ տարածքները։ Ուրեմն մենք պետք է բաց ասենք փաստահավաք խմբին՝ այո՛, այստեղ ապրում են այն հայ մարդիկ, որոնց Ադրբեջանն արտաքսել է, դուրս է արել։ Նրանք փրկելով իրենց կյանքը՝ վերադարձել են իրենց պատմական հայրենիք՝ Քարվաճառ, Բերձոր և մնացած տարածքները։ Իսկ թե Աղդամն ո՞ւմ հայրենիքն է, ո՞ւմը չէ՝ մեր իշխանությունները չպետք է փաստահավաք խմբի առջև ջերմ ժպիտով իրենց տեսակետը բացահայտեն։ Կարծում եմ, որ այն, ինչ մենք հիմա պետք է անենք՝ բոլորս գնանք այնտեղ և ասենք՝ մենք այստե՛ղ ենք ապրում, մենք այստեղի՛ բնակիչ ենք, դե գնացեք գանգատվեք ՄԱԿ,-հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավարը։

Նա նաև հիշեցրել է, որ երբ փաստահավաք խմբից պահանջում էինք Ջուղա գնալ և տեսնել այնտեղից վերացած հուշարձանների վիճակը, «այն ժամանակ նազ ու տուզ արեցին, և վերջում ինչ-որ մի փոքր տող հայտնվեց փաստաթղթերից մեկում»։

-Մե՛ր պարագայում, չգիտես ինչու, մերոնք սրտաբաց ընդունում են բոլոր նման փաստահավաք խմբերը։ Ես կարծում եմ, որ, օրինակ, կարելի էր ասել՝ մենք հարցում կանցկացնենք այդ տարածքների բնակիչներից՝ իրենք ուզո՞ւմ են ձեզ տեսնել, թե՞ ոչ։ Եվ փաստահավաք խմբի առջև պետք է դրվեր ուրիշ խնդիր էլ. եկեք տեսեք՝ մենք ո՞նց ենք ապրում։ Ոչ թե՝ ապրո՞ւմ ենք մենք այստեղ, թե՞ ոչ, այլ՝ մենք ապրում ենք և իրավո՛ւնք ունենք, դուք եկեք տեսեք՝ մենք ի՞նչ ձևով ենք ապրում, մենք ի՞նչ պայմաններում ենք ապրում այստեղ, և ինչո՞ւ դուք չեք ճանաչում մեր ընտրությունները. մենք փորձում ենք ժողովրդավար պետություն դառնալ, իսկ դուք չեք ճանաչում մեր ընտրությունները։Ա՛յս ձևով է պետք նրանց հետ խոսել,-նշել է Վահան Հովհաննիսյանը։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը