Աշխարհ

09.10.2015 09:50


Թեհրանը չի հաստատել ռուսական հրթիռների՝ Իրան ընկնելու մասին լուրերը

Թեհրանը չի հաստատել ռուսական հրթիռների՝ Իրան ընկնելու մասին լուրերը

Թեհրանը որևէ տեղեկատվություն չունի Իրանի տարածքում ընկած ռուսական հրթիռների մասին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»–ն՝ Իրանի ՊՆ աղբյուրին հղումով։

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը հերքել է «CNN»–ի տարածած այն տեղեկատվությունը, թե ռուսական մի քանի հրթիռ ընկել է Իրանի տարածք՝ այդպես էլ չհասնելով Սիրիա։

«Ի տարբերություն «CNN»–ի՝ մենք հղում չենք անում անանուն աղբյուրներին, այլ ցույց ենք տալիս մեր հրթիռների գործարկումն ու դրանցից խոցված թիրախներն իրական ժամանակում։ Այդ ոլորտում ցանկացած արհեստավարժ էլ գիտի, որ նման գործողությունների ընթացքում թիրախի պատկերը մշտապես հավաստանշվում է հարվածից առաջ կամ հետո»,–ասել է Կոնաշենկովը։

Գեներալը նաև նշել է, որ Սիրիայում շուրջօրյա աշխատում է ռուսական անօդաչու թռչող սարքերի խումբը։

«Դրա համար էլ, որքան էլ տհաճ ու անսպասելի լինեն Պենտագոնի և Լենգլիի մեր գործընկերների համար մեծ ճշգրտությամբ զենքով Սիրիայում ԻԼԻՊ–ի դիրքերին ուղղված հարվածները, այդուհանդերձ, նավից բաց թողնված բոլոր հրթիռները գտել են իրենց նշանակետերը։ Դա փաստ է։ Այլապես հարկ կլիներ խոստովանել, որ իրարից զգալի հեռավորությամբ տեղակայված ԻՊ օբյեկտները պայթել են իրենք իրենց։ Ընդ որում՝ գրեթե միաժամանակ»,–հայտարարել է ՊՆ ներկայացուցիչը։

Պենտագոնը ևս չի հաստատել այդ լուրերը։

«Ես չեմ կարող մեկնաբանել ռուսական հրթիռների՝ Իրան ընկնելու մասին լուրերը։ Այդ հարցով հարկավոր է դիմել ՌԴ–ին կամ Իրանին»,– ասել է ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչ, փոխգնդապետ Միշել Բալդանսան։

Ավելի վաղ «CNN» հեռուստաընկերությունը, իր անանուն աղբյուրին հղումով, հայտնել էր, թե Կասպից ծովից արձակված ռուսական 4 թևավոր հրթիռ չի հասել Սիրիայի նշանակետերին և ընկել է Իրանի տարածքում։

ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի տվյալներով՝ հոկտեմբերի 7–ին Կասպյան նավատորմիկի նավերից ծովային բազավորման «Կալիբր» տիպի 26 թևավոր հրթիռ է արձակվել Սիրիայի «Իսլամական պետության» գրոհայինների դիրքերի ուղղությամբ։ Գլխավոր շտաբից հայտնել են, որ հրթիռներն անցել են անբնակ տարածության վրայով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը