Մեկնաբանություն

08.10.2015 18:10


Սահմանադրական փոփոխությունները, քաղաքական մենաշնորհը և «Իսլամական պետությունը»

Սահմանադրական փոփոխությունները, քաղաքական մենաշնորհը և «Իսլամական պետությունը»

Նախաձեռնելով սահմանադրական փոփոխություններ՝ Սերժ Սարգսյանը խնդիր է դրել հիմնական օրենքի միջոցով ամրագրել քաղաքական մենաշնորհը, որպեսզի կարողանա «գենսեկի» կարգավիճակով ցմահ իշխել։ Այլ հարց է, թե արդյոք նրան կհաջողվի՞ այդ ծրագիրը կյանքի կոչել, թե՞ ոչ։ Ամեն ինչ կախված է մեր հանրությունից և այն քաղաքական գործընթացներից, որոնց նպատակն այդ ծրագրի խափանումն է։

ԱԺ կողմից ընդունված նոր Սահմանադրության նախագիծը, բացի միակուսակցական և, ըստ էության, միանձնյա կառավարման վտանգից, նաև այլ վտանգներ է պարունակում։

Առաջարկվում է մի մոդել, որի պայմաններում իշխանության բոլոր ճյուղերը, պատկերավոր ասած, պետք է իրար փոր թափեն, որպեսզի հնարավորություն ստեղծվի «խորհրդարանական կայուն մեծամասնության» ղեկավարի՝ «գենսեկի» դերը բարձրացնել։ Դե, իսկ «գենսեկի» համար այդ դեպքում ստեղծվում է մի վիճակ, որի պայմաններում նա ունենում է հսկայական լծակներ և զրո պատասխանատվություն։ Սա, իհա՛րկե, տեսության մեջ։ Իսկ թե ինչ կլինի գործնականում, և ինչ տեղի կունենա պետության համար, միայն «հերձումը» ցույց կտա, եթե, իհարկե, սրանք կարողանան հանրաքվեն կեղծել ու «տոկոս խփել»։

Այն, որ քաղաքական մենաշնորհը վատ բան է, տեսնում ենք, օրինակ, Մերձավոր Արևելքում։

ԽՍՀՄ փլուզումից հետո ստեղծվեց միաբևեռ աշխարհակարգ՝ ԱՄՆ–ի հեգեմոնիայով։ Ամերիկացիները, ստանալով աշխարհում հարց լուծողի մենաշնորհային կարգավիճակ, խայտառակ արդյունքներ գրանցեցին՝ իրենց պահելով անպատասխանատու, անհեռատես, հաբռգած և պարզունակ ձևով։

90–ականների իրաքյան ներխուժումն ու հետագա գործընթացները հանգեցրին մի մեծ քաոսի, որի տակից հիմա ԱՄՆ–ն էլ չի կարողանում դուրս գալ։ Իր իսկ ծնած հրեշն արդեն սպառնում է բոլորին, այդ թվում՝ ամերիկացիներին։

ԱՄՆ մենաշնորհի հետևանքով տեղի ունեցան փլուզումներ, որոնք հանգեցրին միլիոնավոր մարդկանց դժբախտության։ Միաբևեռ աշխարհակարգը բերեց այն բանին, որ ամերիկացիները, լինելով ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության դրոշակակիր պետություն, ակամայից ծնեցին «Իսլամական պետություն» կոչված չարիքը։

Հիմա մենք ականատեսն ենք դարձել պատերազմի, որի վերջը չի երևում՝ եզդիների ցեղասպանություն, սուննի և շիա մահմեդականների եղբայրասպան բախումներ, ԵՄ–ն հեղեղած հարյուր հազարավոր փախստականներ, վայրագություններ և այլն։

«Իսլամական պետությունն» ամերիկյան մենաշնորհային քաղաքականության ուղղակի հետևանքն է։ Ու մարդկությունը հիմա շատ թանկ գին է վճարում ու վճարելու այդ ամենի համար։

Հարցն այն չէ, որ Սադդամը, Քադդաֆին կամ Ասադը ժողովրդավարության քայլող մարմնավորումներ էին։ Ճիշտ հակառակը։ Բայց երբ աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական հաշվարկներից ելնելով անպատասխանատու քաղաքականություն է իրականացվում Իրաքում, Լիբիայում և Սիրիայում, ապա ստեղծվում է մի մեծ քաոս, որի զոհերը կարող են դառնալ արդեն մյուսները։ Եթե սիրիական հակամարտությունը չլուծվի, և «Իսլամական պետությունն» ընդլայնվի, ապա հերթում Հորդանանն է, Եգիպտոսը, Աֆրիկայի հյուսիսը։ Իսկ այնտեղից ԵՄ, ինչպես ասում են, մեկ քայլ է։

Ահա թե ինչի կարող է հանգեցնել մենաշնորհը։ Այն չարիք է բոլոր առումներով։

Վերադառնալով մեր խնդիրներին՝ նկատենք, որ մենաշնորհ ունեցող քաղաքական ուժը նոր Սահմանադրությամբ կարող է տեղական նշանակության «Իսլամական պետություն» ստեղծել Հայաստանում՝ «խորհրդարանական կայուն մեծամասնությանը»՝ այդտեղից բխող բոլոր բացասական հետևանքներով Հայաստանի ու Ղարաբաղի համար։

Նման բան թույլ չտալը, հետևաբար, հայաստանակենտրոն բոլոր ուժերի թիվ մեկ խնդիրն է։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը