Կարծիք

28.09.2010 14:51


Թումանյանն այս հարցում էլ պետք եկավ

Թումանյանն այս հարցում էլ պետք եկավ

Թումանյանի «Թագավորն ու չարչին» դեռ հիշո՞ւմ եք: Ես որոշել եմ իմ վեհաշուք վարչապետի թևն ընկած մի պտույտ կատարել Երևանի, ավելի ճիշտ' երեկոյան Երևանի փողոցներով ու սուպերմարկետներով: Ուզում եմ նրան զարմացնել մի շատ հետաքրքիր նորությամբ, որից հետո, կարծում եմ, հայկական աշխարհում չինական աշխարհ, կամ հակառակը կառուցելու նրա ծրագրերում էական տեղաշարժեր կլինեն ու նա, վերջապես, երկնքից կիջնի երկիր, ավելին, կիջնի Հայաստան ու կըմբռնի իրականության եւ իդեաների աշխարհի տարբերությունը:

Իսկ ինչո՞ւ շրջել երեկոյան Երևանի սուպերմարկետներում: Բացատրենք: Չէ՞ որ հենց սուպերմարկետների տեսքին է «խաբնվել» մեր վարչապետը և սկսել Հայաստանի համար գործընկերներ փնտրել անգամ տիեզերքում: Ասում են' այնտեղ կան չուսումնասիրված գալակտիկաներ ու առանձին վերցրած մարմիններ, որոնցում եւ որոնց վրա, չի բացառվում քաղաքակրթություն լինի: Հետևաբար պետք է շտապել, այլապես պոտենցյալ գործընկերները կարող են եւ բոլորին չբավականացնել:

Հետևաբար մեր պտույտը կսկսենք սուպերմարկետներից, որոնք, ճիշտ է, Հայաստանի ամենածաղկուն եւ օտար քաղաքակրթություններին ամենաներկայանալի անկյուններն են, բայցևայնպես հենց նրանցով է անցնում երկնքից երկիր իջեցնող ամենակարճ ճանապարհը:

-Գնեք ինը ձմերուկ եւ 10-րդը ստացեք անվճար:

-Ձուկն այսուհետ գնեք կիլոգրամը 1566 դրամով եւ խնայեք 700 դրամ:

Մի խոսքով' ամենուր պայքար է գնաճի դեմ, ամենուր պայքար' հանուն մեր ժողովրդի բարօրության: Բայց մենք դարձյալ պնդում ենք շրջայցն սկսել հենց սուպերմարկետներից եւ հենց երեկոյան ժամերին: Իսկ թե կոնկրետ ե՞րբ, թող մեզ հուշի Կենտրոնական բանկի նախագահը: Նա՞ ինչ կապ ունի' կհարցնեն ոմանք: Ունի, քանզի նա է հայտարարում այն ժամը, երբ փակվում են բոլոր բանկերը: Կապ ունի նաև այնքանով, որ երևանյան գրեթե բոլոր սուպերմարկետներում էլ շատ աշխույժ գործում են տարադրամի փոխանակման կետեր, իսկ մեր դրամի փոխարժեքը հենց ԿԲ-ն է որոշում: Փոխարժեք ասելով' եկեք հասկանանք դրամի պատիվը, գինը, այն արժեքը, որով չափվում է հայ մարդու մարդկային արժանապատվությունը, իր աշխատանքի դիմաց ստացած վարձատրության չափը, տարիների վաստակ ունեցող թոշակառուի ստացած գումարի էությունը եւ այլն:

Եվ երեկոյան Երևանում, երբ փակվում են բանկերը, որոնք օրը ցերեկով աշխատում էին ԿԲ-ի սահմանած փոխարժեքների թույլատրելի տիրույթում, մեկեն բացվում է սուպերմարկետի փոխանակման կետերի ախորժակը: Եվ այլևս' ցտեսություն դրամի արժեք, հայ մարդու արժանապատվություն եւ այլն:

353-363: Մտավախություն ունենք, որ այս թվերից մեր վարչապետն ու ԿԲ նախագահը կհայտնվեն կոմայի մեջ, եթե իրենք, իհարկե, շահ չունեն սրանից կամ նախապես տեղյակ չեն, թե ինչի են ընդունակ տարադրամի սուպերմարկետային փոխանակման կետերը:

Մեկ դոլարի մեջ տասը աշխատել եւ զբաղեցնել մի հավաբնի չափ տարածք: Նման բան իրենց կարող են թույլ տալ թերևս միայն ճարպիկ հայերը եւ մեկ էլ տակից գործ անողները' անկախ ազգությունից: Դժգոհ նայում ես հավաբնում թառածի աչքերին' այս ի՞նչ ես անում, մարդ աստծո: Պատասխան չկա, արհամարհանք կա միայն: Հերթ է: Բանկերը փակ են: Պատուհանից ներս են խցկում հերթական 100 դոլարանոցը կամ հայկական դրամի կապուկը: Էլ ո՞վ քո ժամանակն ունի, որ ձեռքդ անցած վերջին 50-անոց դոլարն ես ուզում դրամ դարձնել' մի քանի ժամ յոլա գնալու համար:

Ոմանք կարող են ասել, թե ես իմ դարդն եմ լալիս ու անձնական նկատառումներով եմ անհանգստացնում մեր սիրելի վարչապետին: Դա էլ կա, իհարկե, բայց հո կարևորը ես կամ հայ ժողովուրդը չեն: Իմ «ցավը» չինական աշխարհ կառուցելու նպատակով Հայաստան եկած չինացին է, որ տեսնում է այս ամենը, ամերիկացին է, որ բան չի հասկանում այս թվաբանությունից, ֆրանսիացին է, որ մի անգամ Հայաստան գալուց հետո երդվում է այլևս ոտք չդնել մեր երկիր, եվրոպացի զբոսաշրջիկն է, որի համար մենք այլևս ամենաանկանխատեսելի զբոսավայրն ենք աշխարհում: Ու մեկ էլ շատ եմ մտածում բացահայտվելիք գալակտիկաներից մեր ապագա հյուրերի ու գործընկերների համար: Ճիշտ է, չինացիներն իրենց կարգապահությամբ երևի թե չեն զիջում ոչ մեկին, բայց մեղքս ավելի շատ վերերկրային էակներն են գալիս: Եթե նրանց առաջ էլ խայտառակ լինենք, այլևս չեն գա, եւ կարող է ողջ մոլորակն ու մարդկությունը տուժել:

Մեծարգո վարչապետին կխնդրեի չմերժել իմ ցանկությունը և մի լավ ծպտվել «Թագավորն ու չարչիի» հերոսի պես: Հա, պետք է նաև ապահովել զայրանալու դեպքում արագ զգեստափոխվելու հնարավորությունը, այլապես հավաբներում թառածները կարող են եւ վիրավորել վարչապետական զգացմունքները' «էս ա, արա, չես ուզում մի փոխի» արտահայտությամբ:

Էդիկ Անդրեասյան

Այս խորագրի վերջին նյութերը