Տնտեսական

07.10.2015 14:10


Ատոմակայանը կկանգնեցվի երկու փուլով

Ատոմակայանը կկանգնեցվի երկու փուլով

Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նպատակով այն կդադարի գործել 3-4 ամիս տևողությամբ 2017-ին և 2018-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը` նշելով, որ նախապես պայմանավորվածություն է եղել ամբողջ աշխատանքը կատարելու համար ատոմակայանը կանգնեցնել 6-7 ամսով, բայց որոշումը փոփոխվել է:

«Հաշվի առնելով էլեկտրաէներգիայի սակագների հետ կապված իրավիճակը Հայաստանում՝ մենք լուրջ ուսումնասիրություններից հետո եկանք այն կարծիքին, որ ատամակայանը կարելի է կանգնեցնել երկու փուլով` երեքից չորս ամիս տևողությամբ: Առաջին երեք ամիսը` 2017-ին, երեք-չորս ամիսը` 2018-ին` դրանով մեղմելով սակագների վրա ազդեցությունը»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով` արդեն նախապատրաստական լուրջ աշխատանքներ են տարվել, ստեղծվել է Համակարգող համատեղ հանձնաժողով, որն ուսումնասիրել ու գնահատական է տվել ընթացիկ աշխատանքերին:

«Ուսումնասիրությունների վերջնական արդյունքը կներկայացնենք հանրությանը 2016-ին: Ժամկետների առումով փոխադարձ համաձայնություն կա, և մենք հուսով ենք, որ նաև կկատարվի որակով աշխատանք, քանի որ «Ռոսատոմ» ընկերությունն ունի մեծ փորձ այդ բնագավառում»,- հայտնեց Երվանդ Զաքարյանը` նշելով, որ աշխատանքների բոլոր փուլերում կկատարվի մոնիթորինգ:

«Ռոսատոմ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյի խոսքով` լայն համագործակցություն է ծավալվել հայ գործընկերների հետ, և աշխատանքները կատարվում են խիստ գրաֆիկով:

«Քանի որ Մեծամորի ատոմակայանի չգործելու դեպքում 3 անգամ կբարձրանա էլեկտրաէնեգիայի սակագինը, փաստորեն, սա նաև սոցիալական նախագիծ է, որին մենք վերաբերում ենք լրջորեն»,- ասաց Կիրիենկոն` նշելով, որ նմանատիպ աշխատանք կատարում են ոչ առաջին անգամ:

«Նույն տեխնոլոգիաներով աշխատել ենք ռուսական կայանների ժամկետը երկարաձգելու ուղղությամբ` համաձայն ոչ միայն ռուսական օրենսդրությունից բխող պահանջներին, այլև ՄԱԳԱՏԵ-ի սկզբունքներին»,-ավելացրեց ռուս պաշտոնյան:

Մանրամասները՝ «Արմենպրես»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը