Աշխարհ

06.10.2015 17:45


ՆԱՍԱ–ն նշանառության տակ է վերցրել Վեներան ու վտանգավոր աստերոիդները

ՆԱՍԱ–ն նշանառության տակ է վերցրել Վեներան ու վտանգավոր աստերոիդները

ԱՄՆ–ի ՆԱՍԱ տիեզերական գործակալության մասնագետներն ընտրել են Արեգակնային համակարգի օբյեկտների ուսումնասիրման 5 հիմնական առաքելություններ, որոնցից մեկի կամ երկուսի համար մոտակա տարիներին տրամադրվելու է 450 մլն դոլար:

Ըստ «Вести. Ru»-ի` հետաքրքրության հիմնական օբյեկտները Վեներա մոլորակն ու Երկրի համար վտանգ ներկայացնող աստերոիդներն են: «VERITAS» ծրագրի շրջանակներում նախատեսվում է Վեներա ուղարկել ռադիոտեղորոշիչ ուղեծրային զոնդ, որը հնարավորություն կտա ուսումնասիրել Վեներայի ամպերի տակ թաքնված մակերեսը՝ օգնելով գծել մոլորակի քարտեզը:

«DAVINCI» ծրագրի շրջանակներում նախատեսվում է մթնոլորտային զոնդի օգնությամբ մեկ ժամվա ընթացքում թթվային ամպերի մեջ ներթափանցել և Երկիր ուղարկել Վեներայի մթնոլորտի մասին տեղեկություններ: Բացի այդ, գումար է տրամադրվելու նաև «NEOCam» հեռադիտակի աշխատանքն ապահովելու համար, որը որսալու է Երկրի համար պոտենցյալ վտանգավոր աստերոիդները: Նշվում է, որ բավականին մեծ գումար է տրամադրվելու նաև Փսիհեա աստերոիդին հասնելու համար, որը հարուստ է երկաթով և նիկելով:

ՆԱՍԱ-ն ֆինանսավորելու է նաև «Lucy» սարքի թռիչքը դեպի Յուպիտերի ուղեծրի վրա գտնվող տրոյական աստերոիդներ, որոնք բավականաչափ ուսումնասիրված չեն, սակայն կա կարծիք, որ նրանք առաջացել են Արեգակնային համակարգի հեռավոր հատվածներում` Կեյպերի գոտում, իսկ հետո տեղափոխվել Յուպիտերի ուղեծիր:

Նշվում է, որ ծրագրի մեկնարկը նախատեսված է 2021թ., իսկ նպատակակետին սարքը կհասնի միայն 2032թ.: Այս ծրագրերից յուրաքանչյուրին ՆԱՍԱ-ն նախատեսում է տրամադրել 3 մլն դոլար: Մինչև 2016թ. սեպտեմբեր նախատեսվում է ընտրել այս առաքելություններից մեկը կամ երկուսը, ինչից հետո դրանք կուղարկվեն տիեզերք:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը