Լրահոս

06.10.2015 12:01


Ռոբերտ Քոչարյանը դեմ է սահմանադրական փոփոխություններին

Ռոբերտ Քոչարյանը դեմ է սահմանադրական փոփոխություններին

–Պարո՛ն նախագահ, կուզենայինք իմանալ Ձեր վերաբերմունքը սահմանադրական փոփոխությունների նախագծին: Նախկինում Դուք արդեն արտահայտել եք Ձեր կարծիքը այս առիթով, սակայն այժմ հրապարակված և Ազգային ժողովի կողմից ընդունված է Հիմնական օրենքի նորացված ամբողջական ու վերջնական տեքստը: Ինչպե՞ս եք Դուք այն գնահատում: Եվ ի՞նչ կտա առաջարկվող փոփոխությունը մեր երկրին:

–Իմ տեսակետը չի փոխվել. սահմանադրական փոփոխությունների որևէ անհրաժեշտություն չկա: Այն էլ այսպիսի՝ արմատական բնույթի: Երկրի առջև ծառացած բոլոր խնդիրներն ու մարտահրավերները լիովին լուծելի են գործող սահմանադրության շրջանակներում, որի ֆունկցիոնալությունը որևէ մեկը կասկածի տակ չի առնում: Հրապարակված նախագիծը գերազանցեց իմ վատագույն սպասումները: Խոսքն արդեն պետության կառավարման կիսանախագահական և խորհրդարանական ձևերի միջև ընտրության մասին չէ: Սահմանադրության նախագիծը իր մեջ էական ռիսկեր է պարունակում, որ երկիրը կգլորվի դեպի դե ֆակտո միակուսակցական համակարգ, այսինքն և դեպի քաղաքական մենաշնորհ ու լճացում: Սովետական սահմանադրությունը լեցուն էր գեղեցիկ բառերով, սակայն ԽՄԿԿ ղեկավարող և ուղղորդող դերի մասին 6-րդ հոդվածը օրինականացնում էր կոմունիստների քաղաքական մենաշնորհը: Թե արդյունքում ինչ եղավ ԽՍՀՄ-ի հետ՝ հայտնի է բոլորին: Սահմանադրության նախագծի հագեցվածությունը մարդու իրավունքների և պետության սոցիալական նպատակների մասին ընդհանրական գեղեցիկ բառակապակցություններով կարծես նպատակ ունի քողարկել Ազգային ժողովի կազմավորման բացարձակապես անընդունելի ձևը, որը բովանդակազրկում է խորհրդարանական կառավարման բուն էությունը:
Նախագծի 89-րդ հոդվածը կոչված է ապահովել մեկ կուսակցության գերակայությունը խորհրդարանում, այն է՝ իշխանության մեջ: Մեր իրողություններում, անկախ իր վայելած ժողովրդականությունից, դա կլինի այն կուսակցությունը, որ տիրապետում է ադմինիստրատիվ և ֆինանսական ռեսուրսների: Իսկ հաշվի առնելով Հայաստանում ներկուսակցական ժողովրդավարության անգամ նշույլի բացակայությունը, հովանավորչական կառավարումը կդառնա անխուսափելի ու հարատև չարիք, լճացման աղբյուր և արատավոր համակարգի վերարտադրման գործիք: Փաստորեն, առաջարկված նախագիծը քաղաքական մենաշնորհը դարձնում է սահմանադրական նորմ:

Ես այդպիսի ապագա իմ երկրին չեմ ցանկանում, դրա համար էլ միանշանակ դեմ եմ արտահայտվում այս փոփոխություններին: Կատարվում է մի մեծ սխալ, որի հետևանքները ծայրահեղ վտանգավոր են Հայաստանի ապագայի համար:

Աղբյուրը՝ 2rd.am

Այս խորագրի վերջին նյութերը