Քաղաքական

03.10.2015 00:00


Արմեն Գրիգորյան. «Սահմանադրությունը փոխել փորձողների ուղեղն է պետք փոխել»

Արմեն Գրիգորյան. «Սահմանադրությունը փոխել փորձողների ուղեղն է պետք փոխել»

Ազատության հրապարակում «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության հրավիրած հանրահավաքում շարժման անդամ Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ իրականությանը չեն համապատասխանում իշխանության պնդումները, թե սահմանադրական փոփոխությունների հարցում արտաքին ու ներքին աջակցություն ունեն։

–Վերջերս ՄԱԿ-ում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոսեց այն բռնապետների մասին, որոնք Սահմանադրությունը փոխելու միջոցով փորձում են վերարտադրել իրենց իշխանությունը, որովհետև ձախողել են բոլոր ոլորտներում: Հայաստանը ևս մտնում է այդ երկրների ցանկի մեջ: Իսկ դա նշանակում է, որ ԱՄՆորևէ աջակցություն ցույց չի տալու այս իշխանությանը, որ իրականացնի սահմանադրական փոփոխությունները,- ասել է Ա. Գրիգորյանը՝ հիշեցնելով, որ ՄԱԿ-ի ամբիոնից նույնն ասել է նաև Պան Գի Մունը:

–Եթե հետևենք ռուսական մեդիայի հոդվածներին, վերլուծական կարծիքներին, ապա կհամոզվենք, որ Ռուսաստանում ևս չկա մոտեցում, որ պետք է աջակցել այս իշխանության վերարտադրությանը: Պուտինի հայտնի խոսքը հիշում եք. «Их мозги надо поменять, а не Конституцию»։ Ճիշտ է, մի քիչ ուրիշ իմաստով էր ասված, բայց միանշանակ վերաբերում է բոլորին: Մեր երկրում ոչ թե պետք է սահմանադրական փոփոխություններ կատարել, այլ նրանց, ովքեր փորձում են Սահմանադրությունը փոխելով՝ սահմանադրականության հիմքերը խարխլել, ուղեղն է պետք փոխել,-նշել է Արմեն Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է Բաղրամյան 26-ում իրականացված ֆոտոսեսիային, նա նշել է, որ իշխանությունն այդկերպ փորձում էր ցույց տալ, թե սահմանադրական փոփոխությունների հարցում կոնսենսուս կա.

–Բայց մենք Գյումրիի հանրահավաքով և այստեղ հավաքված մարդկանց հետ ցույց ենք տալիս, որ այդ կոնսենսուսը միանշանակ չկա. այդ հասարակության մեծամասնությունը դեմ է սահմանադրական փոփոխություններին։ Հայկ Բաբուխանյանի և Արտաշես Գեղամյանի հետ հնարավոր չէ կոնսենսուս ապահովել: Միայն Արտաշես Գեղամյանի, Դաշնակցության ու Հայկ Բաբուխանյանի հետ այս հանրությունում հնարավոր չէ ապահովել կոնսենսուս:

Նա նաև տեղեկացրել է, որ «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը մարզային հանդիպումներ է իրականացնելու:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը