Քաղաքական

07.02.2011 09:11


ՀՀ կառավարության հերթական որոշումից տուժած քաղաքացիները հրապարակային բողոքի գործողության էին դուրս եկել

ՀՀ կառավարության հերթական որոշումից տուժած քաղաքացիները հրապարակային բողոքի գործողության էին դուրս եկել

 Կառավարության հերթական որոշման դեմ, այս անագամ Գյումրիում, հրապարակային բողոքի գործողության էին դուրս եկել վրացական պետհամարանիշներով մեքենանների սեփականատերերը:

Վրացական պետհամարանիշներոով մեքենաների վարորդներին Հայաստանի մաքսակետերից զգուշացրել են, որ եթե 15 օրվա ընթացքում չմաքսազերծեն մեքենան և չստանան հայկական պետհամարանիշ, ապա վրացական համարներով Հայաստանի տարածքում մեքենան կարող է գտնվել միայն երեսուն օր, երբ ժամկետը լրանա, այլևս վարորդներն իրավունք չեն ունենա Հայաստանի տարածքում վարել այդ մեքենաները: Մի քանի տասնակ վարորդներ տեղեկությունն իմանալու պես իրենց ավտոմեքենաներով հավաքվել էին Գյումրու անկախության հրապարակում եւ փակել ճանապարհը:

«Ղեկավարությունը ստիպում է մաքսազերծել վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաները: Խնդիրը նրանում է, որ եթե ասենք մեքենան արժի 3 հազար դոլար, իրենք 2 հազար դոլար են պահանջում»,- ասում է բողոքի ակցիային մասնակցող Գրիգորը:

Մեկ այլ վարորդ դժգոհում էր, որ հայրենի կառավարությունը ամեն գնով փորձում է վնասել սեփական քաղաքացիներին,-«15 օր ժամանակ է տալիս, ինի՞ համար, բյուջե է լցնում հա՞, ամոթ է, ամոթ: Գնանք դառնա՞նք Վրաստանի քաղաքացի, էդ են ուզու՞մ: Թե իրենց պետք է, որ Հայաստանը հայաթափեն ու անում են էլի»։

«Վիրավորականն այն է, որ Վրաստանի կառավարությունը մեր մասին ավելի շատ է մտածում, քան մեր սեփական ղեկավարությունը»,- ասում էր բողոքի գործողությանը  մասնակցող Վարդան Պետրոսյանը:

Վարորդներից մեկ ուրիշն էլ ավելի ծայրահեղական էր տրամադրված,-«Չեն թողնում ապրենք, ինչու՞ ընտրեցինք, որ էսօր դնեն մեզի վարի տա՞ն: Թող վարի տան, մենք էլ Մաստարայից կփակենք, կառանձնանանք Հայաստանի Հանրապետությունից, կեղնինք ես շատ գիտեմ, ասենք Մաջարիստանի հանրապետություն»,- ասում էր վրացական պետհամարանիշներով մեքենայի սեփականատեր Ռոբերտը:

Վարորդները նշում էին, որ եթե իրենք մեքենաները մաքսազերծել են Վրաստանում, ապա այն պատճառով, որ Վրաստանում այդ գործընթացը ավելի մատչելի ու դյուրին է քան Հայաստանում:

Հավաքված քաղաքացիները պահանջում էին, որ Հայաստանում էլ այդ գործընթացը հեշտացվի եւ էժանացվի, հակառակ դեպքում, կառավարության պահանջը կատարել չեն կարողանա, այն էլ 15 օրվա ընթացքում.

«Կոնկրետ իմ մեքենայիս մաքսազերծումը Վրաստանում արժե 840  դոլար, Հայաստանում արժե 2300 դոլար: Թող դարձնեն 1000 դոլար մարդիկ Վրաստանում չանեն մաքսազերծում, Հայաստանում անեն, գումարն էլ մեր բյուջեին գնա: Մեր երկիրը ավտոարտադրություն չունի, բայց ամենաթանկ մաքսազերծման երկրին է»,- դժգոհում էր բողոքի ակցիայի մասնակից Հրաչ Ոսկանյանը :

Վրացական պետհամարանիշներով ավտոմեքենանների տերերը նշում էին, որ չեն համակերպվելու կառավարության հերթական անհեթեթ որոշման հետ և  մտադիր են մինչեվ վերջ իրենց իրավունքները պաշտպանել:

«Մինչև վերջ կանգնելու ենք: Ժողովուրդը նոր է իմացել ոտի է ելել»,- հավաստիացրեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

Վարորդներն այնուհետև ավտոազդանշաները միացրած շարժվեցին դեպի Շիրակի մարզպետարան եւ փակեցին Գարեգին Նժդեհ փողոցի երթեւեկությունը: Վրդովված վարորդներին լսեց Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը: Վերջինս խոստացավ վարորդների դժգոհությունը փոխանցել կառավարությանը եւ մոտ օրերս վերջիններս կրկին հավաքվելու են իմանալու, թե արդյո՞ք կառավարությունը պատրաստվում է զիջումների գնալ: Եթե կառավարությունը քայլեր չձեռնարկի, ապա նրանք խոստացան, որ ավելի կտրուկ միջոցների են դիմելու՝ փակելու են Հայաստան-Վրաստան մայրուղին:

Նշենք, որ ելնելով այն հանգամանքից, որ Շիրակի մարզը սահմանակից է Վրաստանին և Վրաստանում անհամեմատ շահավետ է ավտոմեքնայի  մաքսազերծում իրականացնել, Շիրակի մարզում շատ են վրացական պետհամարանիշներով ավտոմքենաները: Ենթադրվում է, որ Շիրակի մարզի վարորդների հնարավոր է, որ միանան նաև Լոռու ու Տավուշի մարզի վրացական պետհամարանիշներով մեքենաների սեփականատերերը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը