Կարծիք

28.09.2010 11:36


Մենք պե՛տք է փոխենք այս համակարգը

Մենք պե՛տք է փոխենք այս համակարգը

Սեպտեմբերի 22-ին Գրողների միության տանը «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի գնահատումը և ելքերի առաջադրումը» թեմայով կազմակերպած հավաքի ժամանակ ելույթ ունեցավ  Ալեք Ենիգոմշյանը։

Ստորև ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ:

Իմ ասելիքը լինելու է շատ խիստ եւ շատ պատասխանատու: Այն իրականությունը ներկայացնելու է այնպես, ինչպես կա, այսինքն շատ մուգ գույներով: Այն, իհարկե, բնավ մարդկանց հուսահատության մղելու նպատակ չի հետապնդում, այլ ահազանգ է եւ զգաստության կոչ:

Խոսքը վերաբերվում է ժողովրդագրական համաղետին, որի մեջ մեր ազգը արդեն իսկ գտնվում է: Մենք ժողովրդագրական համաղետի շեմին չենք գտնվում, այլ արդեն իսկ դրա մեջ ենք: Եվ ամենայն պատասխանատվությամբ պետք է ասել, որ ներկա ընթացքի, ներկա միտումների անխափան շարունակության պարագայում մեր ազգը եւ Հայաստան երկիրը մի քանի տասնամյակում կվերանան այս աշխարհի երեսից:

Երկու տասնամյակ առաջ հայկական լեռնաշխարհի հայաբնակ մնացած այս տարածքում, այսինքն' Հայաստանի Հանրապետությունում, Արցախում ու Ջավախքում բնակվում էր մոտ 3,7 մլն հայ: Այսօր նույն այս տարածքում բնակվում է մոտավորապես 2,2-2,3 մլն հայ (այսինքն հայերի թիվը կրճատվել է 40 տոկոսով): Այստեղ ժամանակ չունենք բացատրելու թե ինչ հիմունքներով ենք հանգում  այս թվին: Քսան տարում հայրենաբնակ հայության 1,4-1,5 մլն-ով պակասելու պատճառը բոլորիս հայտնի արտագաղթն է, բայց նաեւ ծնելիության, բնական աճի չափազանց ցածր մակարդակը: Եթե 1990-ականների առաջին տարիներին զանգվածային արտագաղթի երեւույթը կարելի է ընդունել որպես անխուսափելի, պետք է նաեւ ընդունել, որ  1995-1996-ից սկսած երկրի  կառավարման եւ զարգացման առողջ քաղաքականության պարագայում կարելի էր անգամ ապահովել արտագաղթածների մի մասի վերադարձը: Բայց 1995-1996-ից հետո ոչ միայն ցանկալի ներգաղթը չիրականացավ, այլ արտագաղթը շարունակվեց շատ մտահոգիչ տեմպերով: Այդ տեմպերի մի քանի տարվա դանդաղումից հետո, բոլորիս հայտնի է, որ սկսած 2008-ից,  արտագաղթն ստացել է ահագնացող բնույթ: 2008-ին եւ 2009-ին յուրաքանչյուր տարի մոտավորապես 23-25 հազար մարդու արտագաղթից հետո, այս տարվա առաջին 8 ամիսներին միայն (այսօր հրապարակված թվին դուք կարող էք արդեն իսկ տեղեկացած լինել) ՀՀ-ից մշտապես հեռացել է 61 հազար մարդ: Նույն տեմպով շարունակվելու պարագայում մենք տարեվերջին ունենալու ենք 91-92 հազար արտագաղթող: Նույն տեմպի շարունակվելու պարագայում 13-14 տարում Հայաստանի բնակչության թիվը արդեն կլինի 1 մլն-ից պակաս: Արտագաղթի մղող պատճառների անփոփոխ մնալու պարագայում ոչ մի երաշխիք չկա, որ այս տարվա տեմպը չի շարունակվի. ընդհակառակը, ամեն տարի արտագաղթողների թիվը կարող է ավելանալ: Ըստ բոլոր կանխատեսումների 2050 թվականին Թուրքիայի բնակչություը հատած կլինի 100 մլն-ի սահմանը: Նույն թվականին 100 մլն-ի հասած կլինի նաեւ Իրանի բնակչությունը, որից մոտավորապես 40 մլն-ը կլինեն Հայաստանի անմիջապես հարավում բնակվող թուրք-ազերիները: Նույն ընթացքում հաստատապես ավելացած կլինի նաեւ Ադրբեջանի բնակչությունը: Մի քանի հարյուր հազար բնակիչ ունեցող Հայաստանը ոչ կկարողանա ապահովել ներքին անվտանգության տարբեր ոլորտների համար անհրաժեշտ ռեսուրսները, եւ ոչ էլ իհարկե, կկարողանա դիմակայել հարյուրավոր միլիոնների հասնող ոչ-բարյացակամ երկրների ու ժողովուրդների ներկայացրած վտանգին: Ներկա միտումների անխափան շարունակության պարագայում, ոչ մի երաշխիք չկա, որ մի քանի տասնամյակ անց Հայաստան երկիրն ու պետությունը չեն դադարի գոյություն ունենալուց:

Նույնն է պատկերը բնական աճի պարագայում: Առանց ծավալվելու բավարարվեմ պարզապես հիշեցնելով, որ ցանկացած երկրում բնակչության թվի անփոփոխ պահպանման համար' պտղաբերության տարիքում գտնվող յուրաքանչյուր կնոջ բաժին ընկած երեխայի գործակիցը պետք է լինի 2,1: Այսինքն' որպեսզի ցանկացած երկրում տվյալ պահի  բնակչության թիվը ոչ ավելանա եւ ոչ էլ պակասի, մնա նույնը, անհրաժեշտ է, որ այդ երկրում պտղաբերության տարիքում գտնվող յուրաքանչյուր կին ունենա 2,1 երեխա: Հայաստանում այս գործակիցը 1, 36 է: Սա արդեն ամեն ինչ ասում է:

Ինչու՞ է այս աղետալի պատկերը: Մարդկանցից շատերը պարզապես հնարավորություն չունեն իրենց եւ իրենց ընտանիքների անդամների կենսաբանական ամենատարրական պահանջները բավարարելու ու հեռանում են, ուրիշները, հակառակ ամեն բանի, երկար ժամանակ դրական փոփոխության ակնկալություններ ունենալուց հետո, իրավիճակի բարելավման ամեն հույս կորցրել են եւ հեռանում են: Երիտասարդները աշխատանքի եւ կյանքի նորմալ պայմաններ չեն տեսնում եւ հեռանում են: Բոլորը, եւ նույնիսկ բարեկեցիկ պայմաններում ապրող ծնողները իրենց երեխաների ապագայի համար Հայաստանում հեռանկարներ չեն տեսնում ու նրանց ապագայի սիրույն հեռանում են եւ այլն եւ այլն... Զույգերը շատ քիչ թվով երեխաներ են ծնում, որովհետեւ երեխաների խնամքն ու ապագայի կերտումը դարձել է շատ ծանր հոգս: Ամուսնությունների թիվը պակասել է, որովհետեւ արական եւ իգական սեռերի միջեւ համամասնությունը արտագաղթի հետեւանքով խախտվել է, որովհետեւ ամուսնանալն ու ընտանիք կազմելը պահանջում են նյութական նվազագույն միջոցներ, բնակարան եւ այլն, որոնց ձեռքբերումը չափազանց դժվարացել է եւ այլն:

Ոչ-ոքի համար գաղտնիք չէ, որ այս սարսափելի իրավիճակի պատճառը երկրում բոլոր ոլորտներում տարվող քաղաքականությունն է, երկրում տիրող համակարգն է: Տնտեսությունը մենաշնորհված է, նյութական հարստություն ձեռք բերելու  բոլոր լուրջ միջոցները գտնվում են մեկ կամ մի քանի խումբ մարդկանց ձեռքերում: Այդ առանձնաշնորհումը պահպանելու համար փոքրաթիվ այդ խավը ամեն միջոցի դիմում է որպեսզի մանր ու միջին ձեռնարկատերերը չկայանա: Իր աշխատուժով ապրող զանգվածը ենթարկվում է ծայրահեղ շահագործման: Տնտեսության կառուցվածքը համապատասխանում է նույն այդ խավի շահերին եւ հակադրվում է բնակչության ջախջախիչ մեծամասնությանը: Տնտեսությունը հիմնված է ներմուծումների, արտասահմանում աշխատող բարեկամների կողմից իրենց հարազատներին ուղարկված նյութական օժանդակությունը այդ ներմուծումների սպառման ուղղությամբ քամելու վրա: Տնտեսության մյուս հենքը միեւնույն խավի կողմից մենաշնորհացված երկրի բնական պաշարների արտահանումն է: Արդյունաբերությունը միտումնավոր կերպով համարյա թե չի զարգացվում: Գյուղատնտեսության պարագայում «աղետալի իրավիճակ» բառակապակցությունը հեռու է նույնիսկ իրականությունը մոտավոր բնութագրելուց: Տարվող քաղաքականության եւ ստեղծված իրավիճակի պատճառով գյուղացիության մեծամասնությունը իմաստ չի գտնում հողը մշակելու մեջ: Անգամ պաշտոնական տվյալներով ընդունվում է, որ գյուղացիներին սեփականաշնորհված մոտավորապես 450 հազ. հա հողատեսքերից այս տարի ավելի քան 200 հազար հեկտարը մնացել են անմշակ: Իսկ «հանրային խորհրդում» նաեւ գյուղատնտեսական հարցերով զբաղվող  իշխանամետ մի գործիչ (Խ. Հարությունյան) վերջերս հաստատեց, որ գյուղատնտեսական հողահանդակների հազիվ 15-20 տոկոսն է մշակվում:  Հողերը գնալով կենտրոնանում են վերնխավի եւ նրանց ենթակաների ձեռքերում: Բնությունը շարունակվում է հոշոտվել նույն մարդկանց ընչաքաղցության հետեւանքով: Այս ամբողջ իրավիճակը հարատեւ պահպանելու համար երկրի տնտեսաքաղաքական վերնախավը ստեղծել է, մեղմ ասած, ավտորիտար համակարգ, ոտնահարում է տարրական ազատությունները եւ մարդկանց հպատակեցնելու համար միտումնավոր աղարտում է նրանց բարոյական նկարագիրը:  Երբեմնի հպարտության առարկա համարվող կրթական համակարգն ու մշակույթի ոլորտը վերածվել են խոտանի: Այս ամենի հետեւանքով, բացի նյութական անտանելի իրավիճակից երկրում տիրում է բարոյահոգեբանական ահավոր մթնոլորտ, անհաղթահարելի հուսահատության եւ անելանելիության զգացողություն: Այս բոլորն էլ հենց հանգեցում են անխուսափելի արտագաղթի:

Հայաստանը պետք է իրեն ձգի հայերին, մինչդեռ այն վանում է նրանց: Հայերը հպարտ պետք է լինեն Հայաստանով, մինչդեռ նրանք, հազար ափսոս, հակակրանքով են լցվում իրենց երկրի հանդեպ:

Իշխանությունն ու նրա մունետիկները տարփողում են, որ այս վիճակն անխուսափելի է, առարկայական պայմանների ծնունդ է: Բացարձակապես այդպես չէ: Ստեղծված կացության 80 տոկոսը, եթե ոչ ավելին, մի խումբ մարդկանց ստեղծած համակարգի արդյունքն է: Հայաստանը դատապարտված չէ ոչ այս կացությանը եւ ոչ էլ մահացու արտագաղթին: Բացի իրենց վարած անիմաստ ու զեխ կյանքի վրա կատարած վատնումներից, այս վերնախավի անդամները յուրաքանչյուր տարի ժողովրդի շահագործման միջոցով ձեռք բերված հարյուրավոր միլիոն դոլարներ են արտածում արտերկիր: Հայաստանը իր ներքին, այսօր իսկ առկա ռեսուրսներով եւ հնարավորություններով, ինչպես նաեւ սփյուռքի նպատակամետ օժանդակությամբ, կարող է դառնալ բոլորիս ցանկալի հայրենիքը: Դրա համար առաջին հերթին պետք է անկաշառ եւ նվիրյալ ղեկավարություն: Այնուհետեւ, անհրաժեշտ է ծրագիր, որը կհամապատասխանի ողջ ժողովրդի պահանջներին: Հայ մարդը պետք է ունենա աշխատանք, եւ արժանապատի'վ աշխատանք: Արդյունաբերությունը պետք է վերածաղկի առաջին հերթին երկրի կարիքները բավարարելու համար: Գյուղատնտեսությունը պետք է ծառայի  երկրի պարենային կարիքների բավարարմանն ու գյուղացիության արժանապատիվ գոյության ապահովմանը: Կրթությունը պետք է եւ կարող է ծառայել իր առաքելությանը, այսինքն' ներկա ժամանակների մակարդակին համապատասխանող գիտելիքների ստացմանը, մարդու եւ հայի կերպարի կերտմանը: Գիտությունը կարող է եւ պետք է վերստին թռիչք ապրի, նույնը եւ մշակույթը: Հայաստանին ու հայ ժողովրդին այս ամենն իրականություն դարձնելու ռեսուրսները չեն պակասում: Անհրաժեշտ է միայն, որ բոլոր ռեսուրսները մի փոքրաթիվ խավի ընչաքաղցությանը չծառայեցվեն:

Ոմանք գտնում են, որ Հայաստանն այս վիճակից դուրս բերելու համար անհրաժեշտ է ժողովրդավարականացում եւ ազատ շուկայի պայմանների ստեղծում: Սա մասամբ անբավարար է եւ մասամբ' ‎ֆիկցիա: Ժողովրդավարականացումը կարող է հնարավոր դառնալ միայն ժողովրդի ջախջախիչ մեծամասնության շահերին ծառայող համակարգի առկայության պայմաններում: Ազատ շուկան նախ ‎ֆիկցիա է եւ ապա չի կարող ապահովել երկրի ու ամբողջ ժողովրդի կարիքները: Հայաստանում, հատկապես ներկա ավելի քան աղետալի պայմաններից դուրս գալու անհրաժեշտության վիճակում, անհրաժեշտ է տնտեսության եւ մնացյալ բոլոր ոլորտներում պետական-հանրային ոչ միայն վերահսկողություն, այլ լուրջ մասնակցություն: Պետական-հանրային լուրջ դերակատարությունը, այդ պայմաններում գործող շուկայական տնտեսությունը, սոցիալական հստակ ուղղվածությունը, բարոյական-հոգեւոր-մշակութային նպատակադրված քաղաքականության ամբողջությունն է միայն որ կարող է մեր երկիրը դուրս բերել մեզ դեպի մահ առաջնորդող այս վիճակից:

Մենք կարող ենք այդ անել:

Մեզ պետք է կազմակերպվածություն, հստակ ծրագրի  պատկերացում եւ վճռականություն:

Ներկա ընթացքով մեր ազգն ու հայրենիքը, բազմահազար տարիների գոյությունից հետո, գլորվում են դեպի մահ:  Պատճառը ժողովրդագրական համաղետն է: Այս վերջինն իր հերթին տիրող համակարգի ծնունդն է: Եզրակացությունը պարզ է. այս համակարգն ու մարդկանց այն խումբը որի շահերի երաշխավորն է այն, մեր ազգի ու հայրենիքի դահիճներն են: Սա ամբոխավարական հայտարարություն չէ, այլ իրականության առարկայական գնահատումից բխող եզրակացություն:

Մենք պե՛տք է փոխենք այս համակարգը, այլապես դառնալու ենք մեր ազգի դահիճների մեղսակիցները:

Այս խորագրի վերջին նյութերը