Քաղաքական

01.10.2015 17:20


Սրբազան Կճոյանն է տվել Տիգրան Սարգսյանի անձնագրի պատճենը

Սրբազան Կճոյանն է տվել Տիգրան Սարգսյանի անձնագրի պատճենը

Այսօր վկաներից մեկն ուշագրավ բացահայտում արեց օֆշորի գործով: Այս մասին հայտնում է «Aravot.am»–ը։ Նա վստահեցրեց, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անձնագրի պատճենը, որի հիման վրա Կիպրոսում օֆշորային ընկերություն են բացել, Աշոտ Սուքիասյանին տվել է սրբազան Կճոյանը:

Այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Վարդան Գրիգորյան) շարունակվեց «օֆշորի գործով» քննությունը: Դատարանում ցուցմունք տվեց Աշոտ Սուքիասյանի գործընկեր, ԱՄՆ քաղաքացի Արփի Բալյանը: Նա ասաց, որ Հայաստանի Ամերիկյան համալսարանում դասախոս է աշխատում:

Նա պատմեց, որ Աշոտ Սուքիասյանը 12 մլն դոլարի վարկ է ուզեցել վերցնել «Ամերիաբանկից»՝ իր հանքերի բիզնեսի համար նոր տեխնիկա գնելու, ինքն էլ օգնել է, որովհետեւ անգլերեն է իմացել:

Ըստ վկայի՝ ինքն Աշոտ Սուքիասյանին օգնել է անվճար, նրա խնդրանքով հետը գնացել է Կիպրոս, որ օֆշորային ընկերություն բացեն, դարձյալ՝ անվճար, որովհետեւ, նրա խոսքերով՝ իր նպատակը երկրի զարգացմանն օգնելն է եղել.

«Ես ոչ մի շահ չունեմ. պարզապես օգնություն եմ տվել անվճար, որովհետեւ վերջին 10 տարին եկել եմ հայրենիք՝ օգնելու: Աշոտ Սուքիասյանին էլ ընկալում էի որպես լավ քրիստոնյա, Կճոյանի հետ մոտ, որն Ավետարանով քնում է, Ավետարանով արթնանում: Ինչպե՞ս կարող էի չվստահել նման մարդու»:

Դատավորը կատակեց. «Բայց որ մի քիչ հարստանար, ձեզ էլ կվճարեր չէ՞, երեւի»:

Վկան էլ հակադարձեց, թե վճարի պետք բնավ չուներ:

Նա պատմեց, որ իր վստահությունն Աշոտ Սուքիասյանի նկատմամբ կորել է Կիպրոսում, երբ օֆշորային կազմակերպությունը գրանցելիս հասկացել է, որ ոչ թե 1, այլ մի քանի կազմակերպություն է գրանցվում, ու դրանց բաժնետերերի մեջ են նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ Կճոյանը: Նրա պատմելով՝ արդեն Կիպրոսից Հայաստան գալիս այնպես է վիճել Աշոտ Սուքիասյանի հետ, որ առանձին իր միջոցներով է գնացել իր տուն, որովհետև երբ Կիպրոսում ասել է, որ փաստաթղթում մի բան այն չէ, իր ասածները չեն լսել, ինքը, որպես մասնագետ, վիրավորվել է.

«Ես՝ որպես ԱՄՆ քաղաքացի, ափսոսում եմ, որ իրեն ճանաչել եւ օգնել եմ»:

Դատավորը հարցրեց. «Եթե ափսոսում եք, ուրեմն բավականին լցված եք. ի՞նչ է եղել, ձեր արժանիքները չեն գնահատել, դրա՞ համար եք այդպես վիրավորվել»:

Արփի Բալյանը պատասխանեց, որ հասկացել է՝ այնտեղ քրիստոնյա մարդ չկա, ու հիասթափվել է:

Ավելի ուշ Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչը սկսեց հարցաքննել, հարցրեց՝ ձեզ հայտնի՞ էր՝ ովքե՞ր են այդ օֆշորային կազմակերպության հիմնադիր անդամները: Նա պատասխանեց, որ կային Աշոտ Սուքիասյանը, սրբազան Կճոյանը եւ Տիգրան Սարգսյանը:

«Հենց Տիգրան Սարգսյանի անունը կարդացի, Աշոտին հարցրեցի՝ ինքը տեղյա՞կ է: Աշոտ Սուքիասյան ասեց՝ ոչ»:
Հարցին՝ ինչո՞ւ զարմացաք հենց Տիգրան Սարգսյանի անունը կարդալով եւ ոչ Կճոյանի, վկան պատասխանեց, որ սրբազան Կճոյանի անունը զարմանալի չէր, որովհետեւ նա ամբողջ օրը Աշոտ Սուքիասյանի հետ էր եւ կարող էր նա լինել: Արփի Բալյանն ասաց, որ Տիգրան Սարգսյանի անձնագրի պատճենն անձամբ է տեսել օֆշորային ընկերությունը գրանցելիս: Երբ հարցրել է, թե ով է տվել վարչապետի անձնագրի պատճենը, պարզվել է, որ սրբազան Կճոյանն է տվել Աշոտ Սուքիասյանին: Թե ինչ նպատակով էր դա արել, վկան պատասխանեց. «Այդ կետից անդին ինձ այնքան էլ չէր հետաքրքրում որեւէ բան»:
Մանրամասները՝ «Aravot.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը