Լրահոս

18.11.2009 17:01


Խուսափել է պետբյուջե վճարել 371 միլիոն դրամ

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում լսվում է առանձնապես խոշոր չափերի հարկ մուծելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ  պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում հարուցված քրեական գործը:

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ  հսկողություն իրականացնող գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության դատախազը հիմնավորված է համարել  371 միլիոն դրամ  հարկային պատասխանատվությունից խուսափելու համար   «Սագլ» ՍՊ ընկերության տնօրեն Ս. Մարկոսյանին առաջադրված մեղադրանքը:

Նախաքննության տվյալներով Ս. Մարկոսյանը 2006-2008թթ.  ընթացքում թվով 15 տնտեսվարող սուբյեկտների մատակարարել է  տարաբնույթ նյութեր և ապրանքներ: Սակայն խախտելով «Շահութահարկի մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին»  ՀՀ օրենքների պահանջները՝ հաշվարկներում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ է մտցրել: Այն է ՝ արհեստականորեն  մեծացրել է Հայաստանի Հանրապետության տարածքում  ապրանքների ձեռքբերման գումարները, իսկ  իրացման շրջանառությունը (հասույթ) պակաս է ցույց տվել՝ չարամտորեն խուսափելով պետբյուջե վճարել   առանձնապես խոշոր չափերի  հասնող ընդհանուր առմամբ 371 702 700 դրամ  ԱԱՀ-ի և շահութահարկի գումարները:

Ս. Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի  205-րդ հոդվածի 2-րդ մասով:

ՀՀ գլխավոր դատախազություն

Այս խորագրի վերջին նյութերը