Լրահոս

28.09.2010 10:24


Յուրի Լուժկովը հեռացվել է քաղաքապետի պաշտոնից

Յուրի Լուժկովը հեռացվել է քաղաքապետի պաշտոնից

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի պաշտոնաթողության հրամանը։ Հղում անելով Կրեմլի մամլո ծառայությանը՝ այս մասին տեղեկացնում է «РИА Новости»-ին։ «Ժամկետից շուտ Մոսկվայի քաղաքապետի լիազորությունների դադարեցման մասին» հրամանագիրը, որը ստորագրվել է սեպտեմբերի 28-ի առավոտյան, անմիջապես ուժի մեջ է մտել։

Լուժկովն իր պաշտոնից զրկվել է նախագահի վստահությունը կորցնելու հետևանքով։ Դմիտրի Մեդվեդևի մամլո քարտուղար Նատալյա Տիմակովան նշել է, որ մոտ ժամանակներս նախագահը չի պատրաստվում նախկին քաղաքապետի հետ հանդիպել։

Ինչպես տեղեկացնում է «Интерфакс»-ը, Յուրի Լուժկովն իր պաշտոնաթողության մասին իմացել է աշխատանքի վայրում։ Նա աշխատանքի էր դուրս եկել սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ կարճատև արձակուրդից հետո։

Քաղաքապետի մոտալուտ հրաժարականի մասին ասեկոսեները հայտնվել էին սեպտեմբերի սկզբին։ Նշվում էր, որ քաղաքապետը կարող է հրաժարական տալ սեպտեմբերի 27-ին, սակայն արձակուրդից վերադառնալուց հետո Լուժկովը հայտարարել էր, թե չի ցանկանում դա անել սեփական կամքով։

Յուրի Լուժկովը Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում է նշանակվել 1992թ. Բորիս Ելցինի հրամանգրով։ Նա այդ պաշտոնում վերընտրվել է երեք անգամ։

Այս խորագրի վերջին նյութերը