Աշխարհ

29.09.2015 19:00


Գերմանիայում հայտնաբերել են 31 տարի սպանված համարվող կնոջը

Գերմանիայում հայտնաբերել են 31 տարի սպանված համարվող կնոջը

Գերմանիայում հայտնաբերել են մի կնոջ, ով 31 տարի շարունակ համարվում էր սպանված: «The Sun»-ի փոխանցմամբ` 1984թ. 24-ամյա Պետրա Պաժցիտկայի հարազատները հայտնել են ոստիկանության աշխատողներին, որ կինն անհետացել է. նա ներկա չի գտնվել եղբոր ծննդյան տոնակատարությանը։

Աղջկա անհետացման մասին տեղեկությունները հայտնվել են գերմանական ԶԼՄ-ի առաջին էջերում: Պաժցիտկային գտնելու անհաջող փորձերից հետո ոստիկանությունը ձերբակալել է մի մարդու, ով խոստովանել է, որ սպանել է աղջկան, սակայն որոշ ժամանակ անց հերքել է իր ասածները: Ոստիկանությանն այդպես էլ չի հաջողվել հայտնաբերել Պետրայի դին, և 1989 թ. նրան պաշտոնապես մահացած են ճանաչել:

31 տարի անց, սակայն, կնոջը հայտնաբերել են Դյուսելդորֆում, երբ նա ոստիկանություն է կանչել իր տունը կողոպտելու պատճառով: Կինը ներկայացել է որպես Շնեյդեր, սակայն այդպես էլ չի կարողացել ներկայացնել իր փաստաթղթերը: Արդյունքում՝ ստիպված է եղել խոստովանել, որ իր իրական անունը Պետրա Պաժցիտկա է:

Պարզվել է, որ տարիներ շարունակ նա քաղաքից քաղաք է տեղափոխվել և հարազատներից ոչ մեկին չի հայտնել իր գտնվելու վայրը: Կինն այդպես էլ չի պատմել այդ քայլին դիմելու պատճառների մասին, սակայն հայտարարել է, որ չի ցանկանում շփվել իր հարազատների և հասարակության հետ:

Ոստիկանության ներկայացուցիչներից մեկը հայտնել է, որ Պաժցիտկայի մայրն ու եղբայրը շոկի մեջ էին, երբ իմացել են, որ կինը ողջ է, և չեն կարողացել զսպել իրենց արցունքները:

Նշվում է, որ դատախազները չեն կարծում, որ Պետրան հանցագործություն է կատարել, բայց քանի որ նրան մահացած են ճանաչել, նա պետք է պաշտոնապես դիմի Գերմանիայի իշխանություններին՝ հայտնելով, որ ողջ է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը