Կարծիք

29.09.2015 13:45


Առանց վերջույթների ծնված երեխան միավորվել է ընտանիքի հետ

Առանց վերջույթների ծնված երեխան միավորվել է ընտանիքի հետ

Ամենաերկար, սպասված, ամենաերջանիկ լուրը
Փոքրիկ Ռաֆայելը, ով ոչ պրոֆեսիոնալ լրագրողների թեթև ձեռքով ստացավ «առանց վերջույթների փոքրիկ» մականունը, արդեն տանն է՝ մայրիկի և հայրիկի ջերմ ու ապահով գրկում:
Երջանկություն է գիտակցել, որ այս հեքիաթի մեջ «Բարի մաման» ունեցել է իր մեծ դերը՝ ցուցաբերելով հոգեբանական աջակցություն Ռաֆայելի՝ շուրջ մեկ տարի տանջվող և իրենց ոչ մի կերպ չներող ծնողներին:
Վերջապես ամեն ինչ ընկավ իր տեղը: Եվ զուր էին բժիշկների և վատը կամեցող մարդկանց ջանքերը: Ի վերջո փոքրիկը վերադարձավ ընտանիք:
Երբ Ռաֆուլը ծնվեց, երբ ծնողներին այդքան կարևոր էր զգալ, որ իրենք միայնակ չեն և կարող են հաղթահարել այս փորձությունը, օգնելու փոխարեն բժիշկները հորդորել են թողնել երեխային՝ բացատրելով, որ իրենք չեն կարող հոգ տանել փոքրիկի մասին: Երբ մայրիկն անգիտակից վիճակում էր, իսկ հայրիկը իրեն անզորությունից կորցրել էր, Հիպոկրատի երդում տված մարդիկ հորդորում էին գնալ ամենավատ քայլին: Ցավոք, սա է հայ իրականությունը: Եվ մանկատներում հայտնված երեխաների դառը ճակատագրի մեջ իրենց ահռելի լուման միշտ ունենում են բժիշկներն ու բուժանձնակազմը:
Հետո փոքրիկի ծնողները մեկնել են Ռուսաստան բուժվելու: Այդպես էլ չիմանալով, թե ինչ աղմուկ է բարձրացել: Սակայն երբեք իրենց չեն ներել և անընդհատ մտածել են Ռաֆայելի մասին:
Վերադառնալուն պես գնացել են մանկատուն, որ տեսնեն փոքրիկին: Նրանց ներս չեն թողել: Եվ հուսահատված ծնողները մտածել են, թե այլևս ոչինչ չեն կարող անել, որ իրենց մնում է միայն համակերպվել և երբեք հանգիստ չունենալ հոգեկան մտորումներից:
Իսկ հետո իրենց կյանքում հայտնվեց «Բարի մաման»: Արդյունքում ուշացումով եղավ այն, ինչ հնարավոր չէ այլևս փոխել: Այս պահին Ռաֆայելը վայելում է մայրական քնքշանքը, ջերմությունն ու սերը:
«Բարի մամայի» ստեղծման պատճառ դարձած հրաշքն արդեն տանն է: Այս մասին կարելի էր միայն երազել: Երևի թե զուր չէր այս ամենը: Փոքրիկն իր մեծ լուման ունեցավ մեր կազմակերպության ստեղծման մեջ, ծնողներն այժմ հասկանում են, թե ինչից էին զրկվել: Իսկ նրանց երջանկությանը նայելով՝ գուցե էլի ընտանիքներ միավորվեն: Գուցե լինեն ծնողներ, որոնք տանջվում են: Մենք կարող ենք օգնել: Դիմեք մեզ:
Հարգելի լրագրողներ, ուզում ենք տեղեկացնել, որ փոքրիկի հետ կապված յուրաքանչյուր հարցին իրավասու է պատասխանել միայն «Բարի մամայի» PR բաժինը: Իսկ յուրաքանչյուր անձ, ով կփորձի այս պահին խանգարել Ռաֆայելի ընտանիքի անդորրը՝ կպատժվի օրենքով, քանի որ իրենք այժմ գտնվում են իրավապահ մարմինների հսկողության տակ, որպեսզի կարողանան վայելել այսքան սպասված երջանկությունը և լրացնել մեկ տարվա բացը:
Երջանկությունն այնքան մոտ է... Պետք է պարզապես գնահատել այն, ինչ տալիս է ճակատագիրը:

«Բարի մամա» ՀԿ ներկայացուցիչ Մարինա Անդրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը