Աշխարհ

29.09.2015 13:08


Թուրքիայում բախումները շարունակվում են

Թուրքիայում բախումները շարունակվում են

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներն այսօր ևս շարունակվել են։ Ժամը 12:00 դրությամբ՝ սպանվել է 5, վիրավորվել՝ 4 ուժային, ձերբակալվել է PKK-ի 2 զինյալ:

Մասնավորապես, Դիարբեքիր նահանգի Քայափնար գավառի Շանլուրֆա ճանապարհին գտնվող «Արդարություն և զարգացում» կուսակցության շենքի մոտակայքում PKK-ի զինյալները կրակել են ոստիկանական զրահամեքենայի վրա։

PKK զինյալների մեկ այլ խումբ էլ հարձակվել է Էլազիգ ճանապարհով ընթացող զինվորական մեքենայի վրա։

Դիարբեքիր նահանգի Բիսմիլ գավառի մի քանի շրջաններում բախումներ են տեղի ունեցել արգելապատնեշներ տեղադրել ցանկացող PKK-ի զինյալների և ուժայինների միջև։ PKK-ի զինյալները նռնականետներով և հրազենով գրոհել են ուժայինների վրա, ինքնաշեն պայթուցիկ նյութեր նետել։

Իսկ Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում PKK-ի զինյալները հարձակում են գործել անվտանգության ծառայության շենքի վրա։ Ուժայինները պատասխան կրակ են բացել PKK-ի զինյալների վրա։

Բախումներ են եղել նաև Յեքսեքովա գավառի Իփեքյոլու ճանապարհի վրա գտնվող հետևակային 3 դիվիզիայի հրամանատարության մոտակայքում։

Ադանա նահանգի Դաղլըօղլու թաղամասում անհայտ անձինք կրակել են հիվանդանոցներից մեկի մոտ պարեկային ծառայություն իրականացնող ոստիկանական մեքենայի վրա։ Սպանվել է 2 ոստիկան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը