Լրահոս

29.09.2015 10:43


Կոռուպցիոն ռիսկեր գիտական աստիճանների շնորհման գործընթացում

Կոռուպցիոն ռիսկեր գիտական աստիճանների շնորհման գործընթացում

ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության տակ գտնվող Բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ) խախտել է պրոֆեսոր, տնտեսական գիտությունների թեկնածու Ամալյա Սարիբեկյանի իրավունքը:

Պրոֆեսոր Սարիբեկյանը Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության մասնագիտական խորհրդում հրապարակային պաշտպանել է իր դոկտորական ատենախոսությունը, ինչի արդյունքում Խորհուրդը որոշել է նրան շնորհել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան և դիմել Բարձրագույն որակավորման հանձնաժողով՝ աշխատանքը հաստատելու և համապատասխան վկայագիր տալու համար: ԲՈՀ-ը, ելնելով փորձաքննության արդյունքից, աշխատանքն ուղարկել է կրկնական քննարկման: Այնուհետև Ամալյա Սարիբեկյանը 2-րդ անգամ տնտեսագիտության մասնագիտական խորհրդում պաշտպանում է նույն թեմայով իր ատենախոսությունը, և Մասնագիտական խորհուրդը նրան կրկին շնորհում է գիտական աստիճան և, ըստ ընթացակարգի, աշխատանքն ուղարկում ԲՈՀ: Սակայն ԲՈՀ-ն, այս անգամ ևս հիմք ընդունելով փորձագիտական եզրակացությունը, ընդհանրապես բեկանում է մասնագիտական խորհրդի որոշումը:

Օմբուդսմենի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ԲՈՀ-ն ատենախոսության կրկնական քննարկման և բեկանման որոշումները կայացնելիս հիմնվել է փորձաքննության արդյունքների վրա այն դեպքում, երբ չունի որևէ սահմանված կարգ գիտական աստիճանների շնորհման գործընթացում: Այսինքն, փորձաքննության ուղարկելու գործընթացում չկան իրավական հիմնավորումներ. մասնավորապես՝ քանի անգամ նույն աշխատանքը կարելի է տալ փորձագետի փորձաքննությանը, քանի անգամ կարելի է փոփոխել ատենախոսության վերաբերյալ դիտողությունների կազմը և բովանդակությունը, որ դեպքերում և ինչ պայմաններում կարելի է նախատեսել կրկնակի և ավել փորձաքննություն, ինչպես և ինչ սկզբունքով պետք է անցկացվեն կրկնակի և ավել փորձաքննությունները, ինչպես նաև հստակեցված չեն բեկանման ընթացակարգերը:

Հաշվի առնելով, որ վերոնշյալ գործընթացների կանոնակարգված չլինելու, իրավական որոշակիության բացակայության և ԲՈՀ-ի նախագահի կամայականության պայմաններում է ԲՈՀ-ը մերժել Ամալյա Սարիբեկյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանի տրամադրումը` Օմբուդսմենը կայացրել է մարդու իրավունքների խախտման որոշում:

Օմբուդսմենը Կրթության և գիտության նախարարությանն առաջարկել է կարգապահական պատասխանատվության ենթարկել խախտում թույլ տված պաշտոնատար անձին և կանոնակարգել ոլորտում առկա բացթողումները, որպեսզի այսուհետ բացառվեն ԲՈՀ-ի հայեցողական որոշումները, քանի որ նման որոշումների ընդունումն իր մեջ ակնհայտորեն պարունակում է կոռուպցիոն ռիսկեր ու դրսևորումներ:

Ի դեպ, ոլորտում առկա մտահոգիչ բացթողումներն ընդունվել են Կրթության և գիտության նախարարության կողմից, սակայն, ցավոք, մինչ օրս դրանք շտկված չեն:

Օմբուդսմենի աշխատակազմ

Այս խորագրի վերջին նյութերը