Խմբագրական

28.09.2015 12:20


«Խաղաղության» կուսակցությունը և մոտալուտ պատերազմը (տեսանյութ)

«Խաղաղության» կուսակցությունը և մոտալուտ պատերազմը (տեսանյութ)

2008ից սկսած՝ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց «Ֆուտբոլային» դիվանագիտությունը՝ ինքն իրեն դիրքավորելով, այսպես կոչված, խաղաղության կուսակցության տիրույթում։

«Ֆուտբոլային» դիվանագիտությունն արտաքին քաղաքական ոլորտում էր կիրառվում, բայց ուներ ներքին քաղաքական նպատակ։ ՀՀԿ ղեկավարը փորձում էր իր ընդդիմախոսի ձեռքից խլել «քիրվայական» դրոշն ու դառնալ «Խաղաղության» կուսակցության առաջամարտիկը՝ հիմնական խնդիր ունենալով նախագահական աթոռի պահպանումը։

Մեր բոլոր այն զգուշացումները, որ հայ–թուրքական այդ գործընթացի արդյունքում հայկական կողմը չի ստանալու իր ուզածը (հայ–թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատում, հայ–թուրքական սահմանի բացում), և լարվածություն է առաջանալու Ղարաբաղի մասով՝ ընդհուպ մինչև պատերազմական գործողություններ, անուշադրության մատնվեցին։

Իշխանություններն ու նրանց ձայնակցող շրջանակները դրական էին գնահատում «Ֆուտբոլը»։ Նրանք «նախաձեռնողականությունը» հիմնավորում էին խաղաղության ձգտմամբ։ Քարոզում էին, թե ովքեր դեմ են հայ–թուրքական «ֆուտբոլին», նրանք «Պատերազմի» կուսակցության ներկայացուցիչներ են։

Հիմա նույն այդ շրջանակները դարձել են «ռազմահայրենասիրական» բնույթի գործիչներ, քանզի այդ տիպի մարդկանց վերջին հանգրվանը «ռազմահայրենասիրությունն» է։

Մենք տխրահռչակ «Ֆուտբոլային» դիվանագիտության սկզբում պնդում էինք, որ այդ արկածախնդրությունը ծանր է նստելու մեզ վրա, և որ այդ ամենի վերջը արյունն է։ «Հեղափոխական» այն օրերին լսող չեղավ, իսկ հիմա պարզվում է՝ բոլորը դարձել են «ռեմբոներ», ու մեր ջահելների արյան գնով ուզում են սեփական կաշին փրկել և սեփական կոպիտ սխալների համար այլոց կյանքով հատուցել։

Մենք տարիներ առաջ էինք խոսում այս ամենի մասին, բայց այն ժամանակ մեզ համարում էին «Պատերազմի» կուսակցության ներկայացուցիչներ։ Կյանքը, սակայն, ցույց տվեց, թե ով է խաղաղության, իսկ ով՝ պատերազմի կուսակցության ներկայացուցիչ։

Հիմա բանը բանից անցել է, և մի քանի օր առաջ Ղարաբաղը մեր մտքներում Հայաստանի մաս չհամարողը լրիվ հակառակ կարծիք է արտահայտում։ Դե, եթե բոլոր ոլորտներում տանուլ ես տալիս, ապա մնում է միայն «Ղարաբաղը մերն է» գոռալը և ջահել երեխեքին հրթիռների դեմ մեն–մենակ թողնելը։

7or.am

Հ.Գ.։ Կից տեսանյութը ԱԺ լսումներից մի հատված է (2009թ., հոկտեմբեր)։ Թեման՝ հայ–թուրքական գործընթացը և դրա հետևանքները։ Սա՝ պարզապես հիշեցման կարգով։

Ու լավ կլինի՝ նաև հիշենք, թե այսօրվա «ռազմահայրենասերներից» քանիսն էին այն օրերին սազն առած գովում «նախաձեռնողականությունը», հայ–թուրքական հարաբերությունների շուտափույթ բարելավում կանխատեսում և չնկատելու տալիս «ֆուտբոլային» դիվանագիտության արդյունքում ռազմական լարվածության առաջացման վտանգը։ Հայ զինվորների կորցրած արյունը սրանց պատասխանատվության ու խղճի վրա է։

Ամեն մարդ պետք է պատասխան տա իր արած քայլերի, հայտնած կարծիքի ու արձանագրած արդյունքների համար։

Այս խորագրի վերջին նյութերը