Խմբագրական

26.09.2015 20:15


Ադրբեջանի նոր մարտավարությունը. ո՞րը պետք է լինի Հայաստանի պատասխանը

Ադրբեջանի նոր մարտավարությունը. ո՞րը պետք է լինի Հայաստանի պատասխանը

Պետք չէ ջայլամային քաղաքականություն որդեգրել ու չտեսնելու տալ այն, որ մենք լայնամասշտաբ պատերազմի վերսկսման նախաշեմին ենք։ Ու եթե քայլեր չձեռնարկվեն, ապա ամեն ինչ կգնա դեպի էսկալացիա։

Տվյալ դեպքում փաստն այն է, որ 1994–ի զինադադարից այս կողմ նմանատիպ ինտենսիվությամբ և այդպիսի զինտեխնիկայով հարձակումներ Ադրբեջանի կողմից չէին եղել։

Սա ուղղակի հետևանքն է վերջին տարիներին Հայաստանի արձանագրած արտաքին («նախաձեռնողական») ու ներքին (տնտեսական) քաղաքական ձախողումների։ Հակառակորդը գրոհում է, որովհետև մենք ենք թուլացել։ Դրսերում մեղավորներ փնտրելը և այդ տեխնոլոգիայով իշխանություններին պաշտպանելը «անկախ» մամուլի միջոցների ու «փորձագետների» գործառույթն է։

Բաքուն փոխում է մարտավարությունը

Ալիևը սկզբում բացահայտեց Ադրբեջանի գործակալ Վահան Մարտիրոսյանին, վերջինիս միջոցով հոգեբանական գրոհ կազմակերպեց և անցավ բուն գործին։

Եթե նախկինում դիպուկահարներն էին աշխատում, և տեղի էին ունենում դիվերսիոն–հետախուզական հարձակումներ, ապա այժմ գործի է դրվել հրետանին։

Բաքուն այլևս չի ուզում գնալ կոնտակտային մարտի, քանզի համոզվեց, որ այդ դաշտում թույլ է։

Վերջին օրերի ռմբակոծությունները ցույց են տալիս, որ Բաքուն արդեն այդ մարտավարությունն է կիրառելու՝ փորձելով մարդկային ու նյութական կորուստներ պատճառել հայկական կողմին։

Ինչո՞ւ Բաքուն լկտիացավ

Այսօր Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե պատժիչ գործողություններ են իրականացվելու, որպեսզի հակառակորդը չմտածի, որ մարսեց իր լկտի պահվածքը։

Նա նաև ասել է, որ մեր տղաները զոհվել ու վիրավորվել են թիկունքում՝ առաջնագծից հինգ կիլոմետր հեռավորության վրա (ի դեպ, Նոյեմբերյանի վրա արձակված հրթիռի տեսակն, ըստ մասնագիտական կարծիքի, ցույց է տալիս, որ թշնամին դիրքավորվել է ՀՀ վարչական տարածքում)։

Այդ հայտարարությունները մի շարք ոչ հռետորական հարցեր են առաջացնում։

Եթե խոսվում է այն մասին, որ նորակոչիկները զոհվել ու վիրավորվել են առաջնագծից հինգ կիլոմետր հեռավորության վրա, ու դրանով իսկ փորձ է արվում արդարանալ, թե երեք ամիս ծառայողներին առաջին գիծ չեն ուղարկում, ապա հարց է առաջանում՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ մեզ թիկունքում հարվածում են ու ահագին վնաս տալիս (հայտնի է դարձել, որ ԼՂՀ–ում չորս զոհից բացի՝ կա նաև 16 վիրավոր, որից չորսի վիճակը շատ ծանր է, դե, իսկ երեք հոգու էլ մեկ օր առաջ սպանել էին Տավուշի մարզում)։

Ստացվում է, որ մենք համապատասխան օդային պաշտպանության համակարգ չունենք, կամ էլ ունենք, բայց այն չի կիրառվել։ Երկու դեպքում էլ վատ է, շա՛տ վատ։

Բաքուն հիմա իր նոր մարտավարությամբ փորձում է հետախուզական մարտ իրականացնել՝ հասկանալու համար, թե ինչքանով է մեր բանակը ապահովում մեր զինվորների ու խաղաղ բնակչության պաշտպանությունը օդից եկած մահացու վտանգից։

Հիշեցնեմ, որ ադրբեջանցիները մեկ–երկու անգամ սրանից առաջ փորձարկում արեցին, և տեսան, որ մեզ մոտ կաղում է օդային պաշտպանությունը։ Դա էլ դարձավ նրանց լկտիության հիմնական պատճառներից մեկը։

Լկտիության մեկ այլ պատճառը հայկական կողմի պատասխան հարվածի ցածր արդյունավետությունն էր կամ հակահարվածի իսպառ բացակայությունը («սաքուլիկներին» պարգև տալով և «հակաօլիգարխիկ» պայքարի շրջանակներում տարատեսակ դեմքերի մեդալի արժանացնելով Բաքվին չես վախեցնի)։

Դատարկաբանություն և էժանագին «մուտիլովկա» են բոլոր այն խոսակցությունները, թե, իբր, Ալիևը Պուտինի «դաբրոյով» է հարձակվում և Կրեմլի աջակցությամբ է լկտիացել։ Լկտիացման կեղծ պատճառներ ներկայացնելը ՀՀ և ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության վատ աշխատանքը թաքցնելու անհաջող փորձ է։

Հա՛, չմոռանամ ավելացնել։

Ալիևը լկտիանում է, քանզի համացանցի դարում այնտեղ էլ են արձանագրում, թե ինչպիսի առուծախի մթնոլորտ է տիրում Հայաստանում (Բ26–ին ծառայող «քաղաքացիականներից» մեկին իրենք վերասեփականաշնորհեցին ու քսի տվեցին Հայաստանի վրա), թե անվտանգության հարցերում ինչպիսի պետական քաղաքականություն է իրականացվում մեզ մոտ։ Արձանագրում են ու հարձակվում։

Հարձակման մասին նրանք միշտ են խոսել, բայց հոխորտանքից այն կողմ չեն անցել։ Հիմա հարձակվում են։ Նշանակում է՝ մենք տանուլ ենք տալիս պետականաշինության ու բանակաշինության հարցերում։ Բա այսքանից հետո Ալիևը ինչպե՞ս կարող է չլկտիանալ։

Ի՞նչ է պետք անել

Հայաստանը նախ և առաջ պետք է, այսպես ասած, փակի երկինքը, որպեսզի հրթիռները տեղ չհասնեն՝ օդում ոչնչացվեն։ Եթե այդ տեխնիկան մենք չունենք, ապա ՀԱՊԿ–ի անդամությունը մեզ հնարավորություն է տալիս ՌԴ–ի ներքին գներով դրանք ձեռք բերել Մոսկվայից։ Արվե՞լ է դա։ Իհա՛րկե, ո՛չ։ Ու այստեղ Պուտինն ու մյուսները կապ չունեն։ Իշխանությունները սիրում են փողերը ծախսել իրենց անձնական շահերից ելնելով։ Մարդն արժեք չէ իրենց համար, որ մտածեն նրան օդից եկած հրթիռից պաշտպանելու մասին։

Եվ էժանագին են այն խոսակցությունները, թե ՌԴ–ին ՀՀ–ն փողը տվել է, բայց նրանք զենքը չեն տվել, ֆլան, ֆստան... Նման բան չկա։ Կան անտարբեր վերաբերմունք և բացառապես սեփական աթոռի մասին մտածելու մթնոլորտ. մնացածի վրա թքած։

Իսկ եթե իշխանությունները կասեն, թե բա՝ փող չկա, ի՞նչ միջոցներով զենք գնենք, ապա նրանց պետք է հիշեցնել, որ վերջին յոթ տարիների ընթացքում ՀՀ–ն երեք միլիարդ դոլարից ավելի արտաքին պարտք է վերցրել։ Ո՞ւր են այդ միջոցները։ Եթե դրանք ուղղվել են տնտեսությանը, ապա զրո արդյունավետությամբ, այլապես կարելի էր տնտեսական համակարգից գումարներ ստանալ։

Չի արվել։ Չի արվել, քանզի «Այո՛ թալանին» կարգախոսն է գերիշխում։

Սրանք ճարպիկ են Որոտանի կասկադի մութ գործարքի, ՀԷՑ–ի թալանի, սրա ու նրա բիզնեսները խլելու, Հայաստանից փողերը մսխելու և դրանք դրսերի բանկերում տեղավորելու, օֆշորային մեքենայություններ անելու հարցերում, բայց ոչ պետական գործերում։

Հմտացած են նաև ընտրությունների ժամանակ տոկոս «խփելու» գործում ու հիմա զբաղված են բացառապես «սահմանադրական» հեղաշրջումը կյանքի կոչելու գործով։ Այս պայմաններում բնական է, որ մեր երեխեքը զոհվելու են թիկունքում կամ տարեցներն՝ իրենց տան մեջ։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե Բաքվում որոշեն ավելի մեծ քանակով ռմբակոծել մեր թիկունքը։

Հայաստանը լայնամասշտաբ պատերազմի նախաշեմին է, իսկ սրանք ուզում են «գենսեկի» ցմահ ինստիտուտ ներմուծել ու «հավերժ» իշխել։ Քաղաքական դաշտը ամայացրել են ու նեկրոֆիլ բնույթի հաճույք են ստանում՝ էժանագին նկարահանումներ կազմակերպելով քաղաքական դիակների հետ։

Պարզ է, որ ներքին լուրջ դիմադրության բացակայության պարագայում վակուումը լցվում է դրսից՝ Ալիևի ուղարկած հրթիռների միջոցով։ Ինչևէ։

Վերադառնալով անելիքների թեմային՝ նկատենք, որ բաց երկինքը փակելուց բացի՝ պետք է բացահայտել այն կետերը, որտեղից հրթիռային հարձակման են ենթարկվում ՀՀ և ԼՂՀ տարածքները։ Բացահայտումից հետո պետք է տեղի ունենան այդ հենակետի ոչնչացում և դիրքի գրավում։ Ուրիշ տարբերակ չկա։

Թշնամուն լռեցնելն իրավիճակային քայլերով կամ, այսպես ասած, պատժիչ գործողությունով չի ստացվի։ Պետք է անհամաչափ հարվածներ լինեն, որպեսզի հակառակորդը ստիպված լինի հանդարտվել։ Ու պետք չէ վախենալ, որ դա կբերի մեծ պատերազմի։ Մեծ պատերազմն արդեն թակում է մեր դուռն իրեն «խաղաղության կուսակցության» ներկայացուցիչ հռչակած ՀՀԿ ղեկավարի վարած «նախաձեռնողական» քաղաքականության արդյունքում։ Թաքնվել այլևս հնարավոր չէ։ Թաքնվելն է՛լ ավելի կմեծացի մեծ պատերազմի սկսման հավանականությունը և է՛լ ավելի կլկտիացնի Ադրբեջանին։

Պետք է, հետևաբար, մեծ պատերազմը կանխարգելող գործողություններ իրականացնել, որպեսզի մեծանա ՀՀ ու ԼՂՀ անվտանգության գոտին, և մենք կորուստներ չունենանք ինչպես բանակում, այնպես էլ խաղաղ բնակչության շրջանում։

Մի բան էլ՝ եթե այս ամենից հետո իշխանությունները շարունակեն սահմանադրական փոփոխությունների արկածախնդրությունը, ապա սրան արդեն այլ որակում պետք է տալ։

. . .

Վերը նշված դիտարկումները և առաջարկներն ընթացիկ իրավիճակին են վերաբերում։ Խնդրի արմատական լուծման և խաղաղության ապահովման համար մեզ ներքին լուրջ փոփոխություններ են պետք։ Քանզի այս իշխանություններն արդյունավետ կառավարելու ոչ ցանկություն, ոչ էլ կարողություն ունեն։ Սրանք իրենց «նախաձեռնողականությամբ» պատերազմ սարքող են, բայց պատերազմ հաղթող չեն։ Իսկ մենք դատապարտված ենք հաղթանակի, և ուրեմն, պետք է նոր որակի իշխանություն ձևավորել։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը