Կարծիք

05.02.2011 14:13


Անտարբերություն կամ...

Անտարբերություն կամ...

Ինձ թվում է՝ շատերն են լսում մեր երկրից, մեր երկրում տիրող բարքերից ու ապօրինություններից բողոքող մարդկանց, ովքեր խոսքի վերջում անպայման ավելացնում են, թե մեկ է, ոչինչ էլ չի փոխվի: Մի մասն այսպես է ասում, քանի որ իրոք չի ուզում, որ փոխվի, մի մասը չի հավատում, թե կփոխվի, մի մասն էլ ասում է պարզապես ասելու համար: Բայց այս արտահայտությունը վկայում է, որ մեր կողքին ապրում են բավական մեծ թվով մարդիկ, ովքեր իրենք չեն պատրաստվում ոչինչ անել ինչ-որ բան փոխելու համար և հույսը կապում են այլոց հետ: Կարելի է այս մարդկանց քննադատել, դատապարտել, կշտամբել, ասել, թե ամենավտանգավորն անտարբերներն են կամ մի կողմ քաշվածները: Բայց համաձայնեք, որ ավելի վտանգավոր են նրանք, ովքեր տպավորություն են թողնում, թե ամեն ինչ անում են դրական փոփոխությունների հասնելու համար, բայց իրականում ամեն ինչ անում են այս խայտառակ վիճակը պահպանելու համար:

Այսօր նրանք, ովքեր ի պաշտոնե կամ գործի բնույթով պետք է իսկապես ինչ-որ բան անեն երկրի վիճակը բարելավելու համար, կա՛մ ամեն ինչ անում են, որ ոչինչ չփոխվի, կա՛մ լավագույն դեպքում տան խոհանոցում դժգոհում են առկա իրավիճակից՝ նշելով, թե գնալով ամեն ինչ սարսափելի է դառնում:

Կարելի է երկար մտածել և քննարկել, թե որն է պատճառը, որ մեր հասարակությունում շատ են անտարբերները և նրանք, ովքեր իրենց քայլերով ու գործերով նպաստում են, որ ճահճային վիճակն ավելի խորանա, բայց ի վերջո կգանք այն եզրահանգման, թե պատճառն այն է, որ շատ են նրանք, ովքեր առաջնորդվում են նեղանձնական, նեղկլանային և այսրոպեական շահերով:

Հրաժարական տվեց մարդու իրավունքների պաշտպանը, այլ կերպ ասած՝ օմբուդսմենը, բայց մեզնից որևէ մեկն այդպես էլ չկարողացավ հասկանալ, թե այդ մարդն ինչ էր անում և իրականում ում էր պաշտպանում: Մենք նրան քննադատում էինք ու անցնում առաջ, և ոչ մի օր լրջությամբ չպահանջեցինք նրա հրաժարականը, անգամ այն ժամանակ, երբ նա չէր կողմնորոշվում՝ Հայաստանում քաղբանտարկյալ կա՞, թե՞ ոչ, և անգամ չհամարձակվեց գնահատական տալ ընթացող խայտառակ դատավարություններին: Հիմա մենք պարզապես քննարկում ենք, թե ով կփոխարինի նրան և որտեղ կաշխատի արդեն նախկին օմբուդսմենը: Սա կա՛մ անտարբերություն է, կա՛մ ...

Ամիսներ առաջ փակվեց Հայաստանում ամենաազդեցիկ կուսակցություններից մեկի' Հայոց համազգային շարժման տեսակետներն արտահայտող «Հայք» օրաթերթը: Թվում էր՝ քաղաքական շրջանակները, լրատվամիջոցները բուռն քննարկում կսկսեն, թե ինչու իշխանափոխություն պահանջող Հայ ազգային կոնգրեսը որոշեց ազատվել իր լրատվամիջոցներից մեկից: Ոչ մի բուռն քննարկում էլ չեղավ: Մեկ-երկու բացառությամբ՝ լռեցին թե՛ իշխանությունների, թե՛ Հայ ազգային կոնգրեսի, թե՛ այլ ուժերի շահերն արտահայտող լրատվամիջոցները: Սա կա՛մ անտարբերություն է, կա՛մ...

Շաբաթներ առաջ եթերից անհետացան ԱԼՄ-ը, «Արարատը», TV5-ը և «Հայրենիքը»: Թվում է, թե ամեն ինչ օրենքի սահմաններում է, բայց այստեղ տեղին է հիշել աճպարարների սիրած խոսքը' ձեռքերի ճարպկություն, և ոչ մի խաբեություն: Մի հրաշքով «Արարատին» փոխարինեց «Շողակաթը»: Ասում են՝ չի փոխարինել, հիմա «Արարատի» անունը «Շողակաթ» է: Մենք էլ լռեցինք և լուռ ասացինք' խաբեք մեզ, ինչքան կարող եք: Ովքեր տանը երեխաներ ունեն, կվկայեն, որ նրանք մինչև հիմա հարցնում են, թե ինչո՞ւ «Հայրենիքը» չկա: Վեցամյա Նարեկը ինքն իրեն բարձրաձայն հարցնում է, թե ինչ է, հիմա փուչիկների վրա «Ա՞ր» են գրելու, ու էլի է հարցնում՝ իսկ ի՞նչ վատ բան էր արել «Հայրենիքը»: Ո՞վ ում հարցրեց, որ փակեց միակ մանկական ալիքը, ո՞վ մասնակցեց քննարկմանը, ո՞վ դեմ կամ կողմ արտահայտվեց: Սա կա՛մ անտարբերություն է, կա՛մ...

Գագիկ Ծառուկյանն օրերս նշեց, որ եթե Ռոբերտ Քոչարյանը ցանկանար կամ ցանկանա կուսակցություն ղեկավարել, ապա վաղուց կգլխավորեր ՀՀԿ-ն: Հանրապետականներն այնպես իրար անցան, կարծես իրենք չէին ութ տարի շարունակ պաշտպանում և պաշտում նույն Քոչարյանին: Լրատավամիջոցների ճնշող մեծամասնությունն էլ կրկին տարօրինակ պահվածք որդեգրեց. որևէ լրագրող որևէ հանրապետականի չհարցրեց, թե ինչո՞ւ եք ձեզ վիրավորված զգում, երբ ասում են, թե Քոչարյանը կարող է գլխավորել ՀՀԿ-ն: Սա կա՛մ անտարբերություն է լրատավամիջոցների կողմից, կա՛մ...

Մի քանի օր շարունակ արհեստական կոպիտ միջամտությամբ դադարել էր «7օրի» աշխատանքը և հիմա էլ դեռ ամեն ինչ չի կարգավորվել: Ա՛յն կայքի, որը ամեն օր հազարավոր այցելուներ է ունենում։ Բայց՝ կրկին լռություն: Ու հիմա սա անտարբերությո՞ւն է, թե՞...

Մեր աչքի առաջ վարչախումբը, մեղմ ասած, երկակի ստանդարտներ է կիրառում. մե՛կ անհանդուրժող է բռնությունների նկատմամբ, մե՛կ հանդուրժող, մե՛կ իր համար գերագույն արժեքը մարդն է, մե՛կ էլ նույն այդ մարդկանց զրկում են օրվա հաց վաստակելու հնարավորությունից, և լրատվամիջոցներն ու քաղաքական ուժերի մեծամասնությունը կրկին անտարբեր են կամ ...

Նույնիսկ մակերեսային վերլուծությունը ցույց է տալիս, որ գերիշխող տարբերակը «կամ»-ն ու «թե»-ն են: Այնպես որ, մենք շատ լուրջ խնդրի առաջ ենք կանգնած և պետք է արմատական քայլերով փրկենք այս վիճակը, իսկ փրկել կարող ենք բացառապես նոր և թարմ մոտեցումներով՝ նոր և թարմ քաղաքական ուժերի մասնակցությամբ: Հակառակ դեպքում կրկին գրեթե բոլորը կշարունակեն դժգոհել առկա վիճակից ու վերջում էլ կավելացնեն, թե միևնույնն է' ոչինչ չի փոխվելու: Իսկ եթե այսպես շարունակվի ևս մի քանի տարի, ապա աղետն անխուսափելի կլինի:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը