Քաղաքական

25.09.2015 12:35


ԵԱՀԿ Մինսկի խումբ. «Յուրաքանչյուր կողմ մյուսին է մեղադրում»

ԵԱՀԿ Մինսկի խումբ. «Յուրաքանչյուր կողմ մյուսին է մեղադրում»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել՝ նշելով, որ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը և Պիեր Անդրյոն և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկն իրենց խիստ մտահոգությունն են հայտնել հայկական և ադրբեջանական ուժերի կողմից քաղաքացիական բնակավայրերում և դրանց շրջակայքում ականանետեր և ծանր զինտեխնիկա կիրառելու կապակցությամբ:

Հայտարարությունում նշվում է, որ նմանօրինակ զենքի կիրառումն անընդունելի լարվածություն է առաջացնում հակամարտությունում։

Համանախագահները նաև իրենց խորին ցավակցությունն են հայտնել զոհերի ընտանիքներին։

«Հնարավոր ամենաազդեցիկ ձևով կոչ ենք անում խուսափել քաղաքացիական անձանց շրջանում զոհերից: Կողմերը Ժնևի կոնվենցիայով պարտավորություն ունեն պաշտպանել քաղաքացիական անձանց անվտանգությունը»,- ասված է հայտարարությունում:

Նրանք նաև ափսոսանք են հայտնել, որ արձանագրված այդ միջադեպերը տեղի են ունեցել Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ծրագրված հանդիպման նախաշեմին՝ միաժամանակ հույս հայտնելով, որ նրանք լուրջ քննարկում կունենան բռնության սրման և բանակցային կարգավորման հարցերով առկա խնդիրների շուրջ։

«Չենք կարող հստակ հասկանալ, թե ինչպես է ծագել բռնությունը, քանի որ յուրաքանչյուր կողմ մյուսին է մեղադրում։ Հետևաբար, կողմերը պետք է աշխատեն ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմի ուղղությամբ, ինչպես դա քննարկել են նախագահները»,-նշվում է հայտարարությունում:

Ասվում է նաև, որ համանախագահները կշարունակեն աշխատել կողմերի հետ, որպեսզի լարվածությունը նվազեցվի, և տևական ու խաղաղ կարգավորման հարցում առաջընթաց գրանցվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը