Քաղաքական

27.09.2010 15:36


Քաղաքական տեխնոլոգ. «Արթուր Բաղդասարյանն իր կերպարը կոտրեց, Րաֆֆի Հովհաննիսյանն ընդհանրապես կերպար չուներ»

Քաղաքական տեխնոլոգ. «Արթուր Բաղդասարյանն իր կերպարը կոտրեց, Րաֆֆի Հովհաննիսյանն ընդհանրապես կերպար չուներ»

Քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը կանխատեսում է, թե առաջիկա խորհրդարանում ներառված կլինեն քաղաքական երեք միավորներ՝ Հանրապետական կուսակցությունը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը և Հայ ազգային կոնգրեսը։

Նրա հավաստմամբ՝ ո՛չ ՀՅԴ-ն, ո՛չ ՕԵԿ-ը և ո՛չ էլ «Ժառանգությունը» Ազգային ժողովում ներգրավված չեն լինի։ Իր ասածը նա բացատրում է այն փաստարկով, թե ՀՅԴ-ն վարկաբեկված ուժ է.

-Արթուր Բաղդասարյանը պայքարողի կերպար ուներ, իսկ պայքարողի կերպարը որոշակի ընտրազանգված ունի։ 2008թ. մարտի 1-ից հետո, երբ նա անցավ իշխանությունների ճամբարը, իր կերպարը կոտրեց, ու երբ որ դու կերպարդ կոտրում ես, ընտրազանգվածդ վերանում է։

Քաղաքական տեխնոլոգն ասել է, թե նույնը վերաբերում է «Ժառանգություն» կուսակցությանը.

-Ճիշտն ասած, Րաֆֆի Հովհաննիսյանն ընդհանրապես կերպար չուներ, ուղղակի նա նոր գործիչ էր, իսկ տատանվող ընտրազանգվածը միշտ շուտ է հակվում դեպի նոր ուժը։ Այս երեք տարվա ընթացքում դուք ընդհանրապես տեսե՞լ եք Րաֆֆի Հովհաննիսյանին, թե նա ով է, ինչով է զբաղվում. մի քանի պատգամավորների ենք տեսնում այդ կուսակցությունից։ Նա լիդերային կուսակցություն է, իսկ լիդերային կուսակցության հետևից գնում են այն մարդիկ, որոնց այդ լիդերը դուր է գալիս։ Րաֆֆի Հովհաննիսյանն ընդհանրապես չկա. եթե նա չկա, նրա հետևից ընտրազանգված չկա։

«Իսկ հնարավո՞ր է, որ առաջիկայում ինչ-որ շարժում լինի» հարցին PR-ի մասնագետ Կարեն Քոչարյանը պատասխանում է.

-Եթե հիշում եք, 2007թ. ամռանը ոչ-ոք չէր սպասում, որ շարժում կլինի, որովհետև 2007թ. խորհրդարանական ընտրություններ էին տեղի ունեցել՝ ընդհանրապես առանց շարժման, և ընդամենը երեք ամիս հետո սկսեց։ Էլի ոչ-ոք չէր հավատում, որ այդ շարժումը կլինի։ Չի բացառվում, որ կլինի շարժում։

Քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Ա. Բադալյանը կարծիք է հայտնել, թե Հայաստանում նախընտրական շունչ կզգացվի այն ժամանակ, եթե «Մոսկվան սիգնալ տա»։

Սյուզի Մելքոնյան

Այս խորագրի վերջին նյութերը