Լրահոս

22.09.2015 21:59


Հարուցվել է քր. գործ՝ Սմբատ Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ

Հարուցվել է քր. գործ՝ Սմբատ Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Սմբատ Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ։

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում այսօր ստացվել են Սմբատ Հակոբյանի հաղորդման հիման վրա ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախապատրաստված նյութերը, որոնք քննիչն ընդունել է վարույթ։

Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Սմբատ Հակոբյանը 2015թ. սեպտեմբերի 21-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը` ժամը 15:00-ի սահմաններում, Աբովյան փողոցում հինգ անհայտ անձինք անհիմն վիճաբանել են իր հետ, որի ընթացքում ձեռքերով, ոտքերով, ձեռքի տակ ընկած առարկաներով հարվածել մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ս.Հակոբյանի հիվանդության պատմագրի համաձայն` վերջինի մոտ ախտորոշվել է «կրծքավանդակի փակ կոտրվածք, 8-րդ կողի կոտրվածք, պնևմոթորաքս, ենթամաշկային էմֆիզեմա աջից»:

Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ սույն նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական առիթ՝ քննիչը որոշում է կայացրել հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Ս.Հակոբյանը ճանաչվել է որպես տուժող։ Քննիչն այցելել է բժշկական կենտրոն՝ նրան որպես տուժող հարցաքննելու, սակայն վերջինս ցուցմունք չի տվել՝ ինքնազգացողության վատ լինելու պատճառով։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու, մեղավոր անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը