Լրահոս

19.09.2015 13:51


«Մանկական եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան երգի և տեսահոլովակի պրեմիերան կկայանա հոկտեմբերի 6-ին

«Մանկական եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան երգի և տեսահոլովակի պրեմիերան կկայանա հոկտեմբերի 6-ին

«Մանկական եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան երգը պատրաստ է. մրցութային երգի եւ տեսահոլովակի պրեմիերան կկայանա հոկտեմբերի 6-ին: Հայաստանի ներկայացուցիչ Միկան (Միքայել Վարոսյան) այս տարի կներկայացնի ռոքնռոլ ժանրի երգ, որը թարմություն է եւ նորություն մրցույթի հայաստանյան մասնակցության պատմության մեջ: Երգն առանձնանում է իր դրական լիցքերով, որտեղ շատ սեր կա ու կյանք, ինչպես նաեւ հիշեցում ժպիտի աներեւակայելի ուժի եւ կարեւորության մասին: Միկան երգի միջոցով բարություն ու սեր է տարածելու մարդկանց մեջ՝ հաղորդելով նրանց բարձր պարային տրամադրություն: Երգը կկրի «LOVE/Լավ» խորագիրը: Երաժշտության հեղինակն է Լիլիթ Նավասարդյանը, խոսքերի հեղինակ՝ Ավետ Բարսեղյան, երաժշտության եւ խոսքերի համահեղինակն է Միքայել Վարոսյանը:

Մրցույթի այս տարվա հայաստանյան պատվիրակ Միկան անհամբերությամբ սպասում է, թե երբ հնարավորություն կունենա երգը ներկայացնելու մարդկանց եւ լսելու նրանց կարծիքները: «Ես չափազանց գոհ եմ ստացված արդյունքից, քանի որ այն իսկն ինձ համար է: Զգացողություններս այնքան շատ են, քանի որ երգը ռիթմիկ է, ինչպես ես ցանկանում էի, ինչպես նաեւ լիքն է էմոցիաներով՝ իմ էմոցիաներով»,- նշում է Միկան՝ հավելելով, որ ամենամեծ ձեռքբերումն այն կլինի, երբ այն մարդիկ, ովքեր կլսեն երգը, ստանան նույն զգացողությունները, ինչ ինքը:

Լիլիթ Նավասարդյանի խոսքով՝ երգի ստեղծման հարցում իրեն տրամադրել է Միկան՝ իր վառ կերպարով, շարժվելու ձեւով եւ հենց իրենից է եկել ռոքնռոլի գաղափարը: «Երգը հենց Միկային համապատասխան է, կարծես իր մասին լինի: Երբ առաջին անգամ կատարեց երգը, շատ ուրախացա, նա բոլորովին նոր կոնտեքստում բացվեց իմ առջեւ»,- ասաց Լիլիթը՝ հավելելով, որ Միկայի, իր եւ Ավետի խմբակային աշխատանքը գոհացուցիչ է ստացվել:

Խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը խոստովանում է, որ այս անգամ երաժշտության հնչողությանն ու կառուցվածքին համարժեք տեքստ գրելը բավական դժվարությամբ է ստացվել: «Երգն այս անգամ հետաքրքիր մարտահրավեր էր ինձ համար, լավ տրամադրության եւ հետաքրքիր էներգետիկ վիճակների համախմբում: Վստահ եմ, որ երգում երեւալու է Միկայի շնորհալիության ողջ գամման՝ ե՛ւ ձայնային, ե՛ւ պարային: Այն ստեղծված է Love/լավ երկակի բառախաղի հիման վրա»:

«Մանկական եվրատեսիլ-2015»-ի մասնակից երկրները 15–ն են՝ Հայաստան, Ալբանիա, Բելառուս, Բուլղարիա, Մակեդոնիա, Վրաստան, Իռլանդիա, Իտալիա, Մալթա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Սլովենիա, Նիդերլանդներ, Ուկրաինա:

Երգի տոնն այս տարի կանցկացվի #Discover (Բացահայտի՛ր) նշանաբանի ներքո նոյեմբերի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ Առաջին ալիքի www.1tv.am եւ Եվրատեսիլի հայաստանյան մասնակցության պաշտոնական կայքերում՝ www.eurovision.am, ինչպես նաեւ Միքայել Վարոսյանի պաշտոնական սոցիալական էջերում՝

Youtube- https://www.youtube.com/channel/UC7ZASukvQ-2iaY5xJRd-Udw

Facebook-https://www.facebook.com/pages/MIKA-Michael-Varosyan/501099243392111?__mref=message_bubble

Twitter- https://twitter.com/MIKA_JESC2015

Instagram- https://instagram.com/michaelvarosyan/

Առաջին ալիք

Հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը