Լրահոս

19.09.2015 10:36


ՀԷՑ-ը գնող ընկերության հիմնադիրն աշխատում է Սամվել Կարապետյանին պատկանող բանկում (տեսանյութ)

ՀԷՑ-ը գնող ընկերության հիմնադիրն աշխատում է Սամվել Կարապետյանին պատկանող բանկում (տեսանյութ)

«Հայաստանի էլեկտրական ցանցերը» գնող օֆշորային «Liormand Holdings Limited» ընկերության հիմնադիրներից մեկը՝ Սինան Բոդմերը, աշխատում է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Фора-банк»-ում: Այս մասին հայտնում է «Ազատություն»–ը։

Երեկ հայտնի դարձավ, որ Կիպրոսում գրանցված «Liormand Holdings Limited»-ը պատկանում է մեկ այլ՝ «Marcuard Heritage» ընկերությանը: Դրա պաշտոնական կայքէջում Սինան Բոդմերը (Sinan Bodmer) նշված է որպես ընկերության համահիմնադիր:

Իր հերթին «Фора-банк»-ը Սամվել Կարապետյանին պատկանող «Ташир» ընկերությունների խմբի ստորաբաժանումներից մեկն է, և բանկի պաշտոնական կայքէջում նշված է, որ 2003 թվականից «Marcuard Heritage» ընկերության մոսկովյան գրասենյակի ղեկավար Սինան Բոդմերը 2007-ից միաժամանակ հանդիսանում է նաև «Фора-банк»-ի տնօրենների խորհրդի անդամ:

Երկու օր է՝ «Ташир» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը չի պատասխանում «Ազատության» հարցմանը՝ արդյոք Սամվել Կարապետյա՞նն է ՀԷՑ-ի գնորդը, ով «Forbes»-ի ներկայացմամբ՝ 2015-ին Ռուսաստանի 26-րդ հարուստ անձնավորությունն է՝ իր 4 միլիարդ դոլար կապիտալով:

Դիմեցինք ռուսաստանաբնակ գործարարի եղբորը՝ ԱԺ հանրապետական պատգամավոր Կարեն Կարապետյանին՝ արձագանքելու վերոհիշյալ տեղեկություններին: Պատգամավորը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց, որ ՀԷՑ-ի գնորդն իր եղբայրն է:

«Ես «Տաշիր գրուփ»-ի մամուլի քարտուղարը չեմ, լավ կլինի՝ իրեն դիմեք, ինքը բոլոր հարցերի պատասխանը սպառիչ կտա։ Ես պատգամավոր եմ և իմ գործերով եմ զբաղվում»,- ասաց Կարապետյանը։

Երկրորդ օրն է, ինչ հայտնի է դարձել, որ ռուսաստանյան «Интер РАО»-ն մտադիր է վաճառել ՀԷՑ-ը օֆշորային ընկերության, սակայն հայտնի չէ, թե ով է կանգնած այդ ընկերության հետևում. Կառավարության անդամները, որ պետք է մոտ մեկ շաբաթից իրենց եզրակացությունը տան՝ թույլատրե՞լ գործարքը, թե՞ ոչ, երեկ «Ազատությանն» ասացին, որ մանրամասների չեն տիրապետում:

«Интер РАО»-ի մամուլի ծառայությունը ևս որևէ հստակ տեղեկություն չի հայտնում: Երեկ «Ազատության» հետ զրույցում ընկերության մամուլի քարտուղար Նիկոլայ Գորելովը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց տեղեկությունը, որ ՀԷՑ-ի գնորդը Սամվել Կարապետյանն է: Դիմել ենք նաև ՀԷՑ-ը գնող կիպրոսյան ընկերությանը, արձագանք դեռ չկա:

Մանրամասները՝ «Ազատություն»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը