Աշխարհ

18.09.2015 19:06


Գերմանացիները հրաժարվել են հունգարացիներին փշալարեր վաճառել

Գերմանացիները հրաժարվել են հունգարացիներին փշալարեր վաճառել

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում գտնվող ընկերությունը հրաժարվել է իր հունգարական գործընկերներին մոտ 10 հազ փշալարի կապուկ վաճառել, որով հունգարացիները պատրաստվում էին ամրացնել իրենց սահմանները:

«Die Welt»-ի փոխանցմամբ՝ գերմանացիները հայտարարել են, որ փշալարը հարկավոր է տարածքը հանցագործներից պաշտպանելու համար, իսկ փախստականները հանցագործ չեն:

Աղբյուրը նշում է, որ Բուդապեշտի իշխանությունները փնտրում էին փշալարի մատակարարին դեռ օգոստոսին, սակայն գերմանական 2 ընկերություն հրաժարվել է գործարք կնքել:

Ըստ թերթի՝ փշալարը, որը փորձում էին գնել հունգարացիները, օգտագործվում է ատոմակայանների և ռազմական օբյեկտների պաշտպանության համար, իսկ լարի սուր հատվածները կարող են մարդու մարմնի վրա խոր պատռվածքներ առաջացնել։

Գերմանական ընկերությունների կողմից մերժում ստանալուց հետո Հունգարիայի իշխանությունները դիմել են Չինաստանին, որի արտադրած փշալարը հայտնվել է Հունգարիայի և Սերբիայի հետ սահմանին:

Նշվում է, որ հունգարական սահմանը փակելուց հետո փախստականներն ուղևորվել են Խորվաթիա: Մեկ օրվա ընթացքում երկիր է մուտք գործել 6,5 հազ փախստական:

Խորվաթիայի արտգործնախարար Ռանկո Օստոյիչը հայտարարել է, որ իր երկիրն այլևս չի կարող ներգաղթյալներ ընդունել` հավելելով, որ իշխանությունները պատրաստ են ներգաղթյալներին անվտանգ կերպով հասցնել փախստականների տեղավորման կենտրոն, սակայն նրանք, ովքեր չեն դիմի ապաստան ստանալու համար, համարվելու են ապօրինի ներգաղթյալներ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը