Աշխարհ

18.09.2015 17:25


ՌԴ–ն և Չինաստանը նպատակասլաց կրճատում են ԱՄՆ–ի առաջընթացը

ՌԴ–ն և Չինաստանը նպատակասլաց կրճատում են ԱՄՆ–ի առաջընթացը

ՌԴ–ն և Չինաստանը նպատակասլաց կրճատում են ԱՄՆ–ի ռազմա–տեխնիկական առաջընթացը։ Այս մասին ասել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը։

«Մեր ռազմական տեխնոլոգիաները ներկայումս շարունակում են մնալ լավագույնը,–հանգստացրել է Քարթերը ԱՄՆ ՌՕՈւ–ից իր գործընկերներին,–բայց, միևնույն ժամանակ, մենք չենք կարող անտեսել համաշխարհային միտումները՝ առաջադեմ ռազմական տեխնոլոգիաները, որոնք երկար ժամանակ հասանելի էին միայն տեխնոլոգիապես ամենազարգացած հակառակորդներին, սկսում են ընկնել ինչպես ոչ պետական գործիչների ձեռքը, այնպես էլ այն բանակների, որոնց տեխնոլոգիական պոտենցյալը մինչև վերջին ժամանակներս վախ չէր առաջացնում»։

«Վեստի»–ի փոխանցմամբ՝ Քարթերը, հավանաբար, ակնարկել է Չինաստանին, որը մինչև վերջերս չէր տիրապետում ռազմական լուրջ տեխնոլոգիաներին։ Սակայն, ինչպես արտադրական մյուս ապրանքների դեպքում, չինացի ինժեներները բավականին հաջողել են նաև առաջավոր սպառազինության պատճենահանման գործում՝ պետական գանձարանի համար տնտեսելով խոշոր գումարներ։

Չինական զենքի պատշաճ մակարդակի մասին առաջին անգամ լրջորեն խոսեցին Պեկինի զորահանդեսից հետո՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին նվիրված հոբելյանական տոնակատարությանը։

«Ակնհայտ է, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են ՌԴ–ն և Չինաստանը, ռազմական արդիականացման ծրագիր են կյանքի կոչում, որպեսզի կրճատեն ԱՄՆ–ի հետ իրենց տեխնոլոգիական կտրվածությունը,–հավելել է Քարթերը։ –Նրանք նոր հարթակներ և համակարգեր են ստեղծում, որոնք ունակ են կրճատելու ուժերի պրոյեկցիայի և շարժման ազատության մեր ավանդական առավելությունները։ Նրանք շարք են հանում հեռանկարային ինքնաթիռներ, բալիստիկ, թևավոր, հականավային և հակաօդային հրթիռներ՝ մեծ հեռավորությամբ և առավելագույն ճշտությամբ»։

Պետք է նշել, որ, ըստ ամերիկյան «The Global Firepower» փորձագիտական պորտալի, ՌԴ–ն մտել է աշխարհում ամենամեծ ռազմական հզորության տիրապետող երկրների եռյակը։

Զորավարժությունների, մանևրների և հրաձգության աճը, որոնք ցուցադրում է ռուսական ԶՈւ–ն վերջին տարիներին, Պենտագոնին սկսեցին առանձնապես անհանգստացենլ այն ժամանակ, երբ գերատեսչության ղեկավարությունը ստանձնեց Էշթոն Քարթերը։

Վերջերս Վաշինգտոնը բառացիորեն հիստերիկա բարձրացրեց Սիրիայի կառավարությանը ՌԴ ցուցաբերած ռազմական օգնության պատճառով։ Սակայն Դամասկոսի և Մոսկվայի միջև ռազմա–տեխնիկական համագործակցությունն արդեն տասնամյակների պատմություն ունի, և, Պուտինի խոսքերով, չի ընդհատվելու։

Ըստ ռուսական ղեկավարության՝ սիրիական բանակը ներկայումս միակ ուժն է, որն ունակ է դիմադրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին, և Ասադի ռեժիմին ցուցաբերած աջակցությունը Կրեմլը դիտարկում է իբրև սեփական ներդրում միջնադարյան այդ չարիքի դեմ պայքարում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը