Աշխարհ

18.09.2015 11:25


Փախստականների հետ ծեծել են նաև սերբ լրագրողներին (տեսանյութ)

Փախստականների հետ ծեծել են նաև սերբ լրագրողներին (տեսանյութ)

«Վեստի»–ի փոխնացմամբ՝ փախստականները շարունակում են «գրավել» Խորվաթիայի գնացքները։ Երկրի վարչապետը խոստացել էր նրանց միջանցք տրամադրել Կենտրոնական Եվրոպա հասնելու համար, և այժմ հազարավոր մարդիկ շտապում են օգտվել դրանից։

Ներգաղթյալներով բեռնված մի քանի կառախումբ արդեն Սլովենիա է մեկնել։ Սակայն այդ ընթացքում Լյուբլյանայից հրաման է տրվել փակել ճանապարհները, իսկ Հունգարիան սահմանին ռազմական տեխնիկա է տեղակայում։

Խորվաթիայում քաոս է սկսվել։ Մարդիկ դժգոհում են, որ ստիպված են ավտոբուս նստելու համար գրանցվելու համար երկար սպասել։ Նրանք սկսել են փախչել ոստիկանական շրջափակումից տարբեր ուղղություններով։

Խորվաթական իշխանություններն այնուհետև հայտարարել են, որ պատրաստ չեն իրենց երկրով փախստականների տարանցումը կազմակերպել։ Ոստիկանությունը սպասողական դրության մեջ է. նախագահն արդեն հրամայել է բանակին պատրաստ լինել պետական սահմանը պաշտպանելու համար։

Իսկ հունգարական ոստիկաններն արդեն ցույց են տվել՝ ինչպես է պետք պաշտպանել պետական արժեքները։ Քաշքշուկների ժամանակ ոստիկանները փախստականների հետ ռետինե փայտերով ծեծել են նաև սերբական «РТС» հեռուստաալիքի նկարահանող խմբին։

Լրատվամիջոցի թղթակից Ելենա Դուրովիչի խոսքերով՝ խփում էին մեջքին ու գլխին, կոտրել են աղջկա թևը, օպերատորն ու ձայնային ռեժիսորը բազմաթիվ վնասվածքներ են ստացել։ Լրագրողները պատմել են, որ միանգամից մի քան սպա է հարձակվել իրենց վրա։

«Ծեծում էին բոլորին՝ թե՛ կանանց, թե՛ երեխաներին, թե՛ մեզ»,–ասել է տեսաինժեները՝ հավելելով, որ կոտրել են նաև սարքավորումները։

Լրագրողները ներկայումս Բելգրադի հիվանդանոցում են, սակայն հունգարական իշխանությունները ոչ մի կերպ չեն արձագանքել, ոստիկանությունն էլ ներողություն չի խնդրել։

Կատարվածից հետո փախստականնեը ստիպված են որքան հնարավոր է՝ հեռու փախչել Հունգարիայի անհանգիստ սահմանից։ Առնվազն 60 ուղևորով ավտոբուսներով նրանց հասցնում են խորվաթական սահման. տոմսն արժե 40 եվրո։

Խորվաթական սահմանին փախստականների քանակն օրեցօր աճում է։

«24 ժամվա համար սա բավականին մեծ թիվ է Խորվաթիայի համար։ Բայց ես ուրախ եմ, որ Խորվաթիան կարողացավ ցույց տալ իր մարդկային դեմքը»,–ասել է երկրի նախագահ Քոլինդա Գրաբար–Քիթարովիչը։

Ներգաղթյալները նոր ուղի են գտել՝ շրջանցել Հունգարիան. սերբական իշխանությունները նրանց ավտոբուսներ են նստեցնում Մակեդոնիայի սահմանից և տանում Խորվաթիա, այնուհետև՝ Սլովենիա, ու փախստականները նշանակետում են։

Սակայն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն օրերս ասել է. «Գերմանիան գրավիչ երկիր է համարվում՝ լավ հեղինակությամբ։ Դրա համար էլ շատ մարդիկ են օգնություն սպասում մեզանից։ Եկեք անկեղծ լինենք. մենք պաշտպանություն կտանք նրանց, ովքեր դրա կարիքն իսկապես ունեն, իսկ մյուսներին հարկավոր է ասել. «Դուք պետք է լքեք Գերմանիան, քանի դեռ պաշտպանության կարիք չունեք»»։

Հունգարական ցանկապատի մոտ տեղի ունեցածը վեճ է առաջացրել Եվրոպայի հարավ–արևելքում։ Ռումինիան կանչել է հունգարական դեսպանին, Բուխարեստը դժգոհ է իր սահմանի ցանկապատումներից, Սերբիան և Խորվաթիան կշտամբել են Բուդապեշտին չարդարացված դաժանության համար։ Բայց դժվար թե դա անդրադառնա հունգարացի առաջնորդի պահվածքի վրա. Օրբանը չի ուզում պատասխանատվություն կրել ուրիշների որոշումների համար։

«Ինչպես՞ լուծել փախստականների հարցը։ Առաջին հերթին լավ կլիներ դադարեցնել մշտապես կործանել պետությունները։ Երբ Սիրիայում «արաբական գարուն էր», մենք՝ եվրոպացիներն ու ամերիկացիները, աջակցում էինք գոյություն չունեցող ընդդիմությանը, չնայած պարզ էր, որ նրանցից երկրի ղեկավար դուրս չի գա, իսկ երկիրը կքանդվի... Հետևաբար, պետք է ականջին օղ անել՝ այլևս չկործանել պետությունները»,–ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

Մի բան ակնհայտ է՝ պատերազմներից ավերված երկրների բնակիչների թիվը Եվրոպայում մինչև տարեվերջ կանցնի միլիոնից, և այլևս ոչ մի ցանկապատ նրանց չի կանգնեցնի. իզուր չեն այդքան երկար գնացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը