Լրահոս

17.09.2015 22:00


Ավարտվել է Սիլիկյան թաղամասում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քր. գործի նախաքննությունը

Ավարտվել է Սիլիկյան թաղամասում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քր. գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Սիլիկյան թաղամասում զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ կատարված խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է շարժառիթը, մասնակից անձանց շրջանակը:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2015թ. հուլիսի 8-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Կ.Մարտիրոսյանը Սիլիկյան թաղամասի 11-րդ փողոցում ավտոմեքենան արագ վարելու կապակցությամբ նույն փողոցի բնակիչ Ռ.Մելքոնյանի կողմից ստացել է դիտողություն։

Տղայի հայրը և երկու հորեղբայրները՝ Հրաչյա, Հրանտ եւ Աշոտ Մարտիրոսյանները, նշված դիտողությունն ընդունել են որպես իրենց անձն ու ինքնասիրությունը ոտնահարող հանգամանք և հասարակության մեջ՝ Սիլիկյան թաղամասի բնակիչների շրջանում, իրենց անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, հանրային վայրում ցուցադրական կերպով անտեսելով համակեցության կանոնները՝ ցանկացել են Ռազմիկ Մելքոնյանից հաշվեհարդար տեսնել և դրանով իսկ հասարակության շրջանում վախի զգացողություն առաջացնել։

Մասնավորապես՝ հուլիսի 09-ին` ժամը 13:30-ի սահմաններում, Մարտիրոսյան եղբայրներն այցելել են Ռազմիկ Մելքոնյանի տուն, թեև համոզվելով, որ վերջինս տանը չէ՝ շարունակել են իրենց հանցավոր մտադրությունները և որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարել խուլիգանություն, ինչը զուգորդվել է անձի նկատմամբ բռնության գործադրմամբ, ուրիշի գույքի ոչնչացմամբ։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Հրաչյա, Հրանտ եւ Աշոտ Կառլենի Մարտիրոսյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ):

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և քրեական գործն ուղարկվել է դատարան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը