Լրահոս

17.09.2015 16:44


Արամ Մանուկյան. «Սա քաղաքական քյալլագյոզություն է»

Արամ Մանուկյան. «Սա քաղաքական քյալլագյոզություն է»

Սերժ Սարգսյանի նախաձեռնած Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը պնդել է՝ այսօր Հայաստանը չի գտնվում այն իրավիճակում, որ պետք է կառավարման մոդելի փոփոխության գնալ։ Նրա համոզմամբ՝ այսօր Հայաստանը կարիք ունի ուղղաձիգ, ուժեղ իշխանության։

–Այս չարեփոխումների արդյունքում Հայաստանը հայտնվելու է մի աննորմալ վիճակում։ Գտնում ենք, որ այս փոփոխության անհրաժեշտությունը չկա։ Սա կարող է բերել արկածների, սա բերելու է լուրջ ցնցումների։ Ինչի՞ համար են էս փոփոխություները, ի՞նչ են տալու ձեզ էս փոփոխությունները։ Ոտնահարված օրենքի փոփոխության իմաստը ո՞րն է։ Միայն նրա համար, որ մի հոգի՞ է ուզել։ Դուք գերի, պատանդ եք դարձել մի հոգու ցանկությա՞ն։ Չէ՞ որ դուք էլ չեք ուզում, չէ՞ որ երբ ձեզ հետ զրուցում ենք, դուք էլ եք ասում, որ սա ռեալ ռիսկ է։ Հանրապետականի մի մասն իսկապես գիտի, որ չարժե գնալ էսպիսի արկածախնդրության։ Ի՞նչ է սա տալու՝ բացի նրանից, որ, ինչպես դուք եք ասել, Սերժ Սարգսյանը հո տանը չի՞ նստելու։ Ուրեմն, ով տանը չի ուզում նստել, պետք է գա երկիր ղեկավարի՞։ Ի սեր Աստծո, տարե՛ք ձեր տուն,–ասել է Ա. Մանուկյանը՝ դիմելով ՀՀԿ–ականներին։

Նա նաև նշել է, որ շողոքորթության շքերթ է խորհրդարանում ստեղծվել։

–Մարգարիտներ եք շարում։ Նույնիսկ հասել է այնտեղ, որ ներկայացվում է՝ նոր Սահմանադրությամբ նոր մարդ է կերտվելու։ Տեսա՞ք՝ հոմոսովետիկո՛ւս։ 60–ականներին հայտարարվեց, որ Սովետական Միությունը նոր մարդու տեսակ է կազմավորել։ Եվ դուք հոմոսերժիկուս եք ձևավորո՞ւմ։ Էս ի՞նչ է էս քծնանքի շքերթը։ Դուք գնում եք շատ մեծ ռիսկի. սա քաղաքական քյալլագյոզություն է։ Ի՞նչ պարտադիր է, որ հաջորդ ղեկավարը լինի Սերժ Սարգսյանը։ Ուրիշին փորձեք բերել խաղադաշտ։ Չի կարելի էսպես երկիր ղեկավարել՝ անձնական արժանապատվությունը թողած, երկրի շահը թողած՝ մի հոգու ցանկությունն իրականացնել,–եզրափակել է Ա. Մանուկյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը