Լրահոս

17.09.2015 14:20


Մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հետիոտնին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ:

2015թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ա.Եդոյանի վարած «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում` թիվ 20 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկվել հետիոտն Խորեն Մկրտչյանը, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում 13.09.2015թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ վրաերթի բոլոր հանգամանքների օբյեկտիվ եւ բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Հարցաքննվել են մի շարք անձինք, նրանց թվում՝ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը։

Հանձնարարություն է տրվել ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնին` դեպքին ականատես վկաներ հայտնաբերելու, ինչպես նաև դեպքի վայրում հնարավոր տեսախցիկների առկայությունը պարզելու եւ տեսագրությունները վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար։

Գրություն է ուղարկվել ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն` Ռուբինյանց և Պ.Սևակ փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկների կողմից արձանագրված տեսագրությունները ստանալու համար:

Նշանակվել են դիակի դատաբժշկական, համալիր` դատահետքաբանական, դատաքիմիական և մանրաթելային, ինչպես նաև՝ դատաավտոտեխնիկական փորձաքննություններ:

Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը