Կարծիք

27.09.2010 10:37


Ինչի՞ մասին է լռում Տեր-Պետրոս- յանը-2

Ինչի՞ մասին է լռում Տեր-Պետրոս- յանը-2

 սկիզբը՝ տե՛ս

Արտաքին խառնաշփոթ

1. Իր գրեթե բոլոր ելույթներում առաջին նախագահն իշխանություններին մեղադրում է ԼՂ կարգավորման հարցում վարած «կործանարար» քաղաքականության համար: Պնդում է, թե հայ-թուրքական հաշտեցման գործընացում ցեղասպանության իրողությունը քննող պատմաբաններից կազմված հանձնաժողովի ստեղծման պայմանին համաձայնելով' իշխանութթյունն ուղղակի ուրացման քաղաքականություն է վարում: Շարունակելով պնդել այդ մոտեցումը' սեպտեմբերի 17-ի   հանրահավաքում նա երկու կոնկրետ պահանջ է դնում իշխանության առջև. «...Վճռականապես դեմ ենք գործելու կարգավորման ցանկացած ծրագրի, որում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացված չէ որպես հակամարտության կողմ, ինչպեսև ցանկացած համաձայնագրի, որի տակ չի լինի վերջինիս ներկայացուցչի ստորագրությունը: Մենք նույն վճռականությամբ դեմ ենք լինելու նաև հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը, քանի դեռ նրանցից չի հանվել հայ և թուրք պատմաբաններից կազմված միջկառավարական հանձնաժողովի ստեղծմանը վերաբերող դրույթը»,-ասում է առաջին նախագահը: Տեր-Պետրոսյանն այս կարծիքին էր նաև 2009թ., 2008թ.: Սակայն չգիտես ինչու՝ 2008թ. հոկտեմբերի 17-ի հանրահավաքում հնչեցրած իր ելույթում նշում է. «Ռուս-վրացական հակամարտության հետևանքով ղարաբաղյան կարգավորման գործընթացում տեղի ունեցած շրջադարձից հետո Շարժման ակտիվությունը, ինքնաբերաբար, թուլացնում է Սերժ Սարգսյանի դիրքերը ու դրանով մեծացնում նրա վրա արտաքին ճնշումներ բանեցնելու և նրանից զիջումներ կորզելու հնարավորությունը։ Այսինքն՝ վտանգ է առաջանում, որ ընդդիմությունը, իր կամքից անկախ, կարող է գործիք դառնալ արտաքին ուժերի ձեռքին: ...Հետևաբար, անկեղծորեն կողմ լինելով թե՛ Ղարաբաղյան հակամարտության, թե՛ հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը, մենք չենք ուզում Հայաստանի իշխանություններին խանգարել լուծելու այդ խնդիրները»։ Եթե իշխանությունները վարում էին և են ուրացման ու դավաճանական արտաքին քաղաքականություն, որը ավելի էր դժվարացնելու ազգային շահերի պաշտպանությունը, ապա ո՞րն էր ընդհանրապես պայքարը ժամանակավորապես սառեցնելու' Տեր-Պետրոսյանի ընդունած քաղաքական որոշման իմաստը: Չէ՞ որ դրանով, կամա թե ակամա, ՀԱԿ-ը հանդես էր գալիս իշխանության վարած քաղաքականությունը պաշտպանողի դերում: Ինչպես հայտնի է' անգործությունը կարող է նույնքան հանցագործություն լինել, որքան գործողությունը:

2. Մինչև հիմա ՀԱԿ-ը, ԼՂ բանակցությունների հետ կապված, որդեգրել էր հետևյալ դիրքրոշումը. «Մենք համաձայն կլինենք ցանկացած լուծման, եթե դրան կողմ արտահայտվի Ղարաբաղը»: Ընդ որում' Տեր-Պետրոսյանը բազմիցս ԼՂՀ իշխանություններին մեղադրում էր նախաձեռնողականություն չցուցաբերելու, Հայաստանի իշխանությունների կցորդը լինելու համար: Ինչո՞ւ էր այն ժամանակ ՀԱԿ-ը նախընտրում թաքնվել ԼՂ ժողովրդի կարծիքի թիկունքում, եթե կարող էր, ինչպես հիմա, պայքարի շարժառիթ դարձնել բանակցություններում ԼՂՀ-ի նախկին կարգավիճակը վերականգնելու պահանջը' անգամ անտեսելով ԼՂՀ իշխանությունների վարած հարմարվողական քաղաքականությունը: Այս առումով Տեր-Պետրոսյանի դիրքորոշումներում ի հայտ է եկել մի նոր «մանրուք»: Գոնե անցած 2 տարվա ընթացքում Տեր-Պետրոսյանը երբեք ԼՂ շուրջ ձեռք բերված վերջնական համաձայնությունը, փաստաթուղթը նաև Հայաստանում հանրաքվեի դնելու պահանջ չէր ներկայացրել: Եվ դա տեղավորվում էր' «ինչպես կցանկանա ԼՂ ժողովուրդը» բանաձևի շրջանակներում: Սակայն հիմա Տեր-Պետրոսյանն ասում է. «Մենք պահանջելու ենք նաև, որ Ղարաբաղյան կարգավորման վերջնական համաձայնագիրը հանրաքվեի դրվի Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում, ինչն արտառոց չպետք է համարել, քանի որ ժամանակին նման գաղափար եղել է Մինսկի խմբի համանախագահության առաջարկներում»։ Ըստ էության, սա նոր, ավելի արմատական մոտեցում է: Իսկ թե ինչն էր խանգարում, որ դրա մասին Կոնգրեսի առաջնորդը խոսեր ավելի վաղ,  մնում է անհասկանալի: Եթե դա սկզբունքային դիրքորոշում է, այլ ոչ թե պահանջներում սրություն մտցնելու ցուցադրական ակցիա, ապա անհասկանալի է, թե ինչու էր նա լուռ հետևում իշխանություններին ավելորդ զիջողականության համար մեղադրող ազգայնական ուժերի տարերային, անպտուղ շարժմանը: 

3. ԼՂ հարցում, սակայն, սա Տեր-Պետրոսյանի միակ հակասական դիրքորոշումը չէ: Պարզվում է, ՀԱԿ առաջնորդը չի կողմնորոշվում նաև ավելի լայն, տարածաշրջանային գործընթացների, հատկապես տարածաշրջանում Ռուսաստանի դերակատարության վերաբերյալ իր գնահատականներում:

2008թ. հոկտեմբերի 17-ի հանրահավաքում նա ասում է. «Դժբախտաբար, այդ ձևաչափի խախտման և դրանից Ռուսաստանի դուրսմղման վտանգը միանգամայն իրական է, քանի որ վերջինս, ամբողջապես զբաղված լինելով Վրաստանի իրադարձությունների առթիվ ծագած միջազգային ճգնաժամի հաղթահարմամբ, հազիվ թե կարողանա ինչ-որ կերպ դիմակայել Ղարաբաղի հարցում Արևմուտքի դրսևորած ակտիվությանը։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ Արևմուտքի ջանքերով Ղարաբաղյան հակամարտության միակողմանի կարգավորման պարագայում Ռուսաստանը դուրս է մնալու նաև տարածաշրջանում տեղակայվելիք խաղաղարար ուժերի կազմից։ Իսկ դա նշանակում է Այսրկովկասում Ռուսաստանի ազդեցության եթե ոչ լիակատար վերացում, ապա զգալի թուլացում..: ...Այդ հարցի կարգավորումը բացառապես Արևմուտքի, իսկ ավելի ճշգրիտ՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի ջանքերով, ինչպես փորձեցինք հիմնավորել, միանգամայն իրական է»։

Երկու տարի անց՝ սեպտեմբերի 17-ին, նա ասում է բոլորովին հակառակը. «Աֆղանստանը, Իսրայելը, Իրանը և տնտեսական ճգնաժամը այնպիսի ծանր բեռ են Արևմուտքի համար, որ նրան Ղարաբաղի և ընդհանրապես Այսրկովկասի մասին մտածելու տեղ չեն թողնում։ ...Ի տարբերություն Արևմուտքի, Ռուսաստանի համար Այսրկովկասը եղել և մնում է կենսական շահերի ոլորտ, և միամտություն է կարծել, թե նա երբևէ հրաժարվելու է այդ շահերը պաշտպանելու ուղեգծից։ ...Սա նշանակում է, որ Ղարաբաղյան հակամարտության, ինչու չէ, նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում։ Հետևաբար, անկախ իր նախապատվություններից, Հայաստանի ցանկացած իշխանություն կենսական այդ խնդիրների լուծումը պետք է որոնի տվյալ աշխարհաքաղաքական համատեքստում: ...Նշված նորագույն իրադարձությունների լույսի ներքո այլևս վերջնականապես ակնհայտ է դառնում, որ որքան էլ Ռուսաստանը համաձայն լինի Մինսկի խմբի կողմից մշակված սկզբունքներին ու ծրագրերին, նա ոչ մի դեպքում թույլ չի տալու միջազգային խաղաղարար ուժերի տեղակայումը հակամարտության գոտում, առավել ևս՝ չի հաշտվելու Այսրկովկասում ՆԱՏՕ-ի որևէ կարգի ներկայության փաստի հետ։»։

Հետաքրքրական կլիներ իմանալ' եթե Վաշինգտոնը կամ Եվրամիությունը սկսեն տարածաշրջանում հանդես գալ ավելի վճռական գորողծություննեով ու նախաձեռնություններով, ինչի նշաններն արդեն զգալի են, ի՞նչ «էվոլյուցիայի» է ենթարկվելու Տեր-Պետրոսյանի վերլուծական միտքը: Այս հանրահավաքի ժամանակ ՀԱԿ առաջնորդից ակնկալվում էր բացատրել նաև նման փոփոխական մոտեցումներ արտահայտելու պատճառը: Հակառակ դեպքում ստացվում է, թե ՀԱԿ-ը հեշտությամբ սկսում է սահել այն ուղղությամբ, որով այդ պահին փչում է քամին:

Հանրահավաքի շարքային մասնակիցը խորամուխ չի լինում այս ամենում, սակայն նրա մեջ չի կարող ինչ-որ պահի անորոշության զգացում չառաջանալ: Չի կարող հարց չառաջանալ, թե, օրինակ, ինչո՞ւ էր ընդամենը մեկ տարի առաջ 2008թ. նախագահական ընտրությունների մասին ԱՄՆ պետդեպի պաշտոնական գնահատականներում նշվող «նշանակալիորեն արատավոր» և «քվեարկության մասնակիցների չափազանց մեծ թիվ» արտահայտությունները որակվում որպես «ընդդիմության նկատմամբ Հայաստանի իշխանությունների սանձազերծած հրեշավոր հալածանքները խրախուսելու» միջոց, իսկ հիմա' ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնող բացահայտ ակնարկներ:

Ահա այս իրարամերժ մոտեցումները, մարտավարական տրյուկներն են, որոնք կանգնել են ՀԱԿ-ի կոկորդին:

Գևորգ Դարբինյան

Այս խորագրի վերջին նյութերը