Խմբագրական

26.09.2010 21:40


Առաջիկա քաղաքական զարգացումների շուրջ

Առաջիկա քաղաքական զարգացումների շուրջ

Չկայացած «թուրքմենբաշին»

Երբ 2007-ի սեպտեմբերին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց իր քաղաքական վերադարձի մասին՝ Սերժ Սարգսյանի թուրքմենբաշիական ծրագրերը վտանգվեցին։ Մինչև այդ ՀՀԿ «ճկուն» ղեկավարը հասցրել էր անապատի վերածել քաղաքական դաշտը՝ ԱԺ «ընտրությունների» արդյունքում բացարձակ մեծամասնություն վերցնելով և սպասվող նախագահական ընտրությունները վերածելով նախապես հայտնի ելքով միջոցառման, որի ժամանակ դժվար չէր լինելու, ասենք, 80 տոկոսանոց արդյունք  գրանցել և անցնել բացարձակ  միահեծան կառավարման։ Դրանից հետո Հայաստանում արդեն վերջնականապես կհաստատվեին   միջինասիական կամ ադրբեջանական կառավարման արժեհամակարգերին հարիր բարքերը, չնայած հիմա էլ այնպես ոչինչ (երկրի ղեկավարի ընտանիքի անդամները, բարեկամները և մերձավորները պետական պաշտոններ են զբաղեցնում, տնօրինում են խոշոր բիզնեսի այս կամ այն ճյուղերը կամ վերահսկում այնտեղ տիրող հարաբերությունները, սրանից ու նրանից բիզնես են խլում կամ առաջարկում են փայատեր դարձնել իրենց, դե, իսկ իշխանական շրջանակներում մոդայիկ են դարձել ֆինանսական կարողությունների չափորոշիչներով պայմանավորված ներքին ամուսնությունները, քավոր-սանիկային հարաբերույթունները և այլն)։

Ճիշտ է, խորհրդարանական ընտրություններից հետո կրկին ձևավորվեց իշխանական կոալիցիա, բայց դա տեղի ունեցավ այն պարզ պատճառով, որ նախագահի պաշտոնը դեռ զբաղեցնում էր Ռոբերտ Քոչարյանը, այլապես Սարգսյանին որ մնար՝ նա միանձնյա կառավարման կգնար։ Այսինքն՝ 2007-ից հետո ստեղծված կոալիցիան ժամանակավոր բնույթ ուներ և Սարգսյանի «Հայկական թուրքմենբաշի» դառնալուց հետո լուծարվելու էր։ Սակայն այդ ամենը տեղի չունեցավ։ Ս. Սարգսյանը դարձավ իր իսկ ագահության զոհը. քաղաքական դաշտի անապատացումը հնարավորություն տվեց վերակենդանանալ Տեր-Պետրոսյանին։ Նախագահական աթոռի համար ծավալվեց դաժան մրցակցություն, ինչը ստիպեց Սարգսյանին ապավինել Քոչարյանին, ու գոնե ձևականորեն պահել կոալիցիան։

2008-ի նախագահական «ընտրությունները» և դրան հաջորդած գործընթացները բերեցին այն բանին, որ Սարգսյանը միառժամանակ ձեռնպահ մնաց «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու և «յուրայիններին» լայնամասշտաբ կուլակաթափ անելու ծրագրերն իրականացնելուց, քանի որ առավելապես մտահոգված էր աթոռը պահելու խնդիրներով։ Հասկանալի է, որ նման իրավիճակում սեփականության խոշոր վերաբաշխումը դժվար էր լինելու գլուխ բերել և պետական մամլիչի տակ հայտնվեցին միայն փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները։

«ֆուտբոլային» դիվանագիտություն. չհաջողված պարտիա և համատարած պարտություններ

 Բացառապես մարտի 1-ի շնորհիվ Բաղրամյան 26-ում հայտնված Ս. Սարգսյանն իր աթոռային մրցակիցների ձեռքից գաղափարական դրոշը խլելու միջոցով փորձեց ամրապնդվել ու հաջողեց այդ գործում։ Լ. Տեր-Պետրոսյանը, ով նախագահական մրցապայքարի փուլում անհաշտ ախոյանի իմիջ ուներ, «Ֆուտբոլային» դիվանագիտության արդյունքում դարձավ սերժսարգսյանական քայլերի աջակիցն ու «նախաձեռնողականության» գաղափարական և հանրային աջակցության ֆոն ապահովողը։

ՀԱԿ առաջնորդի հաշվարկն այն էր, որ Սարգսյանի ձեռամբ հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական թնջուկը մեկ հարվածով կլուծվի, և դրանից հետո հնարավոր կլինի վերցնել իշխանությունը՝ կոկորդիլոսի արցունքներ թափելով և ազատված լինելով բոլոր ազգային խնդիրներից։ Իսկ Ս. Սարգսյանի հաշվարկն այն էր, որ Հայոց ցեղասպանության հարցը փաստացի առևտրի առարկա դարձնելով ու միաժամանակ խուսափելով Ղարաբաղի խնդրի լուծման անհրաժեշտությունից՝ հնարավոր կլինի կիսաքիրվայական քաղաքականությամբ բացել հայ-թուրքական սահմանը։ Նա ուզում էր արտաքին քաղաքական այդ ենթադրյալ «հաջողությունն» օգտագործելով՝ խաղից դուրս թողնել ներքին բոլոր հակառակորդներին ու վերջապես անցնել գործի՝ սեփականաշնորհելով իրեն իշխանության բերած կլանի ֆինանսատնտեսական ռեսուրսները։ Փաստորեն՝ Սերժ Սարգսյանը, հանուն իր աթոռի պահպանման ու նյութականի նկատմամբ ունեցած իռացիոնալ սիրո, պատրաստ էր (է) կոխկրտել ամենքին ու ամեն ինչ, միայն թե հասներ իր նպատակին։ Սակայն քիրվայականության վրա հույսները դրած երկու գործիչների  հաշվարկներն էլ սխալ դուրս եկան։ «Ֆուտբոլային» դիվանագիտությունը տապալվեց։ ՀՀ դիվանագիտությունը, կորուստներից բացի, ոչինչ չստացավ։

Այժմ և՛ Ս. Սարգսյանը, և՛ Լ. Տեր-Պետրոսյանը փորձում են տարանջատվել «ֆուտբոլային» դիվանագիտությունից՝ իբր թե կոշտացնելով իրենց դիրքորոշումները հայ-թուրքականի ու Ղարաբաղի մասով, բայց դրանք զուր ջանքեր են, քանի որ երկուսն էլ գաղափարական ու քաղաքական պարտություն են կրել ու համատեղ պատասխանատվություն են կրում «ֆուտբոլի» հետևանքների համար։ Նրանց այլ բան չէր մնում, քան ռուսների հետ ռազմաբազաների մասով 49-ամյա պայմանագիր կնքելն ու այդ ամենը ողջունելը, և այդպես էլ եղավ։ Ու արդեն կապ չունի, որ տերպետրոսյանական մամուլը և նրան աջակցող առանձին գործիչներ քննադատում են «ռսի ոտը», իսկ Սերժ Սարգսյանի մոլի պաշտպանները ջանք ու եռանդ չեն խնայում տարածելու, թե բա չեք ասի, Սերժը չուզելով է ստորագրել ռազմաբազայի «թուղթը»։ Դա նույնն է, թե թեթևաբարո կինը հայտարարի, թե ինքը հանգամանքների բերումով է փողոցում հայտնվել։ Ինչպես հայտնի է, ժողովուրդը փողոցայիններին միևնույն բնութագիրն է տալիս՝ հաշվի չառնելով «հանգամանքները»։

2012-ին ընդառաջ

Սպասելով ազգային աղետի և հույսը դնելով արտաքին ուժերի ճնշումների վրա՝ Լ. Տեր-Պետրոսյանը փաստացի գնաց տուն ու ընտրեց սպասելու մարտավարությունը։ ՀԱԿ առաջնորդը սեփական թիմակիցներին հուսադրում էր «Երկու-երեք ամսից Ղարաբաղը ծախած, պրծած կլինի, համբերե՛ք» թեմայով։   

Նկատենք, որ ՀԱԿ-ի տուն գնալու ժամանակաշրջանում Սարգսյանն, այո՛, կորուստներ կրեց ու է՛լ ավելի վարկաբեկվեց հանրության լայն շրջանակների մոտ, բայց, ինչպես որ ենթադրում էր Տեր-Պետրոսյանը, դա չհանգեցրեց ու չէր կարող հանգեցնել արտահերթ ընտրությունների և իշխանափոխության, և ահա թե ինչու։

Օգտվելով թուրք-ադրբեջանական կարճատես ու «կացնային» քաղաքականության ընձեռած հնարավորությունից՝ Սարգսյանը հետ պտտեցրեց «ֆուտբոլը» և լեղապատառ եղած մեր հարևանների աքցանի մեջ հայտնվելու հեռանկարից՝ հայ-ռուսական ռազմական համագործակցության պայմանագիրը երկարաձգեց ու բավարարեց ռուսների բոլոր պայմանները։ Արդյունքում՝ արտաքին քաղաքական դաշտում հիմա հարաբերական անդորր է, իսկ դա էլ իր հերթին համեմատաբար ուժեղացրել է ՀՀ գործող նախագահի դիրքերը ներքաղաքական դաշտում, քանի որ տիտղոսային ընդդիմության առաջնորդը իշխանափոխությունն ամբողջությամբ պայմանավորում էր (է) արտաքին անբարենպաստ զարգացումներով։ Ու քանի որ այժմ արտաքին դաշտում Ղարաբաղի ու Թուրքիայի հետ կապված զարգացումներ գործնականում չկան՝ Սարգսյանը կառավարում  է առանց ամբողջական ընդդիմության, քանի որ Տեր-Պետրոսյանը «ֆուտբոլիստից» ավելի քիրվա է ու հետևաբար՝ ժամանակավրեպ, ՀՅԴ-ն իր ներսում դեռ պետք է ինքնամաքրվի ու դրանից հետո նոր միայն կարողանա մտնել ակտիվ պայքարի մեջ, իսկ խորհրդարանական մեկ այլ ընդդիմադիր ուժ «Ժառանգությունը» առայժմ կայացման ճանապարհին է (Վուդրո Վիլսոնի գծած Հայաստան ու ԼՂՀ անկախությունն այսօր ճանաչել պահանջող ուժը անհասկանալի է, թե ինչպես էր 2008-ին սատարում Տեր-Պետրոսյանին, ով ճիշտ հակառակ տեսակետներն ուներ և ունի)։

Որքան էլ որ հիմա Տեր-Պետրոսյանը փորձի «կոշտացնել» իր դիրքորոշումը և Սերժ Սարգսյանին նախապայմաններ առաջարկել, միևնույն է նրա գնացքն արդեն վաղու՜ց գնացել է։ «Եղիազար Այնթապցու և էջմիածնական միաբանների» պատմությունը հիշելուց առաջ էր պետք կոշտացնելու մասին մտածել։ «Քաղաքակիրթ» ու պատմականորեն հիմնավորված գեղամյանության վերջը սա պետք է լիներ։ Գեղամյանությունը մնում է գեղամյանություն՝ իրականացվի այն Արտաշես Մամիկոնիչի կամ «հիմնադիրի» կողմից։ Ինչևէ։

Արձանագրենք, որ քաղաքական դաշտի ներկայիս փոխդասավորությունը լիովին ձեռնտու է Սերժ Սարգսյանին և նա կրկին սկսել է ձեռնամուխ լինել «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցմանը, ինչը ՀՀ անվտանգությանն ու ապագային սպառնացող թիվ մեկ վտանգն է։ Այսինքն՝ եթե 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ ու դրան հաջորդած մի քանի ամսում Տեր-Պետրոսյանը խոչընդոտում էր Սարգսյանին և լավագույնս կատարում թուրքմենբաշիզմ թույլ չտալու գործիքի դերը, ապա «ֆուտբոլային» դիվանագիտության մեկնարկից սկսած՝ ՀԱԿ առաջնորդը ճիշտ հակառակ՝ Ս. Սարգսյանի պահապան–«հրեշտակի»  ֆունկցիան է կատարում։

Արձանագրենք, որ տերպետրոսյանական ընդդիմությունը պարզապես գտածո է Սարգսյանի համար, և իշխանությունները հիմա նրանց բոլոր ռեսուրսներն (Տեր-Պետրոսյանից մինչև ընդդիմադիր համարում ունեցող մամուլը) օգտագործում են վերարտադրվելու համար։

Տեսե՛ք. Տեր-Պետրոսյանը և Սարգսյանը տարբեր մոտիվացիաներով շահագրգռված են, որպեսզի տիտղոսային ընդդիմության դաշտը զբաղեցնի ՀԱԿ-ը։ Իսկ դա միանշանակ ձեռնտու է Սարգսյանին։ «Հեզիկ-նազիկ» Տեր-Պետրոսյանը որևէ վտանգ չի ներկայացնում իրենից, իսկ դա հնարավորություն է տալիս Սարգսյանին պատերազմ հայտարարել «ոխերիմ գործընկերներին» ու վարչապետ Տիգրան Սարգսյանին որպես գործիք օգտագործելով՝ գնալ սեփականության վերաբաշխման, ինչպես նաև տերպետրոսյանական քարոզիչների շուրթերով պայքարել նոր ուժի ստեղծման գաղափարի դեմ՝ շատ լավ հասկանալով, որ միայն նոր ուժը կարող է լինել սարգսյանական իշխանության  և այս համակարգի գերեզմանափորը։ 

Եթե Սերժ Սարգսյանին հաջողվի կապիտալի նկատմամբ տոտալ վերահսկողություն հաստատել, ապա 2012-ի խորհրդարանական ընտրություններում նա կհավաքի բացարձակ մեծամասնություն և իրեն հավերժ շեյխ կհռչակի՝ անկախ իրենից սկիզբ դնելով Հայաստանի պետականության կործանմանը։

Ս. Սարգսյանի մարտավարական նպատակը շատ պարզ է։ Ունենալ բացարձակ մեծամասնություն ու միահեծան իշխանություն ձևավորել, կամ, եթե ՕԵԿ-ին հաջողվի հինգ տոկոս հավաքել, իսկ ՀՀԿ-ին չհաջողվի բացարձակ մեծամասնություն կազմել, ապա գնալ ՀՀԿ-ՕԵԿ կոալիցիա ստեղծելու ճանապարհով։ Այսինքն՝ ԱԽՔ-ը Սարգսյանի պահեստային տարբերակն է, և այդ նպատակով էլ այժմ «ընդդիմադիր» թերթերի միջոցով փչվում է Արթուր Բաղդասարյանի «փուչիկը», թե իբր նա ապագա ԱԺ նախագահն է դառնալու, որպեսզի նրանք, ովքեր գործուղվում են ՕԵԿ հա՛մ հավատան, որ ճիշտ են վարվել՝ լրիվ վարկաբեկված Բաղդասարյանի կողքը հայտնվելով, հա՛մ գտնվեն իշխանության վերահսկողության տակ, հա՛մ էլ չհայտնվեն ԲՀԿ-ի տիրույթում։

 Ակնհայտ է, որ ԱԺ առաջիկա ընտրություններում ՕԵԿ-ը չի հաղթահարելու 5 տոկոսանոց շեմը և կնքելու է իր քաղաքական մահկանացուն, բայց դա այնքան էլ չի հուզում Սարգսյանին։ ՕԵԿ-ի վրա այսօր խնդիր է դրված իր շուրջը հավաքել «թափառաշրջիկի» կարգավիճակ ունեցող կիսաօլիգարխիկ շրջանակներին ու հետո նրանց բոլորին փաթեթով «քցել»։ Այդ մեթոդը բազմիցս կիրառվել է Սարգսյանի կողմից։ Դա  «դաբրոների» տրման տխրահռչակ պրակտիկան է, երբ իշխանությունները բոլորին «այո» են ասում, որպեսզի նրանք այլ ճամբարներում չհայտնվեն։ Ոմանց «դաբրո» են տալիս մեծամասնական ընտրատարածքի համար, իսկ ոմանց էլ՝ կուսակցական ցուցակներ խցկելու տարբերակով։ Բոլորն էլ համոզված են լինում, որ հաղթելու են, բայց ԱԺ-ն «բեզռազմեռնի» չէ, և, հետևաբար «դաբրո» ստացածների մեծ մասը հայտնվում է կոտրած, այլ ոչ թե իշխանական  կերակրատաշտակի առջև։ Բայց քանի որ «քցվածների»   ունեցվածքն ու բիզնեսն այնքան էլ մաքուր չէ, ուստի՝ բողոքներ չեն լինում։  ՕԵԿ գործուղվողներին նման ճակատագիր է սպառնում։

Ինքնին հասկանալի է, որ Սարգսյանը շահագրգռված չէ ԲՀԿ-ի հաջողություններով և ձգտում է առավելագույնս խոչընդոտել Գագիկ Ծառուկյանի թիմին։ Գործի են դրվել քարոզչական հնարքներն ու նորաթուխ գեղամյանները, ովքեր «անկախ» պատգամավորի, «ընդդիմադիր» լրագրողի կամ «վերլուծաբանի» դիրքերից փորձելու են «հաճախորդի» իրենց ֆունկցիան կատարել։ Թե որքանո՞վ կկարողանա ԲՀԿ-ն պահել հարվածներն ու դառնալ դիմադրության կենտրոններից մեկը՝ ցույց կտան զարգացումները։ Մեկ բան պարզ է՝ խոշոր կապիտալը «ինդուլգենցիա» կարող է ստանալ  ու սեփական շահերը պահել միայն այն  դեպքում, երբ դեմքով շրջվի դեպի հասարակությունը և յուրօրինակ դաշինք կնքի փոքր ու միջին բիզնեսի հետ՝ դառնալով վերջիններիս շահերի արտահայտիչն ու հարկային արդար համակարգի ձևավորման նախաձեռնողներից մեկը։

ՀՀԿ առաջնորդի մյուս խնդիրն այն է, որ ՀԱԿ-ը մինչև հերթական ընտրություններ մնա ջրի երեսին, իսկ հետագայում ստանա մի քանի պատգամավորական տեղ ու սպասի «միաբան» դառնալու կամ լավագույն դեպքում «Արդարություն» դաշինքի ճակատագրին արժանանալու իր հերթին։

Ինչ-ինչ զարգացումների դեպքում, եթե Տեր-Պետրոսյանի գլխավորած թիմը դառնա խորհրդարանական ուժ, չի բացառվում նաև «Եղիազարի» ու «միաբանների» համագործակցությունը, բայց այդ մասին մեկ այլ առիթով։

Սարգսյանի երազած ԱԺ-ի նախատիպը Երևանի ավագանու մոդելն է, իսկ իշխանական պատգամավորական կազմը՝ «ուսյալ-կրթյալ» խունվեյբիններն ու մեծապատիվ մուրացկանի դերում հանդես եկող «մտավորականները»։ Դա հնարավորություն կտա Սարգսյանին ցանկացած տնտեսական օրենսդրություն հաշված րոպեների ընթացքում անցկացնել ու ապահովել իր ու իր խնամիափեսայաբարեկամական շրջանակների անսպառ ախորժակը։ Այդ ամենի նախադրյալները մենք արդեն իսկ տեսնում ենք տնտեսության տարբեր ոլորտներում ու հեռուստատեսային դաշտում։ Պատկերացնել կարելի է, թե ինչեր են սպասվում Հայաստանին Սարգսյանի ծրագրերի վերջնական իրագործումից հետո։ Արտագաղթի տեմպերը և կապիտալի արտահոսքը կհասնեն այնպիսի ահագնացող չափերի (եթե արդեն իսկ չեն հասել), որ ադրբեջանական բանակն առանց կրակոցի կմտնի Երևան։ Ու դա կլինի ոչ թե մեր հարևանի բանակի մարտունակության, այլ ՀՀ ապաշնորհ իշխանությունների քաղաքականության հետևանքով։

Դեռ ոչ մի պետության չի հաջողվել կանգուն մնալ այն դեպքում, երբ մասնավոր սեփականությանը պատերազմ է հայտարարվել, որքան էլ որ այդ պետությունը ռեսուրսաշատ լինի։ Շատ հեռու չգնալու համար բերեմ ՍՍՀՄ օրինակը։ Ռեսուրսների պակաս չէր զգում չարիքի այդ կայսրությունը, սակայն մասնավոր սեփականության ու ազատ ձեռներեցության արգելումը և, որպես հետևանք, կյանքի ցածր որակն ի համեմատ «Սառը» պատերազմի մյուս կողմը ներկայացնող Արևմուտքի, ի վերջո արժեզրկեցին այդ պետությունը ՍՍՀՄ քաղաքացիների մոտ և այն փլուզվեց։

 Հիմա, ցավոք, նույն ճանապարհը բռնել է Հայաստանը, բայց այն տարբերությամբ, որ մենք չունենք ՍՍՀՄ-ի ռեսուրսային հնարավորությունները և չենք կարող մեզ թույլ տալ նման կառավարման որակ ու արատավոր տնտեսաքաղաքական հարաբերություններ, որոնք Սարգսյանն ուզում է է՛լ ավելի հետադիմական դարձնել։ Նրա այդ ծրագրերը կարող է խափանել միայն ՀՀ ներքաղաքական կյանքի «ստատուս քվոյի» փոփոխությունը, իսկ դա էլ իր հերթին հնարավոր է միայն ընդդիմադիր դաշտի կառուցվածքային փոփոխության միջոցով։ Այլ խոսքերով՝ միայն ընդդիմադիր նոր ուժը կարող է իրավիճակը փոխել, խափանել սարգսյանական ծրագրերը, որոնց մասին խոսեցի վերևում, լայն ճակատ բացել իշխանական գիլդայի դեմ և օգտագործել նաև իշխանության ներսում առկա խուլ դժգոհությունները՝ ձևավորելով լայն կոնսոլիդացիա։ Տեր-Պետրոսյանն այդ կոնսոլիդացիոն ռեսուրսն ակնհայտորեն չունի, և, բացի այդ, Սարգսյանի դեմ գաղափարական պայքարի ելնելով հնարավոր չէ համախմբվել «Սարգսյան-2»-ի հետ։ Սերժին Լևոնով փոխարինելու գաղափարական ու քաղաքական իմաստը չեմ տեսնում։

Մենք ոչ թե անձի փոփոխությամբ ենք տեսնում ՀՀ զարգացումը, այլ՝ համակարգի։ Հետևաբար՝ քիրավայական գաղափարախոսության առաջամարտիկ և ավազակապետության հիմնադիր նախագահ Տեր-Պետրոսյանը չի կարող լինել համակարգային բարեփոխումների իրականացման ու երկրին անհրաժեշտ նոր Սահմանադրության ընդունման դրոշակակիրը։ Ուզում ենք, թե չենք ուզում՝ միայն ընդդիմադիր նոր ուժը և միայն  ազգային-դեմոկրատական փոփոխությունները կարող են Հայաստանը դարձնել որակապես նոր պետություն, ինչը հնարավորություն կտա դինամիկ զարգացում և անվտանգություն ապահովել։

Ժողովրդավարությունը, շուկայական տնտեսությունը և ազգային հարցերը նույն հարթության վրա են գտնվում ու կարիք չկա մեկը մյուսին հակադրել։ Այդ հակադրությունն է ծնում սուլթանատ, կոռուպցիա, ընտրակեղծիքներ,  այլ ոչ թե, ասենք, Ղարաբաղի չլուծված խնդիրը կամ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետապնդումը։ Ղարաբաղի խնդիրը կլուծվի, Հայաստանի բոլոր սահմանները կբացվեն ու մենք կդառնանք տարածաշրջանային լուրջ խաղացող, եթե ձերբազատվենք այդ մտացածին հակադրություններից ու նման մտածողություն ունեցող գործիչներից։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի կառուցել Նոր Հայաստան։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը