Քաղաքական

14.09.2015 10:55


ՀՀ մի շարք մարզերում անցկացված համայնքի ղեկավարի ընտրությունների նախնական արդյունքները

ՀՀ մի շարք մարզերում անցկացված համայնքի ղեկավարի ընտրությունների նախնական արդյունքները

Ինչպես հայտնել էինք, նախօրեին Արագածոտն,Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Սյունիք, Վայոց ձոր և Տավուշ մարզերի համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։

ԿԸՀ–ի ներկայացրած նախնական տվյալներով մասնավորապես, Արագածոտնի Ղազարավան համայնքում միակ թեկնածու, համայնքի գործող ղեկավար և ՀՀԿ–ական Հայկ Ասատրյանը ստացել է 225 ձայն։

Արմավիրի Նոր Կեսարիա համայնքում առաջադրված թեկնածուները երկուսն էին՝ Հրայր Գալստյան (համայնքի ղեկավար) և Վասիլ Խաչատրյան։ Երկուսն էլ ՀՀԿ–ական են։ Նրանցից Հրայր Գալստյանը ստացել է 574 ձայն, Վասիլ Խաչատրյանը՝ 264։

Տանձուտում միմյանց հետ մրցում էին երեք թեկնածու՝ Էդվարդ Անտոնյանը՝ 100 ձայն, Մխիթար Պետրոսյանը (համայնքի ղեկավար)՝ 545 ձայն և Ռուբեն Սեդրակյանը՝ 350 ձայն։ Նրանցից համայնքի գործող ղեկավարն է միայն ՀՀԿ–ական, մյուս երկուսն անկուսակցական են։

Գեղարքունիքում առաջադրվել են Մարատ Աղաջանյանը (ՀՀԿ)՝ 205 ձայն, Կարապետ Ասատրյանը (համայնքի ղեկավար, ՀՀԿ)՝ 473 ձայն և Նորիկ Հովհաննիսյանը (ՀՅԴ)՝ 54 ձայն։

Լճափում թեկնածուները երկուսն էին՝ անկուսակցական Կառլեն Հակոբյանը, ով ստացել է 238 ձայն, և համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ–ական Հայկ Սիմոնյանը։ Նրան իրենց ձայնը տվել են 304–ը։

Երկու թեկնածու էր նաև Լոռիի Անտառամուտ համայնքում՝ ՀՀԿ–ական Արայիկ Գևորգյանը՝ 124 ձայն, և անկուսակցական Սանդրո Գևորգյանը՝ 77 ձայն։

Եղեգնուտում թեկնածուներից մեկն ինքնաբացարկ էր հայտնել և ցուցակում մնացել էր մեկ թեկնածու՝ համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ–ական Միշա Հովհաննիսյանը։ Նրա օգտին քվեարկել է 205 մարդ։

Զառում երկու թեկնածուներն էլ անկուսակցական են՝ Մուրադ Բաբախանյան (համայնքի ղեկավար)՝ 316 քվե, և Լևոն Խաչատրյան՝ 464։

Մրգաշենում նույնպես մեկ թեկնածու էր՝ համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ–ական Արամայիս Արամյանը։ Նա ստացել է քվեներից 895–ը։

Ողջաբերդում միակ թեկնածուն համայնքի գործող ղեկավար, անկուսակցական Նորայր Մելքոնյանը ստացել է 241 ձայն։

Ֆանտանում առաջադրված երկու թեկնածուները ևս ինքնաբացարկ էին հայտնել և ցուցակում մնացել էր համայնքի գործող ղեկավար, անկուսակցական Նորայր Կարապետյանը։ Նրա օգտին քվեարկել է ընտրողներից 541–ը։

Շիրակի մարզի Մարալիկ համայնքում թեկնածուները երկուսն էին՝ ԲՀԿ–ական Արտակ Ավդալյանը՝ 1110 ձայն, և ՀՀԿ–ական, համայնքի գործող ղեկավար Արտակ Գևորգյանը՝ 1965։

Սյունիքի մարզի Արևիս համայնքում մեկ թեկնածու էր՝ համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ–ական Սասուն Սահակյանը՝ 31 ձայն։

Վայոց ձորի Գողթանիկ համայնքում ևս մեկ թեկնածու էր՝ համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ–ական Համբարձում Մանվելյանը՝ 87 ձայն։

Տավուշի մարզի Իջևանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում էին համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ–ական Վարդան Ղալումյանը և կրկին ՀՀԿ–ական Վարուժան Ներսիսյանը։ ԿԸՀ–ից տեղեկանում ենք, որ Վարդան Ղալումյանը հավաքել է 6240, իսկ Վարուժան Ներսիսյանը՝ 2032 քվե։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը