Քաղաքական

12.09.2015 13:47


«ՈՉ»-ի ճակատի հայտարարությունը. «Կասեցնել իշխող վարչախմբի վերարտադրությունը»

«ՈՉ»-ի ճակատի հայտարարությունը. «Կասեցնել իշխող վարչախմբի վերարտադրությունը»

Մենք՝ Հայաստանի քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները և քաղաքացիական նախաձեռնությունները,

հաշվի առնելով, որ սահմանադրական փոփոխություն նախաձեռնող իշխանությունները ձևավորվել են կեղծված ընտրությունների միջոցով և չկա հանրային վստահություն ոչ իշխանության, ոչ էլ նրա որևէ նախաձեռնության նկատմամբ,

արձանագրելով, որ Հայաստանում առկա խնդիրները պայմանավորված են ոչ թե սահմանադրության անկատարությամբ, այլ սահմանադրական նորմերի ոտնահարմամբ,

գիտակցելով, որ Սերժ Սարգսյանը և իր վարչախումբը խորհրդարանական համակարգին անցնելու քողի տակ ձեռնարկել են սահմանադրության փոփոխություն, որի հիմնական նպատակն է շրջանցել նախագահական պաշտոնավարման երրորդ ժամկետի սահմանադրական արգելքը և հավերժացնել իրենց իշխանությունը,

համարելով, որ քաղաքական մենաշնորհի հաստատման միջոցով երկրում սահմանադրության ուժով ստեղծվում է պարտոկրատիա և փորձ է արվում ոչնչացնել քաղաքական և հասարակական որևէ հակակշիռ,

նկատի ունենալով, որ նման հեռանկարը սպառնում է երկրի անվտանգությանն ու կայունությանը և վտանգում է Հայաստանի Հանրապետության՝ իբրև ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության կայացումը,

հայտարարում ենք, որ մեր առջև նպատակ ենք դնում կասեցնել սահմանադրական փոփոխության գործընթացը և իշխող վարչախմբի վերարտադրությունը: Այդ նպատակին հասնելու համար համախմբվում ենք որպես «ՈՉ»-ի ճակատ, նախաձեռնում ենք համաժողովրդական դիմադրություն և Հայաստանի քաղաքացիներին ու հասարակական-քաղաքական բոլոր միավորներին կոչ ենք անում միանալ երկրում ծավալվող պայքարին:

Այս խորագրի վերջին նյութերը